Մատչելիության հղումներ

Զելենսկի. «Հարվածը նավահանգստին ապացուցում է, որ մենք միակ թիրախը չենք»


Հրթիռակոծության հետևանքը, Օդեսա, 20 հուլիսի, 2023թ.
Հրթիռակոծության հետևանքը, Օդեսա, 20 հուլիսի, 2023թ.

Այդ պարենը սպասել են Աֆրիկայում և Ասիայում

Հայտարարելով հացահատիկի գործարքը չերկարաձգելու մասին, Մոսկվան սաստկացրել է գրոհներն Ուկրաինայի ու մասնավորապես Օդեսայի և Նիկոլաևի նավահանգիստների վրա:

«Կամիկաձե» անօդաչուներով, «Х-22» և «Օնիքս» տեսակի հրթիռներով հուժկու հարված, և Օդեսայում ամբողջությամբ ոչնչացվել է ցորենով պահեստը: Ավերվել են բնակելի շենքեր, զոհվել է առնվազն մեկ մարդ, կան մոտ երկու տասնյակ վիրավորներ: Ուկրաինայի ղեկավարն ահաբեկչություն է անվանել Ռուսաստանի գործողությունը:

«Այս ահաբեկչական հարձակումն ապացուցում է, որ թիրախը ոչ միայն Ուկրաինան է, ոչ միայն մեր մարդկանց կյանքերը: Գրոհի ենթարկված նավահանգիստներում պարենի միլիոնավոր տոննաներ են պահվել: Հենց այդքան պետք է ուղարկվեր Աֆրիկայի և Ասիայի երկրներ»,- ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Նրա փոխանցմամբ, յուրաքանչյուր այդպիսի հարված վերստին պարտադրում է խոսել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը հնարավորինս ամրապնդելու անհրաժեշտության մասին:

«Ռուսների գրոհից առավել տուժած տերմինալում կար Չինաստանի համար նախատեսված գյուղական արտադրանքի 60 հազար տոննա», - ասել է Զելենսկին:

Առաջանում է աղքատ երկրներում զանգվածային սովի վտանգ

ՄԱԿ-ը, Միացյալ Նահանգները և Եվրամիությունն ահազանգում են Հյուսիսային Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի և Ասիայի աղքատ երկրներում զանգվածային սովի վտանգի մասին:

Միջազգային շուկաներում արդեն գրանցվում է պարենի, մասնավորապես, հացահատիկի, եգիպտացորենի, ինչպես նաև բուսական յուղի և պարարտանյութի գնաճ, քանի որ Ուկրաինան և Ռուսաստանն այդ արտադրանքի խոշոր արտահանողներ են:

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն ասել է, որ ճգնաժամն անխուսափելի է:

Ռուսների գրոհը՝ բարբարոսություն

«Երեք գիշեր անընդմեջ Օդեսայի նավահանգիստը և դրա ենթակառուցվածքը գրոհների են ենթարկվում, տուժում են ոչ միայն մարդիկ, այլև պարենի պահեստները: Սա բարբարոսություն է: Մենք հարցը կքննարկենք Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբայի հետ, ավելի շատ տեղեկություն կստանանք, բայց արդեն ակնհայտ է, որ սա պարենի խոշոր, շատ խոշոր ճգնաժամ կստեղծի աշխարհում»,- ասել է Բորելը:

Ռուսները սպառնացել են, թե նավերով պարենի փոխադրումը շարունակելու փորձերը խիստ վտանգավոր կլինեն, քանի որ «Սև ծովի այդ հատվածում հայտնված նավերը կհամարվեն թշնամական՝ դրանից բխող հետևանքներով»:

Եվրամիությունն արդեն քննարկում է շատ ավելի երկար, ծախսատար և կազմակերպական առումով դժվար, սակայն համեմատաբար անվտանգ ուղիներով պարենը փոխադրելու տարբերակը: Ցորենը հնարավոր է մինչև նավահանգիստներ հասցնել եվրոպական երկրների ցամաքային ճանապարհներով:

«Եթե ծովային ճանապարհը փակ է, ուրեմն ստիպված կլինենք ավելացնել ուկրաինական հացահատիկի արտահանումը մեր նավահանգիստներով: Դա Ուկրաինայի հարևաններից կպահանջի ավելի մեծ ջանքեր, նրանք պետք է մեծ ներդրում ապահովեն, բացելով սահմանները և դյուրին դարձնելով տրանսպորտի ուղին, որ վերցնեն հացահատիկն ուկրաինական նավահանգիստներից և ուղարկեն հասցեատերերին։ Մենք շատ բան ենք արել և պետք է ավելին անենք»,- ասել է Բորելը:

Այդ տարբերակով փոխադրման հետևանքը գնաճը կլինի

Պակիստան այցելած Ուկրաինայի արտգործնախարարն Իսլամաբադից արձագանքել է Բորելին, նշելով, որ առաջնայինը պետք է ծովային ճանապարհի վերականգնումը լինի:

«Ցամաքային միջանցքներով անհնարին է փոխադրել արտահանման համար նախատեսված հացահատիկի ամբողջ ծավալը: Առաքման սղության հետևանքը գնաճը կլինի»,- ասել է Կուլեբան:

Մոսկվան պահանջներ է ներկայացնում

Ռուսներն ասում են, թե չեն երկարաձգում գործարքը, քանի որ դրա՝ Ռուսաստանի արտահանումներին առնչվող դրույթները չեն կատարվել:

«Մենք բուն գործարքին դեմ չենք, հատկապես հաշվի առնելով դրա նշանակությունը համաշխարհային շուկայի և մոլորակի շատ երկրների համար: Իհարկե, պատրաստ կլինենք վերադառնալ գործարքին, պայմանով, որ կատարվեն Ռուսաստանի մասնակցության պայմանները»,- ասել է նախագահ Վլադիմիր Պուտին:

Ռուսները պարենը դարձրել են զենք

Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է Ռուսաստանի դիրքորոշումը և կոչ է անում վերականգնել ՄԱԿ-ի ու Թուրքիայի միջնորդությամբ կնքված պայմանագիրը:

«Ռուսաստանը պարենի հարցը զենք է դարձրել, երկու օր շարունակ սպառնում է հարվածով միջազգային ջրերում գտնվող նավերին: Ակնարկում է, թե չի կարող երաշխավորել դրանց անվտանգությունը: Ակնհայտ է, որ ռուսները պատերազմում պարենն օգտագործում են որպես զենք, և այն ուղղված է ոչ միայն Ուկրաինայի ժողովրդի, այլ համայն մարդկության ու հատկապես թերզարգացած երկրների բնակչության դեմ»,- ասել է ԱՄՆ պետական դեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերը:

XS
SM
MD
LG