Մատչելիության հղումներ

Փաշինյանը խախտել է ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի անմեղության կանխավարկածը. փաստաբան 


Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյան
Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյան

Եվս մեկ նախկին բարձրաստիճան զինվորական է հակադարձել ԱԺ քննիչ հանձնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին։

Մասնավորապես, Արցախի Պաշտպանության բանակը ղեկավարած Միքայել Արզումանյանը մեկուսարանից անդրադարձել է 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի 7-րդ պաշտպանական շրջանում գտնվող Արեգասարի բարձունքը թողնելու մասին Փաշինյանի պնդումներին՝ հակադարձելով, թե «դրանք հաստատող ապացույցներ առկա չեն և չեն կարող լինել»։

Փաշինյանը հունիսի 27-ին քննիչ հանձնաժողովում պնդել էր, թե 2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ հայկական ուժերը հետ են վերադարձրել Արեգասարի բարձունքը, գեներալներից մեկը պահանջել է դուրս բերել զորքը այդ բարձունքից։

«Արեգասար բարձունքի հետ կապված մենք դրվագ ունենք, երբ որ ադրբեջանցիները գրավում են, հետո մերոնք, տեղում կողմնորոշվելով առանց վերևից էկած հրահանգի, հակագրոհ են ձեռնարկում և հետ են վերցնում։ Եվ մեր գեներալներից մեկը գնում ա ասում ա՝ իջացրեք զորքը։ Հայտնի չի՞ էս դրվագը։ Եվ եթե ես չեմ սխալվում, էդ գործը դատարանում ա արդեն», - ասել էր Փաշինյանը։

Նա Արեգասարի բարձունքը թողնելու հրաման տված գեներալի անունը չէր հրապարակել։ Սակայն անազատության մեջ գտնվող գեներալ Արզումանյանը, ընդունելով, որ Փաշինյանի մեղադրանքն իրեն է ուղղված, «Արմլուրի» միջոցով հրապարակած իր հայտարարության մեջ նշում է. - «Ինչ վերաբերում է այն մեղադրանքներին, թե իբրև 2020 թվականի սեպտեմբերի 29-ին յուրային ուժերը ազատագրել են Արեգասարի բարձունքը, սակայն հանկարծ ես եմ հայտնվել այնտեղ և հրաման տվել, որպեսզի յուրային ուժերը թողնեն գրավված բարձունքը և հետ նահանջեն, ապա նախ՝ ես նման հրաման տալու իրավասություն չեմ ունեցել, քանզի այդ ժամանակ չեմ հանդիսացել Պաշտպանության բանակի հրամանատարը։ Եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա հետևյալ տրամաբանական հարցերն են ծագում։ Եթե Արեգասարի բարձունքն իրոք գրավված է եղել յուրային ուժերի կողմից և եթե սեպտեմբերի 29-ին ես հրամայել եմ հանձնել այդ գրավված բարձունքը, ապա ինչո՞ւ դեռևս այն ժամանակ դրա համար պատասխանատվության չեմ ենթարկվել։ Եթե ես նման հանցավոր արարք եմ կատարել, ապա դրանից մեկ ամիս անց ինչո՞ւ եմ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի կողմից նշանակվել Պաշտպանության բանակի հրամանատար, Արեգասարի բարձունքը հանձնելու հրաման տված անձն ինչպե՞ս կարող էր նման վստահություն վայելել Զինված ուժերի հրամանատարության և Գերագույն գլխավոր հրամանատարի մոտ»։

44-օրյա պատերազմի ժամանակ Միքայել Արզումանյանը Պաշտպանության բանակի հրամանատար նշանակվեց 2020 թվականի հոկտեմբերի 27-ին, երբ պատերազմում ծանր վիրավորվել էր Արցախի պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը։ Պատերազմից շուրջ երկու տարի անց, 2022-ի սեպտեմբերին Արզումանյանը կալանավորվեց և նրան մեղադրանք ներկայացվեց Շուշիի պաշտպանության ընթացքում անփույթ վերաբերմունք դրսևորելու համար։

Ըստ մեղադրանքի, այդ անփութության հետևանքով հակառակորդի զինված ուժերն հաջողվել էր ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել Շուշի քաղաքն ու մատույցները։

Շուշիի դրվագից բացի, Միքայել Արզումանյանի փաստաբան Երեմ Սարգսյանի փոխանցմամբ, մեղադրանքում առկա է նաև Արեգասարի բարձունքը թողնելու դրվագը, ինչի մասին քննիչ հանձնաժողովի վերջին նիստում խոսեց վարչապետ Փաշինյանը։

Փաշինյանի հայտարարությունը ուղղորդող նշանակություն է ունենալու. փաստաբան

Իր այդ հայտարարություններով, ըստ փաստաբանի, վարչապետը խախտել է Միքայել Արզումանյանի անմեղության կանխավարկածը՝ թեկուզ նրա անունը չտալով։

Երեմ Սարգսյանի խոսքով, երբ քննիչ հանձնաժողովում պարբերաբար խոսվում է այդ գործի ընթացքի մասին, կոնկրետ շեշտադրումներով տպավորություն է ստեղծվում, թե դրանք հաստատված փաստեր են։ Այն դեպքում, երբ այժմ ընթանում է Արցախի Պաշտպանության բանակի նախկին ղեկավարի դատաքննությունը, այն էլ՝ փակ ռեժիմով։

«Դա միանշանակ անմեղության կանխավարկածի խախտում է, որովհետև երբ որ Ազգային ժողովի ամբիոնից երկրի վարչապետը անընդհատ նման հայտարարություններ է անում... եթե անունը չենք հնչեցնում, բայց ամբողջ գործի մանրամասները նշում ենք, այսինքն՝ նույնականացվում է անձը, հետևաբար այստեղ երկրորդ կարծիք այլևս չկա։ Եվ այդ գործի հետ առնչվող բոլոր անձինք հասկանում են՝ քննչական մարմիններ, դատախազություն և այլն, բոլորը պատկերացնում են, թե ինչ մոտեցում կա։ Իսկ կարծել, որ այսօր այդ մարմինները անկախ են, կարծում եմ, միամտություն կլինի, հետևաբար, դա նրանց համար ուղղորդող նշանակություն է ունենում», - ասաց Միքայել Արզումանյանի փաստաբանը։

Վարչապետ Փաշինյանի մամուլի խոսնակն այսօր չմեկնաբանեց Միքայել Արզումանյանի ու նրա փաստաբանի հայտարարությունները՝ ասելով, որ բոլոր փաստերը ներկայացվել են խորհրդարանական քննիչ հանձնաժողովում։

ՊԲ նախկին հրամանատարը անդրադարձել է Շուշին կորցնելու դրվագին. «Բանակում տիրում էր քաոսային իրավիճակ»

Արեգասարի բարձունքը հանձնելու մեղադրանքից բացի, կալանավորված գեներալը ԱԱԾ մեկուսարանից տարածած հայտարարության մեջ անդրադառնում է նաև Շուշին կորցնելու դրվագին։ Միքայել Արզումանյանը նշում է, որ Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարությունը ստանձնել է 2020 թվականի հոկտեմբերի 27-ին, նրա խոսքով՝ «ծայրահեղ ծանր իրավիճակում, երբ թշնամին արդեն իսկ մի քանի պաշտպանական գոտիներ անցնելով, մոտեցել էր Շուշիի մատույցներին, բանակում տիրում էր քաոսային իրավիճակ, թշնամին անվերապահ գերակայություն ուներ ինչպես օդում, այնպես էլ գետնի վրա». - «Թշնամին առավել մեծ ուժեր և միջոցներ էր կենտրոնացրել, որին դիմակայելու ոչ մարդկային և ոչ էլ սպառազինության բավարար ռեսուրս հայկական կողմը չի ունեցել, ինչի մասին քաջատեղյակ է եղել նաև քաղաքական ղեկավարությունը»։

Միքայել Արզումանյանը պահանջում է իր դատաքննությունը հրապարակային անցկացնել

Չընդունելով իրեն ներկայացված մեղադրանքը՝ Արզումանյանն ընդգծում է, որ ինքը որպես թիրախ է ընտրվել, որպեսզի ինչ-որ անձինք իրենց ուղղված մեղադրանքները փաթաթեն իր վրա։ Այդ իսկ պատճառով դատարանին միջնորդել է հրապարակային, դռնբաց դատաքննություն իրականացնել, որպեսզի հասարակությունը հստակ պատկերացնի, թե ինչ է իրականում տեղի ունեցել և ինչու են իրեն նման «շինծու մեղադրանքներ առաջադրվել»։ Միջնորդությունը սակայան մերժվել է ։

Միքայել Արզումանյանը տարակուսում է. այն բանից հետո, երբ քննիչ հանձնաժողովի նիստում մի քանի օր շարունակ հրապարակային ներկայացվեցին պատերազմի ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն, անհասկանալի է, թե ինչու է իր վերաբերյալ քրեական գործը քննվում փակ դռների հետևում։

«Հավանաբար, որպեսզի այդ դռներից դուրս շահագռգիռ անձինք կարողանան ազատորեն ներկայացնել իրենց հորինվածքները», - եզրակացրել է Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատարը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG