Նախկինում Երևանի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերությունը պահանջ կներկայացնի Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն (ICSID դատարան) ընդդեմ Հայաստանի։ Այդ մասին ասված է ընկերության հաղորդագրությունում։
«Կառավարությունը շարունակեց ցանկացած համագործակցություն մերժելու և ժխտելու իր գործելաոճը՝ չթողնելով «Սանիթեք»-ին որևէ այլնտրանք, բացի սեղմ ժամկետներում Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն (ICSID դատարան) ընդդեմ Հայաստանի պահանջ ներկայացնելուց՝ իր ներդրումների արժեքը վերականգնելու խնդրանքով, որը կազմելու է տասնյակ միլիոն դոլարներ», - ասված է ընկերության հաղորդագրությունում։
Հիշեցնենք, դեռ 2019-ի հոկտեմբերին, ընկերությունը հայտնել էր, որ սկսել է նախաարբիտրաժային գործընթաց ընդդեմ Հայաստանի կառավարության և այդ մասին ծանուցել էին գործադիրին ու քաղաքային իշխանություններին՝ հայտնելով, որ եթե վեցամսյա ժամկետում բանակցությունների արդյունքում վեճը չլուծվի, արդեն արբիտրաժային հայց կներկայացնեն։
«Սանիթեքն» ամբողջությամբ իր աշխատանքները դադարեցրել է 2019-ի օգոսոտսի վերջերից, իսկ մինչ այդ էլ տևական ժամանակ թերի էր կատարում աղբահանությունը, ինչի համար քաղաքապետարանը մի քանի անգամ տուգանել է ընկերությանը։
Այսօր ընկերությունը հայտարարում է, որ «ապօրինի քրեական հետապնդումներ է իրականացվում «Սանիթեք ընկերությունների» խմբի և իր բաժնետերերի դեմ, որոնք հանդիսանում են օտարերկրյա ներդրողներ. ապօրինաբար հարուցվում են քրեական տարատեսակ գործեր վերջինիս դեմ և այլն:
«Մինչ օրս նշված քրեական գործերը չեն դադարեցվել։ Որևէ պաշտոնատար անձի մեղադրանք չի առաջադրվել, որևէ դրվագով հանցակազմ չի հաստատվել, գործերով չի հիմնավորվել հայտարարված որևէ խախտում։ Նախաքննությունն էլ այժմ փաստացի չի իրականացվում, և քրեական գործերն, ըստ էության, գտնվում են փակուղու մեջ», - նշում է ընկերությունը՝ շարունակելով․ - «Նշված քրեական գործերը շարունակությունն են Քաղաքապետարանի նախորդող ապօրինի գործողությունների և «Սանիթեքի» նկատմամբ ոչ իրավաչափ վարքագծի: Քաղաքապետարանը հրաժարվել է կատարել իր վճարման պարտականությունները «Սանիթեք ընկերությունների» խմբի նկատմամբ՝ նախաձեռնելով մի շարք անհիմն հայցեր: Բացի քրեական գործեր հարուցելու և անհիմն հաղորդումներ ներկայացնելուց, դատախազության և քննչական մարմինների ռեսուրսները անիմաստ սպառելուց, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանն իրականացրել է «Սանիթեք ընկերությունների» խմբի հետ կնքված պայմանագրերի լուծման ապօրինի գործընթաց՝ նպատակ հետապնդելով փոխանցել այդ պայմանագրերը, այդ թվում նաև՝ «Սանիթեքի» գույքը Քաղաքապետարանին պատկանող ընկերությանը։ Բացի «Սանիթեք»-ից ապօրինի կերպով բռնագրավված գույքից օգուտ ստանալու հանգամանքից, որը փոխանցվել է այդ նորաստեղծ ընկերությանը, Երևանի քաղաքապետարանն այսօր ծախսում է առնվազն 20 տոկոսով ավել գումար իր իսկ կողմից ստեղծված ընկերության միջոցով կազմակերպելով նույն ծառայությունները և միաժամանակ չվճարելով կիրառելի հարկերը, ինչի մասին կատարվել են բազմաթիվ հրապարակումներ»:
Ընկերությունն ընդգծում է, որ նշված գործողությունները հանգեցնում են «Սանիթեքի» ներդրումների էքսպրոպրիացիայի (ունեզրկում): Այս գործողությունների հետևանքով «Սանիթեք ընկերությունների» խումբը ստիպված է եղել դադարեցնել գործունեությունը և գնալ սնանկացման, ինչը, իհարկե, հանգեցրել է խիստ բացասական հետևանքների ընկերության բաժնետերերի համար:
Միևնույն ժամանակ, «Սանիթեքը» հայտնում է, որ «Սանիթեք ընկերությունների» խումբը բազմիցս դիմել է գործող իշխանություններին բանակցային գործընթացի վերադառնալու վերաբերյալ՝ հայտնելով լրացուցիչ ներդրումներ կատարելու իր պատրաստակամությունը, սակայն որևէ արձագանք չի ստացվել և բոլոր դիմումներն ու համաձայնության գալու փորձերը մնացել են անհետևանք»:
«Ամիսներ շարունակ «Սանիթեք»-ը հույս ուներ, որ կատաղի պատերազմի և կործանարար համավարակի համատեքստում Հայաստանի իշխանությունը կդրսևորի բարի կամք և իրավիճակը հարթելու կամահայտնություն կհայտնի: Այնուամենայնիվ, կառավարությունը շարունակեց ցանկացած համագործակցություն մերժելու և ժխտելու իր գործելաոճը՝ չթողնելով «Սանիթեք»-ին որևէ այլնտրանք, բացի սեղմ ժամկետներում Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն (ICSID դատարան) ընդդեմ Հայաստանի պահանջ ներկայացնելուց՝ իր ներդրումների արժեքը վերականգնելու խնդրանքով», - ասված է ընկերության հաղորդագրությունում։