Երևանի մի քանի վարչական շրջաններում աղբարկղերը լեփ- լեցուն են։ Բնակիչները բողոքում են, որ ամռան շոգին նորմալ աղբահանություն չի իրականացվում։
Նոր Նորքում բնակվող Էդուարդ Հայրումյանը պատմում է, որ իրենց մոտ արդեն տասն օր է այս վիճակն է. - «Համայնքապետարան էլ եմ դիմել, Երևանի քաղաքապետարան էլ եմ դիմել, բայց սա նենց խնդիր ա, որ դիմելու կարիք չկա։ Բոլորը տեսնում են, որ քաղաքում աղբի ճգնաժամ ա»։
Հայրումյանը նկատել է, որ մյուս վարչական շրջաններում էլ է նույն վիճակը։ Սա «Ազատության» հետ զրույցներում փաստեցին հենց իրենք՝ Երևանի այլ թաղամասերի բնակիչները։
«Շենքերից հանեցին, ասեցին ըտենց լավ ա, բայց հեն ա վիճակը... Լրիվ Աջափնյակով մեկ ես նկատում եմ, որ չեն հավաքում։ Բայց ինչն ա պատճառը, ոչ մեկ չգիտի», - ասում է Աջափնյակ համայքնի բնակիչը։
Իրենց բակի գարշահոտության հետ չհաշտվող Էդուարդ Հայրումյանը ահազանգել էր նախ համայնքապետարան, ապա քաղաքապետարան, բայց այնտեղից չէին հստակեցրել, թե երբ կլուծվի խնդիրը։ Հայրումյանը պատճառների մասին հետաքրքրվել էր նաև աղբահանությունն իրականացնող վարորդներից. - «Ասեցին, որ տեխնիկայի խնդիր ա, փչացել են տեխնիկաների մեծ մասը»։
Երևանի թերի աղբահանությանն այսօր անդրադարձան նաև քաղաքապետարանի գործակարգավորման նիստում։ Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն ասաց, որ անձամբ է այցելել քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Աղբահանության և սանիտարական մաքրման հիմնարկ, նկատել է մի շարք խնդիրները, բայց հիմնականը տեխնիկայի անսարքությունն է, որը պատճառ է դարձել քաղաքի տարբեր հատվածներում աղբի կուտակումների. - «Առանձին քննարկման առարկա է, դուք իրավացի եք, և պահանջելու տնօրինությունից, որ ժամանակացույց սահմանվի փչացած տեխնիկան վերադարձնելու երթուղիներ։ Այդ հիմնարկում պետք է խստացվի տեխնիկայի նկատմամբ հսկողությունը, մասնագիտական շահագործման նկատմամբ հսկողությունը, ամենօրյա սպասարկումը»։
Թեև պաշտոնյան նշեց, թե արդեն պայմանավորվել են, որ այսուհետ պիտի հստակ իմանան, թե մեքենաները երբ կկարողանան լիարժեք սպասարկել, բայց չհստակեցրեց երբ կլուծվի խնդիրը։
Առաջին անգամը չէ, որ ամռանը Երևանում սրվում է աղբահանության խնդիրը։ Տարիներ առաջ, երբ Երևանում աղբահանությունն իրականացնում էր «Սանիթեք» մասնավոր ընկերությունը, աղբի կուտակումները դարձյալ բացատրում էին քիչ տեխնիկա ունենալու հանգամանքով։ 2019-ին քաղաքապետարանը մի քանի անգամ տուգանելուց հետո միակողմանի խզեց պայմանագիրը «Սանիտեքի» հետ, ու ինքը սկսեց իրականացնել մայրաքաղաքի աղբահանությունը։ Վերջին չորս տարիներին աղբահանության խնդիրներ չէին նկատվել։
Այսօրվա նիստում փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ աղբահանության չորս մեքենա Երևանի ճանապարհին են։