Մատչելիության հղումներ

Շաբաթ օրը Բրյուսելում տեղի կունենա Փաշինյան-Ալիև հերթական հանդիպումը


Շաբաթ օրը Բրյուսելում, Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, տեղի կունենա Փաշինյան-Ալիև հերթական հանդիպումը։ Այն թեև նախատեսված էր հուլիսի 21-ին, բայց, փաստորեն, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցելու նպատակով երկու երկրների ղեկավարներն ավելի շուտ կհանդիպեն։

«Հուլիսի 15-ին, Բրյուսելում նախատեսված է իմ հանդիպումը Եվրամիության խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հետ: Ես հաստատել եմ իմ մասնակցությունն այդ հանդիպմանը։ Հույս ունեմ՝ հանդիպման ընթացքում առաջընթաց արձանագրել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում», - այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետը։

Փաշինյանը թեև առաջընթացի հույս հայտնեց, սակայն Բրյուսելում շաբաթ օրը փաստաթուղթ, ըստ էության, չի ստորագրվի։ Այդ մասին անցած շաբաթ հենց Փաշինյանն էր հայտարարել։

«Ցավոք, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը դեռ պատրաստ չէ ստորագրման: Հույս ունեմ առաջիկա հանդիպման ընթացքում առարկայացնել Վաշինգտոնում արձանագրված դրականը», - հայտարարել էր Հայաստանի վարչապետը։

Բրյուսելյան բանակցություններին ընդառաջ սահմանին իրավիճակը կրկին լարված է

Շաբաթ օրը Բրյուսելում սպասվող բանակցություններին ընդառաջ սահմանին կրկին լարվել է իրավիճակը։ Վարչապետը, սակայն, այսօր կառավարության նիստում սահմանին հնչող կրակոցներին և դրանց հետևանքով երկու հայ զինծառայողների վիրավորման փաստին որևէ կերպ չանդրադարձավ։ Հայաստանի ռազմական գերատեսչության փոխանցմամբ, երեկ ժամը 9-ից սկսած մինչև այսօր գիշերը ժամը 1-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակել են այս անգամ Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Նախորդ օրն էլ ադրբեջանական զինուժը կրակ էր բացել Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում, ապա նաև Տեղ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով 2 հայ զինծառայող էր վիրավորվել։

Նախօերին մեկ վիրավորի մասին հայտնած Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրադադարի խախտումների համար հայկական կողմին էր մեղադրել:

Թե' միջազգային և թե' հայաստանյան փորձագիտական հանրությունը մեծ սպասումներ չունի բրյուսելյան հանդիպումից

Այս իրավիճակում թե' միջազգային և թե' հայաստանյան փորձագիտական հանրությունը, մի շարք հանգամանքներ հաշվի առնելով, մեծ սպասումներ չունի բրյուսելյան հանդիպումից։

Հարավային Կովկասի խնդիրներով զբաղվող հայտնի վերլուծաբան Թոմաս դե Վաալը նշում է, որ գուցե Բրյուսելում որոշ հարցերի շուրջ հնարավոր լինի առաջընթաց գրանցել, օրինակ հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում, բայց Արցախի հարցում առաջընթացի հնարավորություն չի տեսնում։

Թոմաս դե Վաալ
Թոմաս դե Վաալ

Բրիտանացի փորձագետը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ նախ զուգահեռ բանակցություններ են ընթանում մի կողմից Մոսկվայի, մյուս կողմից ԱՄՆ-ի ու Բրյուսելի միջնորդությամբ, իսկ այդ կողմերի դիրքորոշումները չեն կարող համընկնել։

Դե Վաալի համոզմամբ, Ռուսաստանի ընդհանուր մոտեցումն այն է, որ Մոսկվան չի ճանաչի այն փաստաթուղթը, որը ստորագրվել է Ռուսաստանի սահմաններից դուրս։

Բուլղարիայում Ստեփանակերտ -Բաքու հանդիպումը ձախողվել է հենց Մոսկվայի ջանքերով. Թոմաս դե Վաալ

Այս համատեքստում փորձագետը նշում է, որ իր տեղեկություններով Բուլղարիայում Միացյալ Նահանգների միջնորդությամբ վերջերս կազմակերպված Ստեփանակերտ - Բաքու հանդիպումը ձախողվել է հենց Մոսկվայի ջանքերով։

Բացի դրանից, բրիտանացի վերլուծաբանի կարծիքով, Հայաստանի որևէ իշխանություն չի ստորագրի մի փաստաթուղթ, որը չի նախատեսի երաշխքիներ Արցախի ժողովուրդի անվտանգության և իրավունքների պաշտպանության համար։ Իսկ Բաքուն այս առումով զիջումների գնալ չի պատրաստվում. - «Ես չեմ տեսնում խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորություն, և իհարկե, եթե փաստաթուղթ չի ստորագրվում, Բաքվի մոտ կարող է գայթակղություն առաջանալ՝ դիմել ռազմական գործողությունների՝ հայկական կողմի վրա ճնշումներ բանեցնելու նպատակով»։

Բրյուսելում դժվար թե հաջողվի մոտեցնել դիրքորոշումները Արցախի հարցում. Տիգրան Գրիգորյան

Վերլուծաբան Տիգրանի Գրիգորյանի համոզմամբ, Բրյուսելում փորձ է արվելու մերձեցնել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական դիրքորոշումները սկզբունքային հարցերի, այդ թվում Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջազգային մեխանիզմ ստեղծելու և սահմանազատման հարցերի շուրջ։ Սակայն Գրիգորյանը նույնպես կարծում է, որ Արցախի հարցում դժվար թե հնարավոր լինի մոտեցնել կողմերի դիրքորոշումները. - «Արցախի հետ կապված հարցերում դժվար է ինչ-որ առաջընթաց ակնկալել։ Բավականին բարդ հարց է, երկու կողմերի համար էլ կարելի է ասել կարմիր գիծ է։ Մի խոսքով, շատ լուրջ արդյունքներ պետք չէ ակնկալել։ Բայց նպատակը հենց այս առանցքային տարաձայնություններում կողմերի դիրքորոշումները մերձեցնելն է»։

Տիգրան Գրիգորյան
Տիգրան Գրիգորյան

Հարցին, թե արդյոք ինքը ևս տեղեկություն ունի, թե Բուլղարիայում Միացյալ Նահանգների միջնորդությամբ վերջերս կազմակերպված Ստեփանակերտ - Բաքու հանդիպումը ձախողվել է հենց Մոսկվայի ջանքերով, ինչպես պնդում է Թոմաս դե Վաալը, Գրիգորյանն արձագանքեց. - «Այն, որ Ռուսաստանը դեմ էր այդ հանդիպմանը, այն, որ ինչ-որ ճնշում գործադրում էր, պարզ է։ Բայց արդյո՞ք միայն Ռուսաստանն էր պատճառը, որ այդ հանդիպումը տեղի չունեցավ։ Ես չեմ կարծում։ Այնտեղ կողմերի միջև էլ բավականին լուրջ... եթե ոչ լուրջ, տարաձայնություններ գոյություն ունեին տեխնիկական հարցերի հետ կապված, օրակարգի հետ կապված և այլն։ Այսինքն՝ Ռուսաստանը այստեղ ինչ-որ դերակատարություն վստահաբար ունեցել է, բայց այդ դերակատարությունը չեմ կարծում, թե որոշիչ է եղել»։

Վերջին անգամ Բրույսելում Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են մայիսի 14-ին, ապա հունիսի 1-ին Քիշնևում՝ արդեն հնգակողմ ձևաչափով։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG