Մատչելիության հղումներ

«Սոված կմեռնենք, Աղդամից հաց չենք վերցնի», ասում է արցախցի բազմազավակ ընտանիքի հայրը


Մարտակերտի Շահմասուր գյուղում ապրող Արթուր Ստեփանյանը 11 երեխաների հայր է։ Արցախի պաշարման ամենամեծ բարդությունը նրա համար շաքարային դիաբետով որդու խնամքն է. նրա համար են վախենում, ասում է։

«Անընդհատ բարձրանում է, իջնում է։ Որ իջնում է, վապշե չգիտենք՝ ինչ անենք, որ բարձրանում է, ինսուլին ենք տալիս, իջնում է», - ասում է նա։

Երբ երեխայի արյան մեջ շաքարի մակարդակն իջնում է՝ չգիտեն՝ ինչ անեն, քաղցրավենիք չունեն արդեն չի հիշում երբվանից, վերջում մուրաբաներն էին։ Ձեթի պակասը խոզի ճարպով են լրացնում, որ հատուկ սննդակարգով ապրող երեխային չի կարելի։ Բայց այլ տարբերակ չկա, Արթուրն այնուամենայնիվ չի դժգոհում՝ գյուղում են ապրում, այգի ունեն, միս կա։ Մի բան ուտո՞ւմ են Ստեփանակերտի երեխաները, անհանգստանում է 11 երեխաների հայրը. - «Մենք հլը գյուղում յոլա ենք տանում, կարտոլ ունենք, հավ ենք մորթում, երախաներին տալիս, բայց Ստեփանակերտի դրությունը լավ չի»։


Ստեփանակերտում նույնիսկ երեխաներն են գիշերները լուսացնում հացի փռերի առջև։ Խանութները դատարկ են, հունիսի 15-ից ոչ մի ապրանք Արցախ չի մտել։

«Կոտրեք որոշում կայացնողների դռները, որ բացվի Լաչինի միջանցքը». Հակարիի կամրջի այս կողմում՝ Կոռնիձորում այսօր երեխաների պաշտպանության հարցերով զբաղվող միջազգային ու հայաստանյան մի շարք կազմակերպություններ էին։ Սոցապ փոխնախարարի ուղեկցությամբ եկել էին տեսնելու, թե ինչպես է 370 տոննա սնունդն ու դեղորայքը՝ հումանիտար բեռը Հայաստանից, կանգնած մնացել Արցախի սահմանին։

«Չիի կարող օրը ցերեկով աշխարհի աչքի առջև 30 հազար երեխա սովի մատնվել, երբ աշխարհը լիքն է ուտելիքով։ Երկրորդը՝ Արցախի երեխաները նույն երեխաներն են, ինչպես աշխարհի ցանկացած երեխա և ունեն նույն իրավունքները, հնարավորությունները, պետք է մեծերը տան այդ հնարավորությունը երեխաներին», - ասաց ՀՕՖ-ի երեխաների պաշտպանության կենտրոնի տնօրեն Միրա Անտոնյանը՝ շեշտելով՝ երեխաների իրավունքներով զբաղվող մասնագետները միավորված են տարբեր միջազգային հարթակներում, իսկ Արցախում պատժվում են երեխաները միայն այն բանի համար, որ հայ են։

Նա Բաքվի իր կոլեգաներին է դիմում. - «Հարգելի՛ մարդկանց օգնող ադրբեջանցի մասնագետներ, հոգեբաննե՛ր, սոցիալական աշխատողնե՛ր, բժիշկնե՛ր, դուք ո՞նց եք կարողանում քնել։ Մի հարց ունեմ ձեզ՝ դուք կարողանո՞ւմ եք քնել, և եթե ձեզ հաջողվում է քնել, ուրեմն իմացեք, որ որպես մասնագետ դուք արդեն չկաք»։

Դեռ հույս ունի, որ Ադրբեջանում պահպանվել է այն տեսակը, որ Բաքվի, Սումգայիթի ջարդերի ժամանակ փրկեց իր հայ հարևանին։ Սա ցեղասպանական գործողություն է, ասում է Երեխաների պաշտպանության ցանցը ղեկավարող Քնարիկ Գարամֆիլյանը։ People in need միջազգային կազմակերպությունից Էմանյուել Մացկովան տագնապում է՝ միջանցքի փակ մնալը կարող է աղետի վերածվել, շեշտում է՝ մարդիկ կմահանան, այս ամենը պիտի կանգ առնի և հիմա։

10 օր է՝ հումանիտար բեռները շարված մնացել են Կոռնիձորում՝ անցակետի մոտ։ Երբեմն-երբեմն այստեղ են շտապում դիվանագետներ, ՄԱԿ-ի գրասենյակից ներկայացուցիչներ։ Անցակետը մնում է փակ, բեռները՝ տեղում, միակ փոփոխությունն այն է, որ այս ամենին զուգահեռ Ադրբեջանն ամեն անգամ թարմացնում է Աղդամով արցախցիների քաղցը հագեցնելու առաջարկը։

«Սոված կմեռնենք, Աղդամից հաց չենք վերցնի», -իր 13 հոգանոց ընտանիքի անունից ասում է Արթուր Ստեփանյանը Մարտակերտի Շահմասուր գյուղից։


XS
SM
MD
LG