Պաշտոնական Բաքուն պնդում է՝ տարածաշրջանում խաղաղության ապահովման համար Հայաստանի պաշտոնյաները պետք է վերջ տան «Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում բնակվող հայերի վերաինտեգրմանը միջամտելու փորձերին, Հայաստանի կողմից Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը անվերապահ հաստատեն խոսքով և գործով»։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունն՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Le Monde պարբերականին տված հարցազրույցին։
Ադրբեջանական կողմը Երևանին հորդորել է ի վերջո գիտակցել, որ «տարածաշրջանում խաղաղության և կայունության վերականգնմանը խոչընդոտելու ջանքերը որևէ արդյունքի չեն բերի»։
Le Monde-ին տված հարցազրույցում Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել է, թե խաղաղության հիմնական խոչընդոտը Ադրբեջանի կողմից ագրեսիվ և անօրինական գործողություններն են Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, հատկապես Լաչինի միջանցքում, ինչպես նաև Հայաստանի սահմաններին։