Մատչելիության հղումներ

Ձերբակալվել են «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրենն ու նրա տեղակալը


«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանը
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանը

Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է ձերբակալել է Երևանում աղբահանություն իրականացնող համայնքային հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանին ու տեղակալ Կարեն Թորոսյանին։ Նրանց մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով։

Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացնում են՝ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրենն իր տեղակալի օժանդակությամբ, վատնման եղանակով ու պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով` ավելի քան 17 մլն դրամ, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելով ավելի քան 1 մլն դրամի վնաս է պատճառել համայնքին:

Իրավապահները պնդում են, որ հիմնարկի տնօրենը փոխտօրենի մտերիմներին և ազգականներին 2019 թվականից կեղծ հրամաններով ձևակերպել է տարբեր հաստիքների` 300.000-ական դրամ աշխատավարձով: Այս մարդիկ, սակայն, փաստացի չեն հաճախել աշխատանքի։ Ավելին` 2019-2020թթ. ընթացքում, չնայած աշխատանքի չհաճախելու հանգամանքին, նրանք տնօրենի հրամաններով խրախուսվել են հիմնարկի մյուս աշխատակիցների համեմատ առնվազն կրկնակի բարձր դրամական պարգևատրումներով: Այսպիսով՝ 2019-ի նոյեմբերից մինչև 2021-ի հունվարը համայնքային բյուջեից որպես աշխատավարձ և պարգևատրում ավելի քան 17 մլն դրամ է ելքագրվել։

Իրավապահներին այս հիմնարկի գործունեության առնչությամբ դիմել էր դեռ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։ Նրա գրասենյակից այսօր «Ազատությանը» փոխանցեցին, որ անցած տարվա սեպտեմբերին էին հնարավոր չարաշահումների մասին տեղեկություն ստացել, և Մարությանի հանձնարարականով քաղաքապետարանի աշխատակազմի Վերահսկողության վարչությունը ուսումնասիրություն էր սկսել աղբահանության համայնքային հիմնարկում։ Ուսումնասիրության նյութերը ավելի քան մեկ ամիս անց՝ հոկտեմբերի վերջին, փոխանցել էին իրավապահ մարմիններին։

Հակակոռուպցիոն կոմիտեից փոխանցեցին, որ քրեական գործը հարուցվել է նոյեմբերի 4-ին։ Իսկ թե ինչո՞ւ են իրավապահները միայն երեք ամիս անց տեղեկացնում քրեական գործի մասին և ձերբակալություններ իրականացնում ամիսներ անց, նախաքննական մարմնից՝ Ազգային անվտանգության ծառայությունից չհաջողվեց պարզել. մեր զանգերն անպատասխան մնացին։ «Ազատությանը» չի հաջողվել կապ հաստատել նաև ձերբակալված պաշտոնյաների փաստաբանների հետ։

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկ ստեղծելու որոշումը ավագանին ընդունեց 2019-ին, երբ այն ժամանակ մայրաքաղաքի աղբահանումն իրականացնող «Սանիթեք» մասնավոր ընկերությունը փաստացի պատշաճ չէր կատարում իր աշխատանքը։ Հիմնարկի գործունեության հիմնական նպատակը Երևանի վարչական տարածքի աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների իրականացման ապահովումն է:

XS
SM
MD
LG