Մատչելիության հղումներ

«Հայաքվեն» սկսելու նպատակը պետության կարմիր գծերը շեշտելն է բանակցային գործընթացում. Չալաբյան


Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը քրեականացնել ցանկացող «Հայաքվե» նախաձեռնությունն այս շաբաթվա հինգ օրերի ընթացքում հավաքել է անհրաժեշտ ստորագրությունների շուրջ 30 տոկոսը՝ 14 հազար 796 ստորագրություն։

«Հայաքվեի» հեղինակները՝ հանրային, մշակույթի գործիչներ, նախկին պաշտոնյաներ ու պատգամավորներ առաջարկում են Քրեական օրենսգրքում լրացում կատարել և Հայաստանի անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող պաշտոնատար անձանց համար պատիժ սահմանել՝ 10-ից 15 տարվա ազատազրկում։

«Ստորագրահավաքի առաջին շաբաթվա տվյալներն են, մենք դեռևս 6 շաբաթ ունենք ստորագրահավաքի համար։ Եթե տեսականորեն այս տեմպով մենք շարունակենք, ապա մեր նախատեսածի կրկնակին կհավաքենք, բայց չենք ուզում այս պահին կանխատեսումներ անել։ Բնականաբար, թիվը կարող է և աճել, և նվազել, բայց համոզված ենք, որ ստորագրահավաքի այս տեմպը մեզ շատ լավ մեկնարկային պայմաններ է տալիս», - այսօրվա ասուլիսի ժամանակ ամփոփելով ստորագրահավաքի առաջին շաբաթը՝ ասաց «Հայաքվե»-ի համակարգող Ավետիք Չալաբյանը։

Հայաստանի Սահմանադրությունն է իրավունք տալիս քաղաքացիներին Ազգային ժողովին օրենքի նախագիծ առաջարկել։ Ընտրելու իրավունք ունեցող առնվազն 50 հազար մարդու ստորագրություն է անհրաժեշտ հարցը խորհրդարանի օրակարգ մտցնելու համար։ Իսկ եթե խորհրդարանն այն չհաստատի, անհրաժեշտ կլինի 300 հազար ստորագրություն՝ նախագիծը հանրաքվեի դնելու համար։

Ավետիք Չալաբյանն ասում է՝ քաղաքացիների շրջանում ոգևորությունը մեծ է. - «Դուք տեսել եք երևի, թե Ֆեյսբուքում ինչ քանակությամբ սերտիֆիկատներ են արդեն շրջանառվում, ինչ քանակությամբ հայտնի մարդիկ են միացել ստորագրահավաքին և մեր նախաձեռնությանը և ինչպիսի հպարտությամբ են իրենք Ֆեյսբուքում ցուցադրում ստորագրահավաքի արդյունքում ստացած սերտիֆիկատը, որովհետև ինչ-որ իմաստով այդ սերտիֆիկատը շատ մարդկանց համար դարձել է հայ ազգային արժանապատվության վերականգնման հավաստագիր»։

Արդյոք կարո՞ղ է նախաձեռնությունը հասնել հաջողության այն պարագայում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ է հայտարարել, որ Հայաստանը ճանաչում է Արցախն Ադրբեջանի մաս, իսկ խորհրդարանում մեծամասնությունը վարչապետի հետ տարաձայնություն չունեցող նրա ղեկավարած թիմն է. «Հայաքվե»-ի համակարգողը պնդում է՝ վարչապետի խոսքը իրավական հիմք չունի՝ իրենք այս ստորագրահավաքը սկսել են, որպեսզի Փաշինյանի հայտարարությունները իրավական ամրագրում չստանան:

«Մենք «Հայաքվեն» սկսել ենք որպես համազգային-համապետական գործընթաց, որի նպատակը մեր պետության կարմիր գծերը շեշտելն է բանակցային գործընթացում, որի նպատակը շեշտելն է, որ մենք մեր սահմանադրական կարգն ամրապնդում ենք սրանով, և բանակցային գործընթաց պետք է հենվի սահմանադրական կարգի վրա», - ասաց նա։

Իշխող «Քաղաքացիական պայմանագրում» չեն հավատում, որ այս նախաձեռնությունն Արցախը փրկելու նպատակ ունի։ Ազգային ժողովի իշխող խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն «Ազատության» հետ զրույցում պնդել էր՝ «Հայաքվեն» քաղաքական նպատակներ հետապնդող նախագիծ է։

«Իրենց իսկ բերած նախագծով սահմանված դրույթները պարբերաբար խախտվել են Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի կողմից, թող կանգնեն ու փաստացի ընդունեն դա, ասեն, թե արդյոք իրենց որոշակիորեն այս օրենքն անդրադառնում է, թե չի անդրադառնում, ու հետո կխոսենք այն մասին արդեն ըստ էության, թե սա ինչի մասին է։ Որովետև քանի դեռ նրանք դա չեն անում, ես կարող եմ պնդել ու պնդում եմ, որ սա միանշանակ ինչ-որ քաղաքական էժան նպատակներ հետապնդող նախագիծ է», - նշեց պատգամավորը։

Անցած տարի մի քանի ամիս ճաղերի հետևում հայտնված Չալաբյանը, որը մեղադրվում է ուսանողներին փողով ընդդիմադիրների ցույցերին տանելու փորձի համար, այսօր արձագանքեց իշխանականների հայտարարություններին։ Պնդեց՝ այս նախաձեռնությունը որևէ կերպ գործող իշխանությունների դեմ չէ։

«Իշխանությունից միանգամից գալիս է այդպիսի հակազդեցություն, ընդ որում ոչ միայն Ֆեյսբուքում ստատուս գրողների մակարդակով այլև պատգամավորների, պաշտոնյաների և այլն, որոնք իշխանության դեմքն են, և ես կարծում եմ, որ այն սարսափը, որ իրենք պրոյեկտում են, այն ակնհայտ խուճապը, որը առաջացել է «Հայաքվեի» արդյունքում, մի քանի պատճառ կա։ Առաջին՝ դա բացարձակ նոր նախաձեռնություն է, նախաձեռնել են հայտնի մարդիկ, որոնք նախկինում չեն եղել քաղաքականության մեջ, հիմա էլ փաստացի քաղաքականության մեջ չեն, և սա քաղաքացիական հայտ է։ Սա այս իշխանություններին սարսափ հասցնում է հենց այն պատճառով, որ իրենք փորձել են ամբողջ Հայաստանը բաժանել իրենց ու նախկինների», - հայտարարեց նա։

Ազգային ժողովի իշխող խմբակցությունից «Հայաքվեն» արդեն իսկ ձախողված են համարում։

XS
SM
MD
LG