Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ղեկավարը հերքել է ռուսական և ուկրաինական աղբյուրների տեղեկությունը, թե ուկրաինական կողմը կապ ունի Ստանիսլավ Ռժիցկու սպանության հետ։
Երեկ Կրասնոդարում գնդակահարված Ստանիսլավ Ռժիցկին աշխատել է քաղաքային վարչությունում, իսկ մինչ այդ եղել է սուզանավերի հրամանատար։ Ուկրաինական աղբյուրները նրա անունը կապում են անցած տարի Վիննիցայի հրետակոծության հետ, որի հետևանքով զոհվել էր ավելի քան 20 խաղաղ բնակիչ։
Ռուսական կողմը շարունակում է ռմբակոծել ուկարինական քաղաքները
Այս գիշեր հարվածի տակ էին Կիևն ու Օդեսան։ Ռուսներն օգտագործել են իրանական 28 «Շահեդ» անօդաչու թռչող սարք, որոնցից 26-ը, ուկրաինական կողմի պնդմամբ, խոցվել է։
Իսկ ուկրաինական կողմը շարունակում է հակահարձակումը միանգամից մի քանի ուղղություններով։ Ռուսները պնդում են, թե կարողանում են հետ մղել բոլոր գրոհները։ Նոր բնակավայրեր ազատագրելու մասին Կիևը վերջին օրերին չի հայտնել, սակայն պնդում է, թե առաջ է գնում է Բախմուտի ուղղությամբ և գրավել է քաղաքը շրջապատող բոլոր ռազմավարական բարձունքները։
Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը պնդել է, թե հինգ շաբաթ առաջ սկսված հակահարձակման արդյունքում Ուկրաինան ազատագրել է գրեթե այնքան տարածք, որքան Ռուսաստանը նվաճել էր վեց ամսվա ընթացքում: Ըստ այդ ուսումնասիրության, հունիսի 4-ից ի վեր ուկրաինացի զինվորականները կարողացել են հետ վերցնել մոտ 253 քառակուսի կիլոմետր։
Միաժամանակ արևմտյան մամուլը գրում է, թե ուկրաինական հակահարձակումը սպասվածից դանդաղ է ընթանում, ինչը հաստատում են նաև Ուկրաինայի իշխանությունները՝ շեշտելով, թե ռուսները կարողացել են լավ պատրաստվել և ականապատել են հսկայական տարածքներ։
Ուկրաինայի դաշնակիցները սկսել են խոսել անխուսափելի բանակցությունների մասին
Արդեն շուրջ մեկուկես տարի շարունակվող պատերազմի ավարտի մասին Կիևն ու Մոսկվան չեն խոսում։ Փոխարենը Ուկրաինայի դաշնակիցները սկսել են խոսել անխուսափելի բանակցությունների մասին։
Ճակատում Ուկրաինայի ռազմական առաջընթացի հնարավորությունների պատուհանը «քիչ թե շատ կփակվի» այս տարվա վերջին, այսօր հայատարել է Չեխիայի նախագահ Պետր Պավելը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում․ - «Այն ամենը, ինչ ձեռք կբերվի մինչև այս տարեվերջ, կդառնա բանակցությունների մեկնարկային կետը։ Մինչև 2024 թվականը մենք կտեսնենք նաև Ուկրաինային մեծ քանակությամբ զենքերով զանգվածաբար աջակցելու պատրաստակամության հերթական անկումը»:
Նշենք, որ Պետր Պավելը մինչև քաղաքականություն մտնելը ՆԱՏՕ-ի բարձրաստիճան գեներալ էր:
Առայժմ, սակայն, ուկրաինական բանակը շարունակում է ստանալ հեռահար հրթիռներ, որոնք կարող են թիրախներ խոցել 250 կիլոնետր հեռավորության վրա։ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը այսօր խոստացել է Ուկրաինային տրամադրել նաև SCALP հեռահար թևավոր հրթիռներ, դրանք Storm Shadow թևավոր հրթիռի ֆրանսիական տարբերակն են: Ավելի վաղ՝ մայիսին, Մեծ Բրիտանիան Ուկրաինային հանձնեց Storm Shadow առաջին հրթիռները։
Կրեմլը արդեն քննադատել է նախագահ Մակրոնի այս որոշումը։
«Սա, մեր տեսանկյունից, սխալ որոշում է՝ հղի հետևանքներով ուկրաինական կողմի համար, քանի որ, բնականաբար, դա մեզ կստիպի հակաքայլեր ձեռնարկել», - ասել է նախագահ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նա հավելել է, թե դա չի ազդի ռազմական գործողությունների ընթացքի վրա․ - «Նման մատակարարումները միայն բարդացնում են Ուկրաինայի ճակատագիրը»։
Ուկրաինական ուժերը այսօր լուրջ հարված են հասցրել օկուպացված Բերդյանսկին
Քաղաքի ուկրաինական իշխանությունները հայտնել են, որ հարձակման է ենթարկվել «Դյուն» հյուրանոցը, որտեղ գտնվում էր ռուսական ռազմական ղեկավարությունը։ Համացանցում հայտնվել են հզոր պայթյունի լուսանկարները։