Հուլիսի 13-ի՝ ժամը 21:30-ից հուլիսի 14-ի 01:00-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Ջիլի և Պարույր Սևակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։
Բաքուն իր հերթին պնդում է, թե երեկ ժամը 22։35-ի սահմաններում հայկական Զինված ուժերը «գնդակոծել են Նախիջևանի Սադարակի շրջանում տեղակայված ադրբեջանական դիրքերը»։
Բաքուն նաև Ստեփանակերտին է մեղադրել հրադադարը խախտելու համար՝ նշելով, որ վերոնշյալ ուղղություններով ադրբեջանական զինուժը «պատասխան միջոցներ է ձեռնարկել»։
Ստեփանակերտը հերթական ապատեղեկատվություն է որակել Բաքվի հաղորդումը։ «Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 14-ին` ժամը 01:10-ի սահմաններում կրակ են բացել Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է», - ասված է ՊԲ հաղորդագրությունում։
Շաբաթ օրը Բրյուսելում, Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, տեղի կունենա Փաշինյան-Ալիև հերթական հանդիպումը։ Բրյուսելյան բանակցություններին ընդառաջ իրավիճակը թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի սահմաններին կրկին լարվել է։