Մատչելիության հղումներ

F-16 կործանիչներով վարժանքների համար ուկրաինացի օդաչուների առաջին խումբն առաջիկայում կմեկնի արտասահման


F-16 տեսակի ամերիկյան արտադրության կործանիչ, արխիվ
F-16 տեսակի ամերիկյան արտադրության կործանիչ, արխիվ

F-16 տեսակի ամերիկյան արտադրության կործանիչներով վարժանքներ կատարելու նպատակով ուկրաինացի օդաչուների առաջին խումբը մինչև ամռան վերջ կմեկնի արտասահման: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարության խոսնակ Յուրի Իգնատը:

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի փոխանցմամբ, օդաչուների ուսուցումը կմեկնարկի առաջիկա շաբաթների ընթացքում:

«Տա Աստված, որ մեր օդաչուները մինչև ամառվա վերջ մեկնեն ուսուցման և շուտ վերադառնան», - ասել է Իգնատը։

Օդաչուների մյուս խմբերը կմասնակցեն հիմնական վարժություններին, դրանք ներառում են ուսուցում տարբեր ինքնաթիռներով, այդ թվում՝ կործանիչներով գործնական թռիչքների կատարմամբ:

Իգնատի փոխանցմամբ, ուսուցումը տեղի կունենա տարբեր երկրներում, քանի որ միայն մեկ երկրում հնարավոր չէ այդքան մեծ թվով օդաչուներ պատրաստել:

Վիլնյուսում ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովում Ուկրաինան և 11 գործընկեր երկրներ կնքել են F-16 կործանիչներով աշխատելու համար ուկրաինացի օդաչուների ուսուցում իրականացնելու համաձայնագիր:

XS
SM
MD
LG