Ուկրաինայի գլխավոր դատախազության տվյալներով՝ Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր զոհվել է 10749 խաղաղ բնակիչ, ևս 15599-ը՝ վիրավորվել։ Այս թիվը ներառում է 499 սպանված և 1090 վիրավոր երեխա։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը հուլիսին իր վերջին զեկույցում հայտնել է, որ իրենց տվյալներով՝ պատերազմի ողջ ընթացքում զոհվել է 9369 մարդ։
Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի փորձագետները նշել են, որ խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը իրականում շատ ավելի մեծ է, նրանք, մասնավորապես, տվյալներ չունեն ռուսական օկուպացիայի տակ գտնվող տարածքներից։
Ռուսական կողմը գրեթե ամեն օր ռմբակոծում է ուկրաինական խաղաղ բակավայրերը։
Այս գիշեր մեկ տասնյակից ավելի «Շահիդ»-ներ ուկրաինական ՀՕՊ-ը խոցել Կիևի օդում։ Զոհեր և ավերածություններ չկան։
Ռուսաստանի Կալուգայի մարզի իշխանություններն էլ հայտնել են, թե յոթ անօդաչու թռչող սարք են խոցել։ Մարզի ղեկավարը վստահեցնում է, որ միջադեպի հետևանքով զոհեր ու ավերածություններ չկան։
Ուկրաինայի զինված ուժերը հարձակողական գործողությունների ժամանակացույց և ժամկետներ չունեն. Դանիլով
Մինչ այդ՝ Ուկրաինայի անվտանգության խորհրդի քարտուղար Օլեքսեյ Դանիլովն առաջին անգամ հաստատել է, որ Ուկրաինան հեռակառավարվող նավերով հարձակվում է ռուսական օբյեկտների վրա բռնակցված Ղրիմում։ Դանիլովը նաև խոստովանել է, որ ուկրաինական հատուկ ծառայությունները մասնակցել են նաև Ղրիմի կամրջի երկու պայթյուններին։
«Մեր զինվորականները հարցականի տակ են դնում բազմաթիվ օբյեկտների անձեռնմխելիությունը, որոնք Ռուսաստանում համարվում էին 100 տոկոսով պաշտպանված։ Խոսքն, այդ թվում, Ղրիմի կամուրջի մասին է, որի վրա և՛ առաջին, և՛ երկրորդ հարձակմանը մասնակցել են մեր Անվտանգության ծառայության ներկայացուցիչները», - ասել է նա։
«Մենք դա գիտեինք», - պատասխանել է Դանիլովին Կրեմլի խոսնակը։
Այս նույն հարցազրույցում Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարը խոսել է ուկրաինական հակահարձակման մասին. պարզաբանելով, թե Ուկրաինայի զինված ուժերը հարձակողական գործողությունների ժամանակացույց և ժամկետներ չունեն։
«Հակառակորդը շատ հզոր է պատրաստվել, հսկայական քանակությամբ տարածքներ են ականապատվել։ Ականների թիվը, որոնք պետք է հաղթահարեն մեր զինվորականները, ուղղակի անհավանական է։ Մեկ քառակուսի մետրի վրա միջինը 3-4-5 ական կա։ ժամանակացույց չկա։ Երբ նման խոսակցություններ են սկսվում, դա ասում են մարդիկ, ովքեր չեն հասկանում, թե ինչ է պատերազմը», - ընդգծել է Դանիլովը:
Ուկրաինական հակահարձակման սպասվածից դանդաղ ընթացքը Արևմուտքում բանակցությունները վերսկսելու անհրաժեշտության մասին բազմաթիվ հրապարակումների առիթ է դարձել։
Արևմուտքը փորձում է ճնշել Ռուսաստանին հացահատիկի գործարքին վերադառնալու համար
Նախագահը Վլադիմիր Զելենսկին երեկ հայտարարել է, թե հույս ունի այս աշնանը Ուկրաինայի հարցով «խաղաղության գագաթնաժողով» անցկացնել։
Մինչ այս օգոստոսի 5-ին և 6-ին Սաուդյան Արաբաիայում պետք է կայանա Ուկրաինայի հարցով ֆորում, որին ակնկալվում է արևտմյան և զարգացող խոշոր երկրների ներկայացուցիչների հավաք, ովքեր պետք է նախապատրաստեն ուկրաինական կարգավորման հնարավոր սկզբունքները։
Ռուսաստանը Ջիդայում երկու օրից մեկնարկելիք ֆորումին հրավիրված չէ։
Մինչ այդ ուկրաինական պատերազմի հարցում չեզոք համարվող Բրազիլյաի նախագահը հայտարարել է, թե «ո՛չ Պուտինը, ո՛չ Զելենսկին պատրաստ չեն խաղաղության», սակայն իր երկիրը, այլ չեզոք պետությունների հետ միասին, շարունակում է խաղաղության առաջարկներ պատրաստել, որոնք հակամարտող կողմերը կարող են օգտագործել, երբ պատրաստ լինեն վերսկսել բանակցությունները:
Մինչ այդ, սակայն, Արևմուտքը փորձում է ճնշել Ռուսաստանին հացահատիկի գործարքին վերադառնալու համար։ Եվրամիության հանձնաժողովի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը նամակ է ուղարկել զարգացող և G20-ի երկրներին՝ կոչ անելով «խոսել հստակ և միասնական ձայնով»:
Եվրոպական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանը կարիքավոր երկրներին հացահատիկ է առաջարկում իջեցված գներով՝ «ձևացնելով, թե լուծում է խնդիրը, որն ինքն է ստեղծել»։ Երեկ ավելի վաղ հարցը քննարկել են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները, ընդորում, Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը առաջին անգամ էին խոսել այն բանից հետո, երբ Ռուսաստանը հայտարարել էր, որ դուրս է գալիս հացահատիկի գործարքից։
Էրդողանը Պուտինին հորդորել է վերադառնալ գործարքին։ Նրանք նաև քննարկել են իրենց առաջիկա դեմ առ դեմ հանդիպումը, սակայն Կրեմլը պնդում է, որ հանդիպման ժամկետի և տեղի մասի վերջնական համաձայնություն դռ չկա։