Ադրբեջանը պաշտոնական և ոչ պաշտոնական մակարդակով փորձում է բնապահպանական բնույթի մեղադրանքներ ներկայացնել Երևանին, կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Փաշինյանը՝ ըստ էության արձագանքելով ավելի քան 2 տասնյակ ադրբեջանական ՀԿ-ների՝ Հայաստանի խոշոր հանքարդյունաբերական ընկերությունների գործունեությունը դադարեցնելու պահանջին։
«Ընդ որում՝ սրա համար Ադրբեջանը Հայաստանին վերագրում է հանքավայրեր, որոնք պարզապես գոյություն չունեն, բարձրաձայնում է հանգամանքներ, որոնք մտացածին են», - հայտարարեց վարչապետը:
Անցած շաբաթ ադրբեջանական 24 հասարակական կազմակերպություններ, որոնք իրենց բնապահպաններ և առողջապահության ոլորտի մասնագետներ են ներկայացնում, բաց նամակով դիմել էին վարչապետ Փաշինյանին՝ պահանջելով կասեցնել Հայաստանի մի շարք մետալուրգիական ընկերությունների աշխատանքը։ Դրանք, նրանց պնդմամբ, բնապահպանական միջազգային չափանիշներին չեն համապատասխանում։
Ադրբեջանցի բնապահպանները նշում են, թե հանքավայրերի շահագործումը վտանգում է ոչ միայն Հայաստանի, այլև հարևան երկրների շրջակա միջավայրը. Ադրբեջանական ՀԿ-ները 12 հանքավայրերի մասին են նշում, ցանկում են, օրինակ, Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը, Սոթքի ոսկու հանքը, դեռևս չշահագործվող Ամուլսարը, Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանը։ Նրանք վարչապետին խնդրում են բացել Հայաստանի բոլոր հանքավայրերի դռները ադրբեջանցի փորձագետների առջև ու ապահովել բոլոր պայմանները տեղում մոնիտորինգ իրականացնելու համար:
«Հայաստանի պետական և մասնավոր հատվածի կազմակերպություններն, իհարկե, հատ-հատ ի ցույց են դնում և կշարունակեն ի ցույց դնել Ադրբեջանի մեղադրանքների մտացածին լինելը», - ասաց Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը թեմայի վերաբերյալ երկար չխոսեց, միայն մի ցուցանիշով կիսվեց. ԱՄՆ Յեյլի համալսարանի պետությունների բնապահպանական վիճակի վերաբերյալ 2022 թվականի զեկույցում Հայաստանը 56-րդն է 180 երկրների շարքում, Ադրբեջանը՝ 104-ը:
«Վարկանիշային աղյուսակը չափում է պետության ձեռքբերումները բնապահպանական վիճակի տեսանկյունից, հիմնվում է բնական պաշարների կառավարման 22 ցուցանիշների և 10 կատեգորիաների վրա», - ընդգծեց կառավարության ղեկավարը:
Բաց նամակը քաղաքական նպատակներ է հետապնդում, ոչ՝ բնապահպանական. «Էկոլուր»-ի նախագահ
«Էկոլուր»-ի նախագահ Ինգա Զարաֆյանը նշեց. - «Հենց Ադրբեջանում գործում է Բաքու-Թբիլիսի -Ջեյհան նավթատարը, անցնում է Վրաստանի Բորժոմի ազգային պարկի տարածքով, և 2002, 2003, 2004, 5 թվականներին այնքան մեծ ակցիաներ են եղել վրացական ՀԿ-ների կողմից, նրանք, իհարկե, ոչ մի բան են արել»:
Հայաստանցի բնապահպանները նույնպես պատրաստվում են հայտարարությամբ արձագանքել ադրբեջանցիներին, մինչ այդ «Էկոլուր»-ի նախագահ Ինգա Զարաֆյանը շեշտում է՝ այս բաց նամակը քաղաքական նպատակներ է հետապնդում, ոչ՝ բնապահպանական։ Այդ թվում՝ իր իսկ ղեկավարած ՀԿ-ի հրապարակումների հիման վրա գրված նամակում, Զարաֆյանի պնդմամբ, բազմաթիվ փաստական սխալներ կան. - «Նրանք նույնիսկ չկարողացան ճիշտ ձևով նշել այն բոլոր ձեռնարկությունները, որոնք գործում են Հայաստանում»:
Զարաֆյանը շեշտում է՝ Հայաստանին քննադատող Ադրբեջանում բնապահպանական խնդիրները շատ ավելի լուրջ են. «Այն խնդիրները, որոնք բիզնեսն ունի իր տարածքում, այդ խնդիրները մենք պետք է լուծենք մեր օրենսդրական դաշտի շրջանակներում, և մենք լուծում ենք, և մենք, իհարկե, վերցրած պարտավորությունների շրջանակներում, որոնք նաև միջազգային փաստաթղթեր են»:
Հայաստանում գործող հանքարդյունաբերական կազմակերպությունների դեմ ադրբեջանական արշավը սկսվեց սահմանամերձ Երասխում հայ-ամերիկյան մետալուրգիական գործարանի կառուցման մեկնարկից հետո։ Նախ Ադրբեջանի բնապահպանության նախարարությունը հայտարարեց, թե այդ նախագիծը հարվածում է տարածաշրջանի բնապահպանական անվտանգությանը և կարող է աղտոտել Արաքսի ջրերը, ինչից հետո սկսվեցին կրակոցները շինհրապարակի ուղղությամբ, երկու շինարար վիրավորվեց։
Նախօրեին անձամբ Ադրբեջանի նախագահն է քննադատել Հայաստանին Երասխում գործարան կառուցելու համար, Ալիևն ասել է՝ Երևանից պահանջում են իրենց հետ համաձայնեցնել նման ձեռնարկության ստեղծումը ու ողջունել ադրբեջանական ՀԿ-ների քայլը։ Ի պատասխան Հայաստանի հանքագործների ու մետալուրգների միությունը հայտարարում է՝ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը շարունակելու է զարգանալ` անկախ սադրանքներից։
«Չենք պատրաստվում ադրբեջանական ակնհայտ քաղաքական սադրանքի բովանդակային դատարկությանը որևէ կերպ անդրադառնալ։ Բավական է նշել, որ նամակի հեղինակները ոչ միայն աղերս չունեն մասնագիտական որևէ գիտելիքի հետ, այլև չեն տիրապետում տարածաշրջանի աշխարհագրությանը, պարբերաբար մեջբերելով ինչ-որ տեղանուններ, որոնք Հայաստանում պարզապես չկան, օրինակ, Գաֆան, Գեյչա և այլն», - նշված է հայտարարությունում։
Պնդելով, թե ժամանակակից հանքարդյունաբերական չափանիշների ներդրումը Հայաստանում առավել քան ակնհայտ է, միությունը շեշտում է՝ Ադրբեջանը չէ, որ պետք է կայուն զարգացման վերաբերյալ դասեր տա։