Մատչելիության հղումներ

Բաքուն մանիպուլացնում է Արդարադատության միջազգային դատարանի որոշումը միջանցքի վերաբերյալ. Եղիշե Կիրակոսյան


Երևանն ու Բաքուն դարձյալ մեղադրանքներ են փոխանակում, այս անգամ Հաագայի դատարանի երեկվա հայտարարությունից հետո։

Հայաստանի կառավարության միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ասում է՝ Ադրբեջանը մանիպուլացնում է Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, մինչդեռ պետք է առանց վերապահումների կատարեր այն՝ բացելով Լաչինի միջանցքը։

«Ադրբեջանը, բնականաբար, հերթական անգամ մանիպուլացնում է դատարանի որոշման իմաստն ու բովանդակությունը։ Հետևյալն է ասել դատարանը, որ այս հանգամանքներում անհրաժեշտություն չի գտնում, որ փոփոխի իր կիրառած ժամանակավոր միջոցը», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։

Փետրվարին կայացված որոշումից ու Բաքվի կողմից դրա անտեսումից հետո Հայաստանը վերջերս դարձյալ դիմել էր Հաագայի դատարան՝ ահազանգելով, որ Ադրբեջանը ոչ միայն չի բացում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, այլ նաև միջանցքում անցակետ է տեղադրել։

«Միևնույն ժամանակ դատարանը երկրորդ կետով միաձայն վերահաստատել է փետրվարի 22-ին կիրառած ժամանակավոր միջոցը, որը փաստացի նշանակում է մի բան, որ դատարանը ներկա իրավիճակում էլի անհրաժեշտ է համարում ու կիրառելի է համարում այն, որ Ադրբեջանը պարտավոր է ապահովել կամ ձեռնարկել իր իրավասությամբ եղած բոլոր միջոցները, որպեսզի ապահովի անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխոչընդոտ անցումը Լաչինի միջանցքով։ Եվ վստահաբար այս որոշումը դրա մասին է», - նշեց Եղիշե Կիրակոսյանը։

Բաքուն, սակայն, պնդում է՝ Արդարադատության միջազգային դատարանը վերահաստատել է «Ադրբեջանի՝ իր սահմանները վերահսկելու իրավունքը»։ Ադրբեջանի արտգործնախարարությունը տարածած հայտարարությամբ ողջունել է դատարանի որոշումը, որն, ըստ Բաքվի, հայկական կողմը սխալ է մեկնաբանել։ Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը շարունակում է պնդել, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչներն «անցնում են սահմանային անցակետով», իսկ անցակետի տեղադրումը, ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, «պայմանավորված էր Ադրբեջանի ինքնիշխան տարածք զենքի, ռազմական տեխնիկայի և զինվորների անօրինական հոսքը դադարեցնելու հրատապ անհրաժեշտությամբ»։

Ո՞րն է լինելու հայկական կողմի հաջորդ քայլը. Եղիշե Կիրակոսյանն ասաց՝ որոշումը դեռ կողմերին չի ուղարկվել, հրապարակվել է միայն եզրափակիչ մասը, հետևաբար պաշտոնական Երևանը դեռ չի մանրամասնում իր հետագա գործողությունները։

«Նախ սպասենք որոշման ամբողջական հրապարակմանը, բայց այս պահի դրությամբ մեկնաբանությունը վստահաբար այն է, ինչ-որ կա, այսինքն՝ Ադրբեջանն ակնհայտորեն փորձում է մանիպուլացնել հերթական անգամ։ Բնականաբար, իրենց նպատակն է, որ փորձեն հնարավորինս ամեն բան, հնարավորն ու անհնարը օգտագործեն իրենց հակաիրավական վարքագիծը հիմնավորելու համար, որը, կարծում ենք, ողջամիտ չէ», - շեշտեց Եղիշե Կիրակոսյանը։

Արցախի շրջափակումը, որի առնչությամբ Հաագայի դատարանը որոշում էր կայացրել, սկսվեց դեկտեմբերին, երբ իրենց էկոակտիվիստ անվանող ադրբեջանցիները փակեցին ճանապարհը։ Պնդում էին, թե Արցախում գործող հանքերում պետք է բնապահպանական մոնիթորինգ անցկացվի։ Այժմ էլ ադրբեջանական մի քանի կազմակերպություններ են բաց նամակով դիմել վարչապետ Փաշինյանին՝ այս անգամ պահանջելով դադարեցնել Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանի կառուցումը, փակել Զանգեզուրի, Ագարակի, Թեղուտի, Ախթալայի, Կապանի հանքավայրերը։

Վարչապետին ուղղված բաց նամակում ադրբեջանական կազմակերպությունները Հայաստանում մետալուրգիական և հանքարդունաբերական ընկերությունների ներկայացուցիչներին կոչ են անում աշխատել միջազգային կանոններին համապատասխան։

Ակնհայտ է, որ Բաքուն բնապահպական նպատակներ չունի. քաղաքագետ

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը նկատում է՝ Բաքուն իր իսկ տարածքում բիրտ կերպով ճնշում է բնապահպանական շարժումները, ընդ որում՝ հենց Հայաստանի սահմանին, բայց իր քաղհասարակությանն օգտագործում Հայաստանի դեմ բացառապես քաղաքական նպատակներով։

«Ադրբեջանը փաստորեն ինչ-որ no how է հորինել միջազգային քաղաքականության մեջ և վեփոնիզացիայի է ենթարկում բնապահպանությունը, երբ որպես զենք օգտագործում ես ոչ ռազմական ինչ-որ երևույթներ, ոչ ռազմական գործիքներ։ Այս պարագայում բնապահպանությունը գործիք է դարձել Ադրբեջանի իշխանությունների համար Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիվ քաղաքականություն իրականացնելու գործընթացում», - նկատեց նա։

Քաղաքագետը հիշեցնում է վերջերս Հայաստանին սահմանակից Սոյուդլու գյուղի բնակիչների բողոքը ոսկու հանքի շահագործման դեմ։ Ոստիկանությունն ուժ էր կիրառել տեղի տարեց բնակիչների նկատմամբ։ Ակնհայտ է, որ Բաքուն բնապահպական նպատակներ չունի, նա ցանկանում է Հայաստանին դարձնել կախյալ, ձախողված մի պետություն, ասում է Գրիգորյանը. - «Ադրբեջանի հետ պատերազմական տեսլականի մասն է, այդ տեսլականն այն է, որ Հայաստանը չի կարող լիարժեք պետություն լինել, Հայաստանը ինչ-որ ձախողված պետություն է, որը իրավունք չունի բանակ ունենալ, իրավունք չունի արդյունաբերություն ունենալ, ատոմակայան ունենալ, այսինքն՝ Բաքվում մտածում են, որ արդեն կարող են թելադրել Հայաստանին, թե ինչ կարող է այն անել իր երկրի ներսում և ինչ չի կարող անել»։

Վերջին շրջանում ադրբեջանական կողմը պարբերաբար կրակում է Երասխում հայ-ամերիկյան ներդրումներով կառուցվող մետաղաձուլական գործարանի ուղղությամբ, այնտեղ նույնիսկ երկու շինարար էր վիրավորվել։

Արդյո՞ք այս պայմաններում գործարանի կառուցումը շարունակվում է։ Արարատի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արթուր Մուսիկյանը այս հարցին գերադասեց չպատասխանել, բայց դժգոհեց, որ իրեն ոչ աշխատանքային օրով անհանգստացնում ենք։ Իսկ գործարանի ներկայացուցիչն էլ հարցին՝ շինարարությունն ընթանո՞ւմ է, պատասխանեց՝ այժմ նպատակահարմար չեն համարում այս մասին խոսել։

XS
SM
MD
LG