Մատչելիության հղումներ

Ռուսաստանը պատրաստ է բանակցել, բայց Կիևի ռեժիմը հրաժարվում է. Պուտին


Ռուսաստանի նախագահը կրկին հայտարարել է, թե պատրաստ է բանակցություններ սկսել, սակայն Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն հրաժարվում են։

Այս մասին Կրեմլի ղեկավարը խոսել է Ռուսաստան - Աֆրիկա երկրորդ ֆորումին. - «Բոլոր հակասությունները պետք է լուծվեն բանակցությունների ընթացքում, բայց խնդիրն այն է, որ նրանք հրաժարվում են մեզ հետ բանակցել: Հակամարտության հիմքում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից Ռուսաստանի անվտանգությանը սպառնացող վտանգների ստեղծումն է։ Ուկրաինայի ներկայիս ռեժիմը հրաժարվում է բանակցություններից»։

Այսօր հրթիռ է պայթել Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի կենտրոնում։ Տուժել է, իշխանությունների հաղորդմամբ, առնվազն հինգ մարդ։ Իսկ գիշերը անօդաչուները կրկին հասել են Մոսկվայի մարզ։ Իշխանությունները հայտնում են առնվազն մեկ անօդաչուի մասին։ Մոսկվայի քաղաքապետի խոսքով, ՀՕՊ-ը անօդաչուն խոցել է, տուժածներ ու ավերածություններ չկան։

Անօդաչու սարքերը վերջին ամիսներին մի քանի անգամ արդեն հասել են Մոսկվայի տարբեր շրջաններ և նույնիսկ Կրեմլ: Միայն հուլիսին անօդաչու սարքերով Մոսկվայի վրա հարձակման երեք փորձ է արձանագրվել։

Ուկրաինական կողմը հայտնում է նոր բնակավայրի ազատագրման մասին

Ուկրաինայի նախագահը տեսանյութ է հրապարակել, որում ուկրաինացի զինվորականները խոսում են Ստարոմայորսկոյե գյուղի ազատագրման մասին։ Այն գտնվում է Զապորոժիեի շրջանի սահմանի մոտ։

Երեկ ամերիկյան հեղինակավոր մեդիաները, ինչպես նաև Ռուսաստանի նախագահը հայտնեցին, թե ուկրինական բանակը սկսել է հակահարձակման նոր փուլ, որի հիմնական ուղղությունը Զապորոժիեի մարզն է։


Սա առաջին բնակավայրն է, որն ազատագրել է ուկրաինական բանակը վերջին մի քանի շաբաթվա ընթացքում։

Ռուսական կողմը սա հերքում է՝ պնդելով, թե հետ են մղել ուկրիանական ուժերին Զապորոժիեի ուղղությամբ, այդ թվում Ստարոմոյորսկոյե գյուղից, և առաջ են գնացել Լուգանսկի ուղղությամբ։

Մինչ ուկինական ուժերը փորձում են առաջ գնալ ճակատի հարավում և վերահսկողության տակ վերցնել Ղրիմ թերակղզին ռուսական ուժերի հետ կապող միակ ցամաքային հատվածը, ռուսները ոչ միայն փորձում են առաջ գնալ, այլև փորձում են խափանել ուկրաինական նավահանգիստների աշխատանքը։

Ուկրաինայի զինված ուժերի «Հարավ» օպերատիվ հրամանատարության խոսնակ Նատալյա Գումենյուկը երեկ ասել էր, թե ռուս զինվորականները արգելափակել են ուկրաինական բոլոր նավահանգիստները «հացահատիկի գործարքից» Ռուսաստանի դուրս գալուց հետո. - «Երկու-երեք ամսից մենք կարող ենք զրկվել մեր բոլոր նավահանգիստներից: Ռուսաստանը ցանկանում է գերիշխել Սև ծովում: Նրանք ցանկանում են մենաշնորհ ունենալ հացահատիկի արտահանման գործում: Ցանկանում են հեռացնել Ուկրաինային՝ որպես աշխարհը կերակրելու ունակ երկրի»։

Ամբողջական պաշտպանության համար Ուկրաինային անհրաժեշտ են 10-12 Patriot համակարգ կամ նմանատիպ հակաօդային պաշտպանության համակարգեր, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը. - «Ռուսական մարտավարությունը պարզ է. նրանք օգտագործում են անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումներ մեր ՀՕՊ համակարգերը ճնշելու համար։ Զուգահեռաբար նրանք կարող են օգտագործել բալիստիկ հրթիռներ ենթակառուցվածքների վրա հարձակվելու համար»։

Օդեսայի վրա վերջին հարվածները ցույց տվեցին, որ հակաօդային պաշտպանության համակարգերի ուժեղացումը ճիշտ որոշում էր թե՛ տնտեսական, թե՛ բարոյական տեսանկյունից, ասել է խորհրդականը՝ հավելելով, թե վերականգնել այն ամենը, ինչ տուժել է հարվածներից, շատ ավելի թանկ կարժենա, քան հավելյալ Patriot համակարգը՝ հարավը պաշտպանելու համար։

Առայժմ Ուկրաինան իր տրամադրության տակ ունի երկու Patriot մարտկոց։ Մեկ Կիևը տրամադրել է ԱՄՆ-ը, մյուսը ՝ Գերմանիան։

Այն բանից հետո, երբ Ռուսաստանը դուրս եկավ «հացահատիկի գործարքից», ռուսական բանակը կտրուկ ուժեղացրեց Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքի գնդակոծությունը։ Գումենյուկի հայտարարությանը զուգահեռ, Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը Սանկտ Պետերբուրգում Ռուսաստան - Աֆրիկա գագաթնաժողովում ասել էր, որ Մոսկվան պատրաստ է նաև անհատույց օգնության տեսքով աֆրիկյան առավել կարիքավոր երկրներին տրամարդել անհրաժեշտ հացահատիկը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG