Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում մտահոգություն է հայտնել Սև ծովով հացահատիկի արտահանումը դադարեցնելու Ռուսաստանի որոշման կապակցությամբ։ «Ամբողջ աշխարհում դա սպառնում է խոցելի երկրների պարենային անվտանգությանը»,- հայտարարել է նա։
Ուրսուլա ֆան դեր Լայենը ասել է, որ Եվրամիությունը կշարունակի աշխատել՝ բոլոր միջոցներով ապահովելու խոցելի խմբերի պարենային կարիքները, կշարունակի Ուկրաինայից գյուղատնտեսական ապրանքների արտահանումը միջազգային շուկաներ «համերաշխության գոտիներով»։
«Բայց կարևոր է, որ Սև ծովի բլոկադան դադարեցվի և Սև ծովով արտահանումը շարունակվի», - ընդգծել է նա։
Հուլիսի 17-ին լրացավ Ռուսաստանի հետ ՄԱԿ-ի և Թուրքիայի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնագրի ժամկետը, ըստ որի ուկրաինական նավահանգիստներից հացահատիկ էր արտահանվում աղքատ երկրներ։ Մոսկվան հայտարարել է, որ չի երկարաձգում համաձայնագրի ժամկետը։