Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղում շարունակվում է 120 հազար հայերի ցեղասպանությունը․ Օկամպո


Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազ, Global Practice Hub-ի հիմնադիր, արգենտինացի փաստաբան Լուիս Մորենո Օկամպոն երեկ հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած ծանրագույն կացության մասին:

Հայտարարության վերնագիրն է՝ «Հայոց ցեղասպանությունը 2023թ»:

Նա գրել է, որ Լեռնային Ղարաբաղում, որը հայտնի է նաև որպես Արցախ, շարունակվում է 120 հազար հայերի ցեղասպանությունը:

Վկայակոչելով Ցեղասպանության մասին միջազգային կոնվենցիայի II հոդվածի «c» կետը՝ Օկամպոն նշում է՝ սննդամթերքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ պարագաների մատակարարման խոչընդոտումը զանգվածային ֆիզիկական ոչնչացման համար միտումնավոր ստեղծված պայման է և համարվում է ցեղասպանություն:

«Չկան դիակիզարաններ, չկան սրերով հարձակումներ։ Սովն է այդ ցեղասպանության անտեսանելի զենքը: Եթե կացության անհապաղ դրամատիկ փոփոխություն չլինի՝ հայերի այդ խումբը շաբաթների ընթացքում կկոտորվի», - զեկույցում նշել է Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազը՝ թվարկելով՝ սովը, որպես մարդկանց ոչնչացնելու միջոց,1915-ին կիրառվել է հայերի, 1939-ին՝ հրեաների և լեհերի, 1941-ին՝ Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) բնակիչների, 1975-76 թվականներին՝ կամբոջացիների և 1993-94 թվականների ձմռանը Սրեբրենիցայի բնակիչների նկատմամբ։

Վերլուծելով Սրեբրենիցայի գործը՝ արդարադատության միջազգային դատարանը վճռել է, որ «սննդից, բժշկական օգնությունից, կացարանից կամ հագուստից զրկելը ցեղասպանություն է»: Ցեղասպանության մասին կոնվենցիայի II հոդվածի «c» կետի իմաստն այն է, որ Ցեղասպանության կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավորվում են այն կանխել և պատժել մեղավորներին: Արդարադատության միջազգային դատարանը որոշել է, որ մասնակից պետությունները չպետք է սպասեն մինչև սկսվի Ցեղասպանության իրականացումը: Այդ հոդվածի նշված կետի ամբողջ իմաստն արարքի կատարումը կանխելն է կամ կանխելու փորձ անելը, նշել է փաստաբանը:

«Կան ողջամիտ հիմքեր ենթադրելու, որ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի հանդեպ 2023 թվականին Ցեղասպանություն է իրականացվում», - գրել է Օկամպոն՝ շեշտելով՝ Արդարադատության միջազգային դատարանը, Հայաստանի պահանջով, արդեն վերլուծել է Լաչինի միջանցքի շրջափակումը։

«Դատարանը շեշտը դրել է ենթադրյալ պետության պատասխանատվության վրա: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միտումնավոր արգելափակել է պարենով և անհրաժեշտ այլ պարագաներով Լեռնային Ղարաբաղի հայերի մատակարարումը: Նա հրապարակավ չի ընդունել Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների, բեռների անարգել տեղաշարժն ապահովելու Միջազգային դատարանի հատուկ հրամանները: Արդարադատության միջազգային դատարանը նրան նախազգուշացրել է, որ Լաչինի միջանցքի փակումը հայերի առողջությանը և կյանքին սպառնացող իրական և անմիջական վտանգ է», - եզրակացությունում գրել է Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազը:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էր հուլիսի 29-ին նամակ հղել Օկամպոյին՝ փորձագիտական կարծիք խնդրելով, թե արդյոք Արցախի խորացող շրջափակումը համապատասխանում է ցեղասպանության հանցագործությանը: Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազն էլ խոստացել էր վերլուծել ու եզրակացություն ներկայացնել։

«Կարո՞ղ է Միջազգային քրեական դատարանը հետաքննություն սկսել Իլհամ Ալիևի վերաբերյալ»

Նախագահ Ալիևի հրապարակային հայտարարությունն այն մասին, որ շրջափակումը կազմակերպվել է ի պատասխան Լաչինի միջանցքով հանքանյութերի և/կամ iphone-ների մաքսանենգության, կոչված է շեղելու ուշադրությունն այդ հարցից, նաև հայտարարել է Օկամպոն՝ շեշտելով՝ մաքսանենգության գործողությունները պետք է պատշաճ կերպով հետաքննվեն, բայց դրանք չեն արդարացնում Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր պահանջի անտեսումը կամ ցեղասպանական գործողության կատարումը:

Արգենտինացի փաստաբանը հարց է տալիս՝ «կարո՞ղ է Միջազգային քրեական դատարանը հետաքննություն սկսել Իլհամ Ալիևի վերաբերյալ», ապա մեկնաբանում՝ «Ցեղասպանության մասին կոնվենցիայի IV հոդվածը սահմանում է, որ ցեղասպանություն կատարող անձինք պետք է պատժվեն, նույնիսկ եթե նրանք սահմանադրորեն ճանաչված կառավարիչներ են»։

«Բայց չկա անկախ քրեական արդարադատության համակարգ, որը պատրաստ է հետաքննել Ալիևի այդ ենթադրյալ հանցագործությունը: Նախագահ Ալիևը չի կարող հետաքննվել որևէ օտարերկրյա պետական իշխանության կողմից, քանի որ, իբրև պետության ղեկավար, անձեռնմխելիություն ունի: Միջազգային քրեական դատարանը տրամադրում է իրավասություն, որով անձեռնմխելիությունը չի գործում», - գրել է փաստաբանը։

Ըստ նրա՝ կա Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղում հանցագործությունները քննելու երեք ճանապարհ: Առաջին՝ Ադրբեջանը միանում է Հռոմի ստատուտին, երկրորդ՝ Ադրբեջանը ճանաչում է իր տարածքում Միջազգային քրեական դատարանի իրավասությունը, երրորդ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննում է 2022 թվականի դեկտեմբերից հետո Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում ստեղված իրավիճակը:

Օկամպոն նկատում է՝ Ադրբեջանը Հռոմի ստատուտին չի միացել և չի ճանաչում Միջազգային քրեական դատարանի իրավասությունը, հետևաբար, անհրաժեշտ է Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև, որով հարցը կփոխանցվի ՄՔԴ-ին, նման նախադեպեր կան:

«2005 թվականի մարտին ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունել է թիվ 1395 բանաձևը Դարֆուրում (Սուդան) ստեղծված վիճակի մասին: Հինգ տարի անց նախագահ Օմար ալ-բաշիրին Դարֆուրում ցեղասպանություն կատարելու մեղադրանք է ներկայացվել: 2011 թվականի փետրվարին ՄԱԿ-ի ԱԽ-ն Միջազգային քրեական դատարանին է հանձնարարել Լիբիայում ստեծված կացության քննարկումը: Նույն տարվա հունիսին Միջազգային քրեական դատարանը պատերազմի և մարդկության դեմ հանցանքների մեղադրանքով նախագահ Մուամար Քադաֆիին ձերբակալելու հրամանագիր է արձակել», - նշել է փաստաբանը՝ հայտարարելով՝ Միջազգային քրեական դատարանի իրավասությունը փոխանցելու՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևը պետք է իրագործելի լինի։

«Ալիևը և միջազգային հանրությունն ունեն այս Ցեղասպանությունը կանխելու բացառիկ հնարավորություն»

Ցեղասպանության կոնվենցիան ճանաչած երկրները պարտավոր են կանխել ցեղասպանությունները, հայտարարել է Օկամպոն՝ ընդգծելով՝ ՄԱԿ-ի ԱԽ այսօրվա 15 անդմաներից 14-ը միացել են այդ կոնվենցիային, հետևաբար, գերիշխող մեծամասնություն ունեն:

Ըստ փաստաբանի՝ Ֆրանսիան դեռ 2013 թվականին է առաջարկել, որ ՄԱԿ-ի ԱԽ հինգ մշտական անդամները կամավոր և հավաքական եղանակով հրաժարվեն վետո սահմանելու իրավունքից ցեղասպանությունների և զանգվածային ուրիշ վայրագությունների դեպքերում:

Արգենտինացի փաստաբանը նաև անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի հայության վերջնական ոչնչացումը կանխելու հնարավորությանը: Նրա համոզմամբ, նախագահ Ալիևը և միջազգային հանրությունն ունեն այս Ցեղասպանությունը կանխելու բացառիկ հնարավորություն:

«Կանխումը կպահանջի հրատապ քաղաքական որոշումների ընդունում՝ ա) դադարեցնել շրջափակումը և մեկ կամ երկու շաբաթվա ընթացքում վերականգնել Լեռնային Ղարաբաղին առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը, բ) կայացնել վիճելի տարածքային խնդիրների ինստիտուցիոնալ լուծումներ մինչև 2025 թվականի մայիս, քանի որ այդ ժամանակ Ադրբեջանը կարող է պահանջել Ռուսաստանից դուրս բերել խաղաղապահ զորախումբը», - հայտարարել է Օկամպոն:

Միջազգային մակարդակում չկան այնպիսի կենտրոնական ատյաններ, որոնք կընդունեն այդ անհետաձգելի որոշումները: Միջազգային քրեական դատարանի՝ Ցեղասպանության մասին կոնկրետ որոշումը, խելամիտ պատժամիջոցները և դիվանագիտական դասական այլ քայլեր պահանջված չափով արագ և հզոր չեն լինի: Կարճաժամկետ հեռանկարում, որը վճռական նշանակություն ունի սովի մատնելով ցեղասպանության կատարումը դադարեցնելու համար, դրա պարտավորւթյունը կպայմանավորվի բացառապես այդ հակամարտությունում ներգրավված կողմերի շահերով:

1994 թվականի ապրիլին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների մեծ մասը հրաժարվեց «Ցեղասպանություն» ճանաչել այն, ինչ տեղի էր ունենում Ռուանդայում։ Բանավեճի ընթացքում Չեխիայի դեսպանը, խոսելով նոր հրադադարի հասնելու բանակցությունների վրա անվերջ շեշտը դնելու փորձերի մասին, ասել է, թե դա նման է այն բանին, որ հրեաներին կոչ անեին խաղաղություն կնքել Հիտլերի հետ: Սամանթա Փաուերն իր հեղիկակած A Problem from Hell: America and the Age of Genocide (Խնդիր դժոխքից. Ամերիկան և ցեղասպանության դարաշրջանը) գրքում բացատրում է արտասահմանում քաղաքացու վճռական դերը Ցեղասպանության վերաբերյալ ազգային լիդերների հետաքրքրությունը փոխակերպելու գործում:

«Հայոց սփյուռքը կարող է նվազեցնել Ձախողումը, որն առաջացել է միջազգային իրավակարգի ճարտարապետության թերությունների հետևանքով: Դրսի հայերը պետք է ամբողջ աշխարհում հավաքագրվեն ազգային լիդերներին իրենց ձայնը հասցնելու և գործնական լուծումներ առաջ տանելու համար»:

Ռուսաստանը, որը պատասխանատու է Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման համար, և ԱՄՆ-ն, նպաստելով Հայաստանի և Ադրբեջանի ընթացիկ բանակցություններին, ինչպես նաև Եվրամիության երկրները, հանդիսանում են պետություններ, որոնք միացել են Ցեղասպանության կոնվենցիային: Ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված նրանց թեժ դիմակայությունը չպետք է հայերին վերածի «կողմնակի զոհերի»: Հնարավո՞ր է օգնել Եվրոպայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդներին հասնել մի ընդհանուր համաձայնության, որը կդադարեցնի հայերի շարունակվող ցեղասպանությունը: Եթե նրանք համաձայնություն ձեռք բերեն, սնունդը մեկ օրում կհասնի Լեռնային Ղարաբաղ:

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը միջազգային հանրությանն ընձեռում է ցեղասպանության կանխման նորարարական և համերաշխ լուծում մշակելու հնարավորություն: Հռոմի ստատուտի 16-րդ հոդվածով քրեական հետաքննությունն, ի վերջո, կարող է դադարեցվել ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից՝ վերջնական և արդար լուծում գտնելու համար:

Նախագահ Ալիևը մեկ անգամ հարցրել է. «Ինչո՞ւ Իսպանիան թույլ չի տալիս Կատալոնիային հանրաքվե անցկացնել, ինչո՞ւ մենք պետք է անջատականություն հանդուրժենք»:

Պատասխանն ինքնորոշման բարդ հարցին շատ պարզ է՝ Իսպանիան իր անջատականների նկատմամբ ցեղասպանական գործուղություններ չի կատարում:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG