Անընդունելի և առոչինչ․ այսպես է Արցախի խորհրդարանն արձագանքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որոնցում «անտեսված են Արցախի ինքնիշխանությունը, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստը»։ Երեկ ուշ երեկոյան Արցախի խորհրդարանում գումարված արտահերթ նիստի ընթացքում միաձայն ընդունված հայտարարությամբ արցախցի պատգամավորները պնդում են՝ Հայաստանի ղեկավարը կոպտորեն խախտում է ՀՀ անկախության հռչակագրի ու Սահմանադրության ամրագրումներն Արցախի մասին։
«Մեզ համար անընդունելի և առոչինչ են Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստն անտեսող Նիկոլ Փաշինյանի ցանկացած հայտարարություն և դրա հիման վրա կազմած որևէ փաստաթուղթ։ Արցախը երբեք չի հրաժարվելու իր պայքարի անշեղ ուղուց», - ասվում է փաստաթղթում, որը ներկայացրեց պատգամավոր Վահրամ Բալայանը։
Ուշ գիշերին հրավիրված նիստի ընթացքում ելույթ ունեցան Արցախի խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որոնք կոշտ քննադատում, դատապարտում էին Արցախի հարցով վարչապետ Փաշինյանի հայտարարությունները։
Խորհրդարանի խոսնակ Արթուր Թովմասյանը հարց ուղղեց Հայաստանի վարչապետին, որը հայտարարում է, թե Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների, անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսությամբ։
«Ի՞նչ իրավունքների, անվտանգության և երկխոսության մասին խոսք կարող է լինել, երբ Ադրբեջանն ապօրինաբար 162 օր Արցախը պահում է լիակատար շրջափակման մեջ»,- հայտարարեց Թովմասյանը՝ կարծիք հայտնելով, որ Հայաստանի առաջնորդն անտեսում ու զրոյացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռակագիրը։
Նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած կուսակցության մեկ այլ պատգամավոր՝ Աշոտ Դանիելյանը, Փաշինյանին անվանեց «կապիտուլյանտ», «ազգակործան պատուհաս», հայտարարելով, որ հայ ժողովուրդն ունի բոլոր տեսակի իրավունքները ետ պահելու Հայաստանի ղեկավարին Արցախը հանձնելուն ուղղված քայլերից։
«Այսօր նժարին դրված է Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյության հարցը, և մեր ճակատագիրը որոշելու որևէ մեկին դա չի տրվել և չի տրվելու»,- հայտարարեց Դանիելյանը։
Արցախցի քաղաքական գործիչը միաժամանակ վկայաբերեց Հայաստանի կառավարության ծրագիրը, ասաց՝ ՀՀ իշխանությունը խոստացել էր հետամուտ լինել Արցախի ինքնորոշման իրացմանը։ Արցախի նախագահի կուսակիցը պնդեց՝ եթե {Փաշինյանը} ստորագրեց որևէ փաստաթուղթ որտեղ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, դա կլինի պետական դավաճանություն։
Արցախում ընդդիմադիր դիրքերից հանդես եկող «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն, իր հերթին, հիշեցրեց 2021 թվականի Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Արցախի հարցով Նիկոլ Փաշինյանի որդեգրած «անջատում հանուն փրկության» սկզբունքի մասին։
«Այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանը, ջանք ու եռանդ չխնայելով, համոզում էր, որ այն, ըստ իրենց, կեղծ է ու անիրագործելի»,- ասաց Հակոբյանը՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանի առաջնորդը «կանգ չի առնելու», «փորձելու է փլուզել» Արցախի պետականությունը, անվտանգային համակարգը։ Ընդդիմադիր պատգամավորը Արցախի իշխանություններին դիմեց՝ հորդորելով «ամեն գնով պահպանել պետական ինստիտուտները, այլ ոչ թե խորհուրդներ ու կոմիտեներ ստեղծել՝ խարխլելով պետական ինստիտուտները»։
«Ով Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում, նա պետական դավաճան է»,- հետևելով գործընկերոջ օրինակին՝ իր հերթին, հայտարարեց Հակոբյանը։
«Արցախի ժողովրդավարական կուսակցության» պատգամավոր Գեղամ Ստեփանյանը նկատեց, որ արդեն որերորդ անգամ նույն տեղում հավաքվում են՝ արձագանքելու և հակադարձելու ոչ թե միջազգային հանրության կամ Ադրբեջանի հայտարարություններին, այլ Մայր հայրենիքի իշխանությունների՝ արցախցիներին «կործանման տանող հայտարարարություններին»։ Ստեփանյանի խոսքերով՝ իրենց կոչերն ու հորդորները Հայաստանի իշխանությունների կողմից միտումնավոր անտեսվում են, որակվում «անհասկանալի»։
Ինչ վերաբերում է Փաշինյանի վարչակազմի հայտարարություններին, արցախցի պատգամավորը դրանք որակեց «աճպարարություններ ու մանիպուլյացիաներ, սեփական ապիկարությունն ու անհեռատես քայլերը միջազգային հանրության ու նախկիններին վրա բարդելու չվերջացող զառանցանքներ»։
«Հայաստանի իշխանությունների նպատակներն ու գործողություններն այլևս պարզից էլ պարզ են, իսկ դո՞ւք, սիրելի՛ հայրենակիցներ, դուք ինչպե՞ս եք ապրելու հայրենիքը կորցրածի ու 120 հազար հայրենակիցներին բախտի քմահաճույքին հանձնելու խարանով»,- հայտարարեց պատգամավոր Ստեփանյանը՝ կոչ անելով իր խոսքերն ընդունել որպես որդիական աղերսանք և թույլ չտալ «փակել հայ ժողովրդի պատմության վերջին էջը»։
Արցախի խորհրդարանի մեծամասնության առաջնորդ Արթուր Հարությունյանը, իր անհամաձայնությունը հայտնելով երեկվա ասուլիսի ընթացքում Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, ասաց՝ ձևախեղված է խաղաղության բանաձևը, և որպես դրան հասնելու գին ներկայացված է Արցախը։
«Պատերազմի սպառնալիքի տակ հայ ժողովրդի և Արցախի հաշվին ստորագրված խաղաղությունը չի կարող ամուր հիմքեր ունենալ»,- պնդեց Հարությունյանը՝ տարակուսանք հայտնելով, թե Հայաստանի վարչապետը կասկածի տակ է դնում Արցախի անկախության վերաբերյալ լեգիտիմ փաստաթղթերը, բայց հաճախ հիշատակում բանակցային գործընթացի աշխատանքային փաստաթղթեր, որոնք չեն արժանացել կողմերի հավանությանը և չեն կարող ունենալ իրավական հիմք։
«Դա արվում է բացառապես սեփական հիմնազուրկ քայլերը հիմնավորելու համար»,- հայտարարեց Արթուր Հարությունյանը։
Դաշնակցական պատգամավոր Արթուր Մոսիյանը Փաշինյանին մեղադրեց ոչ միայն արցախցիներին, այլև Հայաստանի ժողովրդին խաբելու համար։
«Ասում էր, որ մենք Արցախի համար ունենանք այնպիսի լուծումներ, որ բավարարի բոլոր ժողովուրդներին, փաստորեն բերում է լուծում, որը բավարարում է Թուրքիայի և Ադրբեջանի ժողովրդին, բայց ոչ երբեք Հայաստանի կամ Արցախի ժողովրդին կամ էլ Հայաստանի ժողովուրդ ասելով նկատի ուներ իրեն և ՔՊ վարչախմբին»։
Մոսիյանն էլ անդրադարձավ ՀՀ վարչապետի այն հայտարարություններին, թե իր ասածներն Արցախում ճիշտ չեն հասկացել. - «Էդ ինչպե՞ս ես ասում, որ ողջ հայ ժողովուրդը մի ձև է հասկանում, դու և քո վարչախումբը՝ այլ»:
«Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանն էլ իր կարճ ելույթում միայն կոչ ուղղեց Հայաստանում բնակվող հայրենակիցներին․ - «Թույլ մի՛ տվեք այդ կործանարար իշխանությանը այսօր Արցախը սկուտեղի վրա մատուցել Ադրբեջանին»։
Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի գլխավորած կուսակցության պատգամավոր Մարսել Պետրոսյանը պնդեց՝ Արցախը որևէ մեկինը չէ, որ ում ուզեն փոխանցեն։
«Եթե ոմանց թվում է, թե Լեռնային Ղարաբաղն իրենց սեփական կալվածքն է, ցանկության դեպքում ում ուզեն, կարող են փոխանցել, չարաչար սխալվում են»,- հայտարարեց Պետրոսյանը և ընդգծեց՝ Արցախում մտադիր են ապրել, ստեղծագործել Արցախում՝ ի հեճուկս հակառակորդների՝ հարազատ, թե իրական։