Այսօր՝ ժամը 16:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը: Պաշտոնական Բաքուն հերքել է այս տեղեկությունը:
Ավելի վաղ էլ Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդել էր, որ ժամը 15:50-ին, ադրբեջանական զինուժը կրակ է բացել Ներքին Հանդի և Սրաշենի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ՊՆ այս հաղորդագրությանը Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը չի արձագանքել:
Այսօր Երասխի մետաղաձուլական գործարանում բարձրացվել են Հայաստանի և Միացյալ Նահանգների դրոշները։ Գործարանի ներկայացուցիչ Տիրան Հակոբյանը, լրագրողների հետ ճեպազրույցում, ասել է, որ դրոշի բարձրացումը զուտ հոգեբանական ազդեցություն կարող է ունենալ ադրբեջանցիների վրա, հայկական կողմը չի ակնկալում, որ այս քայլը հատուկ ռազմական պաշտպանություն է տալու։
Գործարանի կառուցման աշխատանքները մեկնարկել են մոտ 3 ամիս առաջ, և նախատեսվում է, որ պետք է ավարտվեն մինչև տարեվերջ, սակայն շաբաթներ առաջ Ադրբեջանի բնապահպանության նախարարությունը հայտարարեց, թե այդ նախագիծը հարվածում է տարածաշրջանի բնապահպանական անվտանգությանը և կարող է աղտոտել Արաքսի ջրերը, ինչից մի քանի օր անց սկսվեցին կրակոցները, երկու շինարար վիրավորվեց, շինտեխնիկան վնասվեց։