«Ադրբեջանն ուզում է հրաժարվել եռակողմ հայտարարությունից»
Ադրբեջանն ուզում է հրաժարվել եռակողմ՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունից և շարունակել պատերազմը, այսօր Արցախի Հանրային ՀԸ տված հարցազրույցում ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Սա արդեն պատերազմ է, պատերազմի շարունակություն պաշարման միջոցով»,-շեշտել է նա. - «Ադրբեջանը շարունակում է իր ճնշումներրը՝ առավելագույնը կորզելու։ Մենք պետք է ֆիքսենք, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայերին ինչ-որ տեղ նաև պատանդի կարգավիճակով պահելու ցանկություն ունի՝ զուգահեռ իրականացնելով ցեղասպանություն և ճնշում գործադրել Հայաստանի իշխանությունների և միջազգային դերակատարների վրա Զանգեզուրի ճանապարհի առավել արտոնյալ տարբերակ ունենալու առումով»։
«Զանգեզուրի միջանցքի» մասին և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի իշխանությունները շարունակաբար հայտարարում են անգամ հայկական կողմի բազմաթիվ մերժումներից հետո։
«Իրավիճակն Արցախում վաղուց արդեն անցել է հումանիտար աղետ հասկացողության սահմանը»
Իրավիճակն Արցախում վաղուց արդեն անցել է հումանիտար աղետ հասկացողության սահմանն, և այսօր «Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության ականատեսն ենք», «Արցախպրես»-ի հաղորդմամբ` Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է նախագահ Արայիկ Հարությունյանը։
Արայիկ Հարությունյանը հուլիսի 29-ին նամակ է հղել միջազգային իրավունքի առաջատար մասնագետ, Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օքամփոյին՝ փորձագիտական կարծիք խնդրելով, թե արդյոք Արցախի խորացող շրջափակումը համապատասխանում է ցեղասպանության հանցագործությանը:
Աղդամով բեռներ տեղափոխելու առաջարկի մասին
Հումանիտար աղետի մասին Ստեփանակերտի մեղադրանքներին ի պատասխան Բաքուն առաջարկում է բեռները լիովին շրջափակված Արցախ հասցնել Աղդամի ճանապարհով։
Ո՞րն է այդ առաջարկին դեմ լինելու պատճառը, մեկնաբանելով հարցը՝ Հարությունյանը, ըստ էության, կրկին մերժել է այն, նախ նկատելով, որ այս աղետը հենց Ադրբեջանի իրականացրած քաղաքականության արդյունք է։
«Մենք դրա համար ենք ասում՝ մենք համակենտրոնացման ճամբար ենք, որովհետև այդ ճամբարում այդպես է լինում՝ դարձնում են ճամբար, հետո սկսում են տրամադրել այն, ինչ նպատակահարմար են գտնում ու ինչքան նպատահարմար են գտնում։ Մենք նաև պետք է հաշվի առնենք Լաչինի միջանցքի կարևորված լինելը միջազգային հանրության կողմից։
Ցանկացած առաջարկ, որ ուղղված է մեզ, պետք է առաջին հերթի հարգի մեր արժանապատվությունը, լինի մեր արժանապատվության շրջանակներում և լինի մարդասիրական միջազգային նորմերի համապատասխան», - ասել է նա՝ հավելելով, որ ցանկացած կարևոր կենսական նշանակություն ունեցող որոշման համար պետք է լինի կոնսենսուս՝ արտահայտող ժողովրդի տրամադրությունները։
Հարությունյանը հաստատեց, որ Բաքուն հրաժարվել է Ստեփանակերտի հետ հանդիպումից
Նա համաձայնել է դիտարկման հետ, որ կարծես թե լուռ համաձայնություն կամ որոշում կա, որն ուզում են բոլորը պարտադրել Ստեփանակերտին. - «Կարծես, կա լուռ համաձայնություն, որ Ադրբեջանի հետ մեզ թողնեն մեն-մենակ, և Ադրբեջանն օգտագործի ճնշման մեթոդը... սա արդեն ճնշում չէ, մենք գտնվում ենք այն կարգավիճակում, որ ցեղասպանության եզրին ենք։ Դա երկխոսություն անվանել չի կարելի, ընդամենը մեզ դրդում են ընդունել Ադրբեջանի պահանջները, որ միանշանակ մեզ համար անընդունելի են»։
Արցախը շարունակելու է իր պայքարը, հավաստիացրել է նա։ Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ կոնկրետ առաջարկներով դիմելու է միջազգային դերակատարներին մոտ օրերս. - «Ցանկացած երկխոսություն, հանդիպում պետք է առաջին հերթին իրավահավասարության, արժանապատվության և իրավունքների շրջանակներում լինի։ Այդ երեք սկզբունքները խախտված են, դրա համար ցանկացած հանդիպում չի կարող լինել երկխոսություն: Մենք շարունակելու ենք մեր պայքարը, պնդելով միջազգային հանրությանը՝ հարգելու մեր իրավունքները և այդ առումով դեռ կա լուրջ գործիքակազմ»։
Արցախի ղեկավարը հաստատել է լուրերը, որ Արևմուտքի միջնորդությամբ Ստեփանակերտ-Բաքու ևս մեկ հանդիպում է ձախողվել, որը պետք է տեղի ունենար օգոստոսի 1-ին Բրատիսլավայում։ Ադրբեջանը հրաժարվել է այդ հանդիպումից, պնդել է Հարությունյանը։
Արդյոք կարելի՞ է բանակցություններ կամ երկխոսություն անվանել նախկինում ռուս խաղաղապահների միջնորդությամբ Բաքվի ներկայացուցիչների հետ հանդիպումը. ըստ նախագահ Հարությունյանի՝ ադրբեջանական կողմի հետ եղել է երկխոսությունը, երբ հարգվել է իրենց արժանապատվությունը։ Միաժամանակ, ընդգծեց, որ այդ հանդիպումներին էլ սոցիալական և ենթակառուցվածքային բնույթ են կրել։
«Կար երկխոսություն, արդյունք էլ կար, բայց սկսած դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փոխել է իր վարքագիծը՝ ուղղակի երկխոսությունը և հարգանքի մթնոլորտում զրույցները տեղափոխել է ճնշման, այսօր արդեն նաև ցեղասպանության եզրին կանգնած իրավիճակ: Դրա համար նախկինը չի կարելի համեմատել այսօրվա հետ», - պարզաբանել է նա։
«Վագիֆ Խաչատրյանի ճակատագիրը մեզ համար շատ կարևոր է»
Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը, կարծես, վերահսկելի է, հայտնել է Հարությունյանը՝ նշելով, որ տեղեկությունները փորձում են ստանալ ռուս խաղաղապահներից, Կարմիր խաչից, ում միջնորդությամբ ու ուղեկցությամբ Արցախի 68-ամյա քաղաքացին տեղափոխվում էր Հայաստան բուժվելու նպատակով։ Ադրբեջանը նրան մի շարք հանցանքներ է վերագրել։
«Մի մարդ, որը որևէ կապ չունի ռազմական գործողությունների հետ, առևանգվում և ներկայացվում է որպես ցեղասպանություն իրականացնող անձ, ապա պարզ է, որ Ադրբեջանի քաղաքականությունը հետագայում այդպիսին է լինելու, ու Արցախի ցանկացած քաղաքացու կյանք վտանգված է: Եթե նրանք կարողանում են մեղադրանք առաջադրել Վագիֆ Խաչատրյանին, ապա Արցախի ցանկացած քաղաքացու այդ նույն մեղադրանքը կարող են առաջադրել»,-ասել է նա՝ շարունակելով. - «Վագիֆ Խաչատրյանի ճակատագիրը մեզ համար շատ կարևոր է, և հետագա մեր բոլոր շփումներում, մեր քայլերում մենք հիմք ենք ընդունելու, այսինքն՝ Ադրբեջանի պահվածքը նրա նկատմամբ հենց այն ցուցիչն է լինելու, թե ինչպես են փորձում հետագայում վարվել մնացածի նկատմամբ»։
Երկուսն էլ իրականությանը մոտ են. ՀՀ-ի ու ՌԴ-ի փոխադարձ մեղադրանքների մասին
Դեկտեմբերից շրջափակման մեջ գտնվող Արցախի նախագահը, խոսելով միջազգային արձագանքների մասին, անարդյունավետ է համարել Ադրբեջանի կողմից Արցախում հումանիտար աղետ ստեղծելու և ցեղասպանական քաղաքականություն վարելու ահազանգերը։
«Կարծես, ամեն տեղ քննարկվել է, բարձրացվել է խնդիրը, կարծես ֆիքսել են ամեն տեղ, որ վիճակն օր օրի ավելի է վատթարանում, բայց արդյունքները, նորից եմ կրկնում, զրոյական են»,- հավելել է Հարությունյանը:
«Ամենագլխավոր կետը, որը Լաչինի միջանցքն է, ռուսական խաղաղապահների կողմից չի կատարվում: Ես բազմաթիվ նամակներ եմ ուղղել Ռուսաստանի ղեկավարությանը, նախագահին, խնդրանքներ, կոչեր, բայց ունենք այն, ինչ ունենք: Սա հետևանք է ռուս-ուկրաինական պատերազմի», - ասել է նա, ապա շարունակելով շեշտել, թե տեսնում են տարատեսակ քննարկումներ, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականության բլոկը մեղադրում է Հայաստանի իշխանություններին, կոնկրետ վարչապետին, որ դա հետևանք է վարչապետի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման, իսկ Հայաստանը մեղադրում է Ռուսաստանին, որ դա եռակողմ հայտարարության պարտավորություններից մեկն է, որը անկախ իրավիճակից Ռուսաստանը պետք է կատարի:
«Երկուսն էլ իրականությանը մոտ են, բայց կա երրորդը, որի մասին չի խոսվում այսօր: Դա նաև այն փակուղին է, որ առաջացել է Հայաստան-Ադրբեջան ենթակառուցվածքների վերագործարկման կամ նորերի կառուցման առումով, որը Ադրբեջանն օգտագործում ու շարունակում է ճնշումը Արցախի ժողովրդի նկատմամբ»,- հայտարարել է նա:
Արցախի նախագահն արձագանքում է երթուղին փոխելու վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը
Արայիկ Հարությունյանի փոխանցմամբ՝ ժամկետի առումով բանակցություններ են եղել, որ պետք է լրացուցիչ համաձայնագիր ստորագրվեր, բայց չի ստորագրվել։ Նրա խոսքով՝ ինքն ունի ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի նամակը, որ օգոստոսի 5-ին ռուս խաղաղապահները ստիպված են լինելու թողնել նախկին ճանապարհը և տեղափոխել իրենց հենակետերը նոր երթուղի:
«Դա ԼՂԻՄ-ի տարածքում էր: Ընդամենը մեր խնդիրն է եղել փրկել մեր հայրենակիցների կյանքը, խնդրել ենք 20 օր հետաձգել և այդ 20 օրվա ընթացքում մեր հայրենակիցների տեղահանումն ենք կազմակերպել: Երթուղու փոփոխությունը ստորագրվել է երեք ղեկավարներից կողմից, այսինքն՝ մենք չենք ստորագրել երթուղու փոփոխությունը, և այս շրջափակումը չկապենք երթուղու փոփոխության հետ»:
«Մենք անառակ զավակ չենք»
«Ես պատրաստ եմ ցանկացած հաշվետվություն և գործունեություն թափանցիկ ներկայացնել», - արձագանքելով Երևանից հնչող այլ մեղադրանքներին, թե ՀՀ բյուջեից Արցախին հատկացված միջոցները Արցախի իշխանություններն արդյունավետ չեն ծախսվել, ասել է նա։
Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ ամեն ամիս ՀՀ ֆինանսների նախարարությանը հաշվետվություն տալիս են, կրկին տեղեկատվություն ներկայացրել, շնորհակալություն է հայտնել աջակցության համար ու հորդորել չկասկածել այդ գումարների օգտագործման արդյունավետության մեջ։
«Մենք անառակ զավակ չենք, և մենք շնորհակալ ենք, և մենք, դիմադրելով, Արցախում ապրելով, մեր պարտքն ենք տալիս ոչ միայն հայրենիքին, մայր Հայաստանին, սփյուռքին, այլև մարդկությանը, մենք այդպես ենք հատուցում մեզ ուղղված միջոցները», - ասել է նա՝ հիշեցնելով Վահե Հայկի «Կաթիդ փարան չմոռնաս, մամա» ստեղծագործությունը։
Լրագրողը հետաքրքրվել է, թե ինչպիսի պատկեր է Երևանի և Ստեփանակերտի հարաբերություններում, արդյոք ճի՞շտ են հակասությունների մասին լուրերը։ Կան բավականին ակտիվ, պարբերաբար շփումներ, վստահեցրել է նա, հայտնելով, որ ամենակարևոր տարաձայնությունը միշտ ղարաբաղյան խնդրի հետ է կապված. - «Ես ուզում եմ հորդորել Հայաստանի իշխանություններին զերծ մնալ այն քայլերից, հայտարարություններից, որը կարող է կասկածի տակ դնել Արցախի ինքնորոշումը։ <> Ուզում եմ հորդորել ՀՀ իշխանություններին Լեռնային Ղարաբաղի հետ կապված լինել շատ զգույշ. ոչ ոք իրավունք չունի կասկածի տակ դնելու և սահմանափակելու մեր ինքնորոշման իրավունքը։ Դա բացառիկ իրավունք է, որը միջազգայնորեն ճանաչված է, և այդ իրավունքի առումով պատրաստակամություն է հայտնել պայքարել Արցախի ժողովուրդը, որին սատար է կանգնում հայ ժողովուրդը»։
Նա համոզմունք է հայտնել, որ ամեն ինչ հարթվելու է։
Ի՞նչ է պաշարված Արցախն ակնկալում հայությունից. նախագահ Հարությունյանի խոսքով՝ առաջին հերթին բարոյական աջակցություն։
«Մեզ մեղադրում են, որ այդ 6-7 ամիսների ընթացքում մենք կարող էինք ավելի պատրաստված լինել։ Այո, կարող էինք», - նկատել է նա, միաժամանակ հավելել, որ կառավարության նպատակն է ոչ թե բերել, պահեստավորել, այլ բերել, արտադրել, ինչն այսօր թույլ է տալիս ունենալ նվազագույն սնունդ։
Այս փուլում Արցախի պայքարը շարունակվելու է միջազգային ազդեցության հարթակներում, տեղեկացրել է Արայիկ Հարությունյանը։