Այսօր ժամը 5:30 Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Հայաստանի Զինված ուժերի զինծառայող Ե. Խ.-ն, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը:
Զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում, ասված է հաղորդագրությունում:
Արցախի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, տեղեկացնում է, որ այսօր ժամը 9- ին, ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով նաև 82 մմ տրամաչափի ականանետ։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը, մինչդեռ, պնդում է, թե Արցախի Պաշտպանության բանակը երեկ երեկոյան հրաձգային զենքից գնդակոծել է ադրբեջանական բանակի դիրքերը Շուշիի շրջանում, այսօր առավոտյան ժամը 5:45 էլ Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումներն են Տեղ գյուղի ուղղությամբ տեղակայված դիրքերից գնդակոծել ադրբեջանական դիրքերը Լաչինի շրջանի Զաբուխ (Աղավնո) գյուղի մոտ, ձեռնարկվել են «պատասխան միջոցներ»:
Նախօրեին ևս հայկական և ադրբեջանական կողմերը հաղորդել էին կրակոցների մասին, Բաքուն նաև հայտնել էր, թե ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել: