Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի շրջանակում քննարկվել է Հայաստանում աղբահանության ռազմավարության նախագծի մշակման աշխատանքների ընթացքը:
Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ մինչ քննարկմանն անցնելը վարչապետը նշել է. «Ակնհայտ է, որ աղբի կառավարումն այսօր մեր երկրի ամենահրատապ խնդիրներից է: Մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր, ըստ էության, ցավոք, եթե մի փոքր պատկերավոր ասենք, աղբի շերտի տակ է և առիթ ունեցել եմ խոսելու նաև այն մասին, որ աղբի նկատմամբ հանդուրժողականության որոշակի վերաբերմունք է դրսևորվել: Իհարկե, սա լուրջ խնդիր է, որը լուծելու ուղիները մենք պետք է գտնենք: Բայց եթե մի պահ այսօրվա իրավիճակով պատկերացնենք, որ մեր կենսական միջավայրում աղբի նկատմամբ 100 տոկոս անհանդուրժողական վերաբերմունք է ձևավորված, այսօրվա մեր համակարգի ամենամեծ խնդիրն այն է, որ մենք ուղղակի աղբը Ա կետից տեղափոխում ենք Բ կետ:
Կարծում եմ՝ ժամանակակից աշխարհում, նաև երկրի քաղաքակրթության մակարդակի կարևոր ցուցիչներից մեկն այն է, թե ինչպես են վարվում աղբի հետ, ինչպես է կառավարվում աղբը, որովհետև աղբ բառը հասկանալիորեն շատ նեգատիվ բովանդակություն ունի, բայց նաև ժամանակակից աշխարհում շատ լուրջ ռեսուրս է, ևայդ ռեսուրսն արդյունք է ստեղծում, բարեկեցություն է ստեղծում, տնտեսության մեջ որոշակի դերակատարում է ձեռք բերում, համախառն ներքին արդյունք է դառնում և այսպես շարունակ: Մենք այս ուղղությամբ պետք է մտածենք, և, ըստ էության, սա նոր աշխատանք չէ Հայաստանի Հանրապետությունում. այդ աշխատանքն արդեն բավական երկար ժամանակ արվում է, տեղ-տեղ ունենք փոքր տեղային արդյունքներ, բայց ընդհանուր առմամբ այս խնդիրները պետք է երկարաժամկետ առումով հաղթահարելու ձևերը գտնենք»:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ աղբահանության ռազմավարության մշակման աշխատանքներն իրականացնում է վարչապետի որոշմամբ ձևավորված աշխատանքային խումբը, հիմնական նպատակը հանրապետության ողջ տարածքում գոյացող աղբի հավաքման, տեղափոխման, տեսակավորման և վերամշակման գործուն համակարգի ձևավորումն է: