44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովում այսօր պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն շարունակում է պատասխանել պատգամավորների հարցերին։
Նիստի մեկնարկին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ աշխատանքն այսօր հիմնականում փակ ձևաչափով՝ չլուսաբանվող է լինելու։ Տոնոյանն էլ առաջարկեց միանգամից անցնել փակ ռեժիմի։
Մինչ այդ, սակայն, նա հայտարարեց, որ ընդդիմության համար նիստին չմասնակցելը կորսված պահ է։
«Ես գտնում եմ, որ սա իրականում պաշտպանության և անվտանգության հետ կապված հարցերում կորսված պահ է։ Ամեն դեպքում սա իմ գնահատականն է, ինչպիսինն էլ որ շահարկումները շարունակեն լինել ընդդիմադիրների կողմից, որոնք, հիմա բաց ասում եմ՝ ինձ համար անընդունելի են», - նիստի հրապարակային հատվածում հայտարարեց Տոնոյանը։
Երեկվա նիստի մեկնարկին պաշտպանության նախկին նախարարն առաջարկել էր առհասարակ հանձնաժողովի աշխատանքները բոյկոտած խորհրդարանական ընդդիմությանը, մասնավորապես, ՀՅ Դաշնակցության և ՀՀԿ ներկայացուցիչներին, մասնակցել գոնե փակ նիստին՝ պարզաբանելով․ - «Կարծում եմ, որ շարունակելու են իրենց գործունեությունը քաղաքական դաշտում, կարծում եմ, որ անվտանգության ու պաշտպանության կազմակերպման հարցերում իրենց՝ իմ կողմից տրամադրվող տեղեկությունը հետագա իրենց որոշումների համար կարևոր է։ Հակառակ դեպքում ես կխնդրեի նույն կուսակցության ներկայացուցիչներին այլևս չարտահայտվել հրապարակային՝ առնվազն իմ գործունեության հետ կապված հարցերում»։
Բարձրաստիճան նախկին պաշտոնյան երեկ ուղիղ եթերում պատասխանեց 44-օրյա պատերազմին, սպառազինությանը, Հայաստանի պատրաստվածությանը, ԶՈՒ կառավարմանը վերաբերող հանձնաժողովականների հարցերին։
Տոնոյանը, որը գրեթե երկու տարի կալանավորված է «անպիտան հրթիռների» գործով՝ շուրջ չորսուկես միլիոն դոլար յուրացնելու համար, պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովին մասնակցելու հնարավորություն է ստացել դատարանի թույլտվությամբ։