Մատչելիության հղումներ

Օգոստոսի սկզբին Ջիդդայում կանցկացվեն Ուկրաինայի խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններ՝ առանց Մոսկվայի․ Երմակ


Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը երեկ հաստատել է, որ օգոստոսի սկզբին Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում կանցկացվեն ուկրաինական պատերազմի խաղաղ կարգավորման շուրջ միջազգային բանակցություններ, ընդորում, առանց Ռուսաստանի։

Ավելի վաղ բանակցությունների մասին հայտնել էր The Wall Street Journal-ը։

Օգոստոսի 5-ից 6-ը նախատեսված բանակցությունները տեղի են ունենալու խոշոր զարգացող երկրներն իրենց կողմը քաշելու թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի փորձերի ֆոնին։ Խոսքը մինչ այժմ ուկրաինական պատերազմում չեզոք դիրքորրոշում ունեցող երկրների մասին է։

Հանդիպմանը հրավիրված են 30 երկրներ։ Ըստ թերթի՝ արդեն հաստատվել է Եվրամիության, Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների մասնակցությունը։ Միացյալ Նահանգներից ներկա կլինի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։ Հրավիրված են նաև Ինդոնեզիան, Եգիպտոսը, Բրազիլիան, Մեքսիկան, Հնդկաստանը, Թուրքիան, Չիլին և Զամբիան։ Չի բացառվում նաև Չինաստանի մասնակցությունը։

Ուկրաինացի և արևմտյան պաշտոնյաները հույս ունեն, որ հանդիպումը կարող է հանգեցնել «խաղաղության գագաթնաժողովի»՝ այս տարվա վերջին, որի ժամանակ հակամարտությունը դադարեցնելու սկզբունքների վերաբերյալ փաստաթուղթ կստորագրվի, գրում է թերթը։ Մի փաստաթուղթ, որը կարող է լինել Մոսկվայի և Կիևի միջև ապագա բանակցությունների սեղանին։

Ե՞րբ կարող են նման բանակցություններ կայնալ, հայտնի չէ։ Ակնհայտ է, սակայն, որ վերջին շաբաթներին Մոսկվայի և Կիևի միջև հնարավոր բանակցությունների մասին սկսել են ավելի հաճախ խոսել թե՛ Արևուտքում, թե՛ Ռուսաստանում, թե՛ զարգացող չեզոք երկրներում։

Անցած շաբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում, աֆրիկյան առաջնորդների հետ բանակցություններում, նշել էր, թե Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների և «գնդակը» Ուկրաինայի կողմում է։

Ռուսաստանի նախագահը կրկին շեշտել էր, որ Մոսկվայի համար սկզբունքային է հարևան երկրի չեզոք կարգավիճակը՝ հորդորելով նաև հաշվի առնել «տեղում ձևավորվող» իրողությունները։

Պաշտոնական Կիևը, մինչդեռ, պարբերաբար հայտարարում է, թե Ռուսաստանի հետ բանակցություններ սկսելու պայմանը ռուսական զորքերը Ուկրաինայի 1991 թվականի սահմաններից դուրս բերելն է, այսինքն՝ նաև Ղրիմից և Դոնբասից, և որ հնարավոր կարգավորումը պետք է հիմնված լինի Կիևի «խաղաղության բանաձևի» վրա։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG