Մատչելիության հղումներ

Բաքուն ՌԴ խաղաղապահների ներկայությամբ շարունակում է ԼՂ հայությանը ցեղասպանության ենթարկելու քաղաքականությունը․ Փաշինյան


Կոռնիձորում՝ Լաչինի միջանցքի մուտքի մոտ սպասող հումանիտար բեռներով արդեն 32 բեռնատարներին հնարավորություն չի տրվել մուտք գործել Լեռնային Ղարաբաղ, այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով՝ Ադրբեջանը ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայությամբ շարունակում է Լեռնային Ղարաբաղի հայությանը սովահարության միջոցով ցեղասպանության ենթարկելու քաղաքականությունը։

Բաքվի քաղաքականության հիմնական նպատակն է՝ Լեռնային Ղարաբաղի տարածքն ազատել հայերից, ասաց գործադիրի ղեկավարը։

«Ինչպես նախկինում ասել եմ՝ Ադրբեջանը պլանավորում է հումանիտար ճգնաժամի ամենասուր հատվածում, կամ գուցե ավելի սուր հատվածում, միակողմանիորեն բացել Լաչինի միջանցքը, այսինքն՝ Լեռնայից Ղարաբաղից թույլատրել մարդկանց ելքը և թույլ չտալ վերադարձը», - ասաց Փաշինյանը՝ հայտարարելով՝ ցեղասպանության և հայրենազրկման այս քաղաքականությունը տեղի է ունենում 21-րդ դարում՝ միջազգային հանրության աչքի առաջ։

«Բաքուն բոլոր հնարավոր միջոցներով վիժեցնում է երկխոսության հնարավորությունը»

Վարչապետը վերահաստատեց՝ ստեղծված իրավիճակի ելքը տեսնում է միջազգային մեխանիզմի շրջանակներում՝ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով։

Միջազգային մեխանիզմը կենսականորեն անհրաժեշտ համարելով՝ վարչապետը նկատեց՝ հակառակ դեպքում Բաքուն բոլոր հնարավոր միջոցներով վիժեցնում է երկխոսության հնարավորությունը։

«Պետք է անհոգնել առաջ մղենք Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու գաղափարը»

Ըստ Փաշինյանի՝ պետք է շարունակել Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի վրա միջազգային ուշադրություն կենտրոնացնելուն ուղղված ջանքերն՝ առանցքում ունենալով ՄԱԿ-ի դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումները՝ պարտադրելու Ադրբեջանին ձեռնարկելու բոլոր միջոցները բացելու Լաչինի միջանցքը երկու ուղղություններով։

«Այս որոշման բացահայտ արհամարհումը Ադրբեջանի կողմից այդ երկրի հայրենազրկման քաղաքականության բացահայտ դրսևորում է», - ասաց Փաշինյանը՝ եզրափակելով․ - «Մենք պետք է անհոգնել առաջ մղենք Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու գաղափարը, որովհետև հատկապես հիմա դա բացարձակ անհրաժեշտություն է։

Առաջնային խնդիրը, սակայն, ինչպես վարչապետն ասաց, մնում է Լեռնային Ղարաբաղ րոպե առաջ հրատապ հումանիտար բեռների հասցեագրումը և նրանց մուտքի հնարավորության ապահովումը։

Ֆրանսիայի ուղարկած 10 բեռնատարներով հումանիտար օգնությունն երեկ Երևանից հասավ Հակարիի կամրջի մոտ ու արժանացավ նույն ճակատագրին, ինչ Հայաստանի կառավարության բեռը, որ նույն այդ հատվածում է հուլիսի 26-ից։ Փարիզի, Ստրասբուրգի ու ֆրանսիական մի քանի այլ խոշոր քաղաքների ուղարկած հումանիտար շարասյունն ուղեկցում էր Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։ Նա ցեղասպանություն և էթնիկ զտում որակեց Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ իրականացվող քաղաքականությունը։

Ադրբեջանն արդեն 8 ամիս է փակել է Լաչինի միջանցքը, այս տարվա հունիսի 15-ից էլ արգելափակել է դեպի Արցախ հումանիտար բեռների մուտքը՝ ո՛չ դեղորայք, ո՛չ սնունդ, ո՛չ վառելիք չի մտնում Լեռնային Ղարաբաղ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG