Մատչելիության հղումներ

Փորձել եմ կապ հաստատել Ադրբեջանի պաշտոնակցի հետ. Անահիտ Մանասյան


«Ազատության» տաղավորում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն է։

«Ազատություն». - Երկու հայ զինծառայողները տասնմեկ ու կես տարվա ազատազրկման դատապարտվեցին Ադրբեջանում։ Դուք նրանց պաշտպանությամբ հեռակա զբաղվե՞լ եք։

Մանասյան. - Ուղղակի մանդատ որպես այդպիսին, չունենք նշված հարցերով զբաղվելու, բայց կան մի շարք հարցեր, որոնց հետ կապված հնարավորություն ենք ունենում որոշակի գործողություններ իրականացնել։ Եվ դա կարևոր դերակատություն ունի, քանի որ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հաստատության դերակատարություն ունենք և կարողանում ենք իրավական կոնկրետ հարցադրումների վրա լուրջ շեշտադրումներ անել։ Ի սկզբանե, անմիջապես երբ տեղեկատվությունը ստացվել ենք նրանց գերեվարվելու վերաբերյալ, մենք խոսել ենք ծնողների, հարազատների հետ և որոշակի տեղեկատվություն ենք հավաքագրել հենց հարազատներից և ծնողներից։ Մասնավորապես, նրանց պատկերացմամբ և նրանց ունեցած տեղեկատվության համաձայն գտնվելու վայրի, նրանց ընթացիկ օրվա, կենցաղի և այլնի հետ կապված։ Եվ այդ ամենը մեզ ևս հուշել է, որ անձինք առևանգվել ու գերեվարվել են Հայաստանի Հանրապետության ինքիշխան տարածքից, և այդ տեղեկատվությունը ծնողներից ու հարազատներից ստացած մենք փոխանցել ենք միջազգային կազմակերպություններին։ Ես անընդհատ կապի մեջ եմ եղել միջազգային գործընկերների հետ՝ ևս փոխանցելով ամբողջական տեղեկատվություն, նաև խնդրելով երաշխավորել նշված անձանց իրավունքները, քանի որ, կարծում եմ, որ նրանք պետք է օժտված լինեն ռազմագերուն վերաբերող բոլոր հնարավոր երաշխիքներով։ Նաև ընթացիկ իրավունքներին վերաբերելի հարցերի առնչությամբ պարբերաբար, թե' հայտարարությունների, թե' նաև միջազգային գործընկերների հետ փոխանակվող հաղորդակցության տեսքով փորձում ենք որոշակիորեն նպաստել նրանց իրավունքների երաշխավորմանը։

«Ազատություն». - Իսկ այսպիսի դեպքերում կա՞ մեխանիզմ, որ Ադրբեջանի ձեր պաշտոնակցի հետ կապ հաստատեք։

Մանասյան. - Այս պահին չունեմ Ադրբեջանի պաշտոնակցի հետ ուղիղ հաղորդակցություն։ Ես ինքս փորձել եմ կապի մեջ գտնվել Ադրբեջանի պաշտոնակցի հետ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք քաղաքական հաստատություններ չենք ներկայացնում, ապաքաղաքական հաստատություններ ենք։ Դեռևս արձագանք չունեմ։

«Ազատություն». - Եթե հետևենք այն, ինչ հաղորդում է Բաքուն, առնվազն դատավարական ինչ պետք է երաշխիքներ, ապահովել են՝ փաստաբան, վերջին խոսքի իրավունք և այլն։

Մանասյան. - Մենք պետք է ամբողջական պատկերի տեսքով էս հարցին նայենք։ Իսկ ամբողջական պատկերը հուշում է, որ Ադրբեջանը վարում է պետական մակարդակով հովանավորվող հայատյացության քաղաքականություն։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG