Արցախի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդումը նախօրեին Պաշտպանության բանակի կողմից բազմիցս հրադադարը խախտելու մասին:
Բաքվի հաղորդագրությունը, թե ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 10-ին կրակ են բացել «Ասկերանի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է, կեղծ է նաև Ադրբեջանի ՊՆ պնդումը իրենց գործողությունների արդյունքում իբրև թե դադարեցված ինժեներական աշխատանքների մասին», - շեշտում է Լեռնային Ղարաբաղի ՊՆ մամուլի ծառայությունը՝ վերստին համոզմունք հայտնելով, որ «Ադրբեջանի ՊՆ ստահոդ հայտարարությունները նպատակ ունեն արդարացնել գյուղատնտեսական աշխատանքները խափանելու նպատակով Արցախի Հանրապետության քաղաքացիների և գյուղատնտեսական տեխնիկայի ուղղությամբ պարբերաբար բացվող կրակը»։
«Հուլիսի 10֊ին` ժամը 9։30֊ից ժամը 10։45֊ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Սարուշեն համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ», - փոխանցում է Արցախի պաշտպանական գերատեսչությունը: