Մատչելիության հղումներ

«Հայաքվեի» նման նախագիծ ընդունելու պարագայում, Ադրբեջանը հարձակվելու է Արցախի, նաև Հայաստանի վրա․ իշխանական պատգամավոր


«Հայաքվեի» նման նախագիծ ընդունելու պարագայում, Ադրբեջանը հարձակվելու է Արցախի վրա, հարձակվելու է նաև Հայաստանի վրա, «Ազատության» հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ շեշտելով՝ «արմատապես և գաղափարապես մերժում եմ նման հայադավ, պետականակործան քաղաքականությունները»։

Պապոյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Ինչո՞ւ են Ձեր կանխատեսումներն այդքան չարագուշակ «Հայաքվեի» մասին, որովհետև իրենց ասածն է՝ հակառակը՝ Արցախը պահելով հնարավոր կլինի նաև Հայաստանը պահել՝ զսպել Ալիևի ախորժակը։

Պապոյան․ - Էս պահի դրությամբ, Հայաստանը կարո՞ղ է Ադրբեջանի, Թուրքիայի, Պակիստանի և իր մյուս գործընկերների հետ պատերազմել։ Ես կարծում եմ, որ դա արկածախնդրություն է, ուրիշ բան դեռ չեմ ասում, ասում եմ այս պահին, որովհետև ակնհայտ է, որ էդ պետությունները, որևէ հակամարտության դեպքում, իրենց ամբողջ ռեսուրսներով ուղղակի Հայաստանի դեմ են լինելու։

«Հայաքվեն» ասում է, որ եթե որևէ մեկը ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում, ինքը պետք է դատապարտվի 15 տարվա ազատազրկման։ Դա, եթե այլ տրամաբանությամբ նայենք, Հայաստանում որևէ մեկը չի կարող ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում, որովհետև, եթե որևէ մեկը փորձի դա ճանաչել, ինքն արդեն էլ ինչ քաղաքական գործիչ, պատգամավոր, վարչապետ, նախագահ, ինքը քրեական հանցագործ է, իրեն պետք է ձերբակալել։ Հիմա Ադրբեջանի տեսանկյունից նայենք էդ հարցին, դա նշանակում է, որ Հայաստանը երբեք Արցախը չի ճանաչում Ադրբեջանի կազմում, դա նշանակում է, որ ինքն ի՞նչ պետք է անի, դա նշանակում է, որ ինքը կա՛մ պետք է համակերպվի դրա հետ, ինչի հետ երբեք չի համակերպվել նախորդ 30 տարին էլ հետը և դրա համար պատերազմ է ինքն արել, կա՛մ պետք է հայտարարի պատերազմ։ Այսինքն՝ նման օրենքի նախագիծ ընդունելու պարագայում, Ադրբեջանը հարձակվելու է Արցախի վրա և Ադրբեջանը հարձակվելու է նաև Հայաստանի վրա։

«Ազատություն»․ - Նախաձեռնության համակարգողներից Ավետիք Չալաբյանը հենց այս տաղավարում ասում էր՝ այո՛, եթե այդպես կլինի, թող հարձակվի, դա հանձնվելուց լավ է, պայքարողին է ինչ-որ բան բաժին հասնում։

Պապոյան․ - Այսինքն՝ շատ լավ է, որ Ավետիք Չալաբյանն ընդունում է, որ իրենց գործողության արդյունքում լինելու է ադրբեջանական ագրեսիա Հայաստանում։

«Ազատություն»․ -Չէ՛, ասում է, եթե լինելու է, դրան էլ ճանապարհ կա։

Պապոյան․ - Եթե Չալաբյանների և մյուսների համար էս գործողության վերջնարդյունքը նա է, որ Հայաստանն, օրինակ, մի 20 հազար քառակուսի կիլոմետրով, կամ ավելի քչով պետք է մտնենք այլ պետության կազմի մեջ, կամ ոնց որ Ռուբեն Վարդանյանն է ասում՝ «մտնենք Ռուսաստանի կազմի մեջ և դառնանք Թաթարստան», ես արմատապես և գաղափարապես մերժում եմ նման հայադավ, պետականակործան քաղաքականությունները։

«Հայաքվե» նախաձեռնության հեղինակներն առաջարկում են Քրեական օրենսգրքում լրացում կատարել և Հայաստանի անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող պաշտոնատար անձանց համար պատիժ սահմանել՝ 10-ից 15 տարվա ազատազրկում։ Նրանք Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը քրեականացնելու նպատակով ստորագրահավաք են սկսել։

Պապոյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG