«Չե՞ք առարկում դատական նիստի ժամկետի մասով, կամ դեմ չե՞ք մինչև վճռի կայացումը մնալ այնտեղ, որտեղ մնում էիք». Սումգայիթի ծանր հանցագործությունների դատարանում Շիկահողի դիրքերից առևանգված երկու զինծառայողների հետ այսպիսի բարեկիրթ շփումներ են ցուցադրում ադրբեջանական լրատվամիջոցները։
Հայ զինծառայողներն ադրբեջանցի թարգմանչի միջոցով են հաղորդակցվում՝ հիմնականում կարճ բառերով կամ գլխի շարժումներով։
Այսօր դատական երկրորդ նիստն է։ Բաքուն պայմանագրային զինծառայող Հարություն Հովագիմյանին ու ժամկետային Կարեն Ղազարյանին մեղադրում է պետական սահմանն ապօրինի հատելու, ահաբեկչական գործողություններ ծրագրելու, դիվերսիոն ներթափանցման համար։
Ըստ Հայաստանի Քննչական կոմիտեի, երկու զինծառայողները մայիսի 26 ին հաց, ջուր են տարել դիրքեր ու վերադարձին առևանգվել ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից։
Սումգայիթի դատարանում այսօր երկու զինծառայողների մեղադրականն է հնչել։
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը այս տեսարանը անթերի բեմադրություն է համարում, Բաքուն նրանց հանցագործ էր դարձրել մինչև դատը. - «Որևէ դատավոր չի կարող անկախ գործել, չի կարող անաչառ լինել հայատյացության պայմաններում հայերի նկատմամբ»։
Այս դատի ելքը թեպետ կանխատեսելի է, դրան անհանգստությամբ են հետևում առևանգված զինծառայողների ծնողները։
«Առաջին նիստը հետևել եմ։ Հիմա էսօր ամբողջ օրը ոչ մի բան չեմ կարողանում իմանալ», - ասում է Հարություն Հովագիմյանի մայրը։
Այսօր հայտարարվել է, որ զինծառայողներին փաստաբաններ են տրամադրվել։ Կարեն Ղազարյանին կպաշտպանի Յուսիֆ Ալիևը, Հարություն Հովագիմյանին՝ Լեյլա Բադալովան։
Ըստ իրավապաշտպանի, սա ներկայացման շարունակությունն է. - «Մենք պաշտպանություն չունենք։ Եթե համադրեմ իրավիճակը հայրենադարձածների կողմից հայտնված տվյալների հետ, դատավարություններին նախորդող ժամանակահատվածում վերջիններս առհասարակ չեն տեսակցել հանրային պաշտպանների հետ»։
Հայաստանը Բաքվում գտնվող երկու զինծառայողներին պաշտպանելու գործնական որևէ հնարավորություն չունի։ Ըստ Սահակյանի, միակ քայլը միջազգային կառույցներին, Ստրասբուրգի դատարան դիմելն է. - «Անհապաղ միջոցի համար կառավարությունը դիմել էր։ Բոլոր դեպքերում դրան պետք է հաջորդի հիմնական գանգատի ներկայացումը»։
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակից մեկնաբանություն խնդրեցինք Ադրբեջանում դատվող երկու հայ գերիների իրավունքների պաշտպանության հնարավորության մասին։ Ասացին՝ այսօր չեն մեկնաբանի։
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը մերժել էր երկու հայ զինծառայողների վերաբերյալ նոր ժամանակավոր միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի պահանջը՝ այն հիմնավորմամբ, որ ուժի մեջ է 2020 թվականին ընդունված միջանկյալ միջոցի որոշումը, որով Ադրբեջանը պարտավորվում է ապահովել Բաքվում պահվող հայերի, այդ թվում Ղազարյանի ու Հովագիմյանի իրավունքների պաշտպանությունը։
Այս մերժումը Սիրանուշ Սահակյանը բացասական միտում է համարում. - «Տեսա նաև հավասարության նշան, որը անթույլատրելի է։ Քանի որ մերժել էր ադրբեջանցի զինծառայողների առնչությամբ Ադրբեջանի միջնորդությունը։ Կարծես թե նույն ձևով արեց հայերին։ Բայց նախկինում էդպես չէր»։
Ադրբեջանը հաստատել է, որ այժմ իրենց բանտերում 35 հայ գերիներ են պահվում։ Իրավապաշտպանը կասկած չունի, որ վերջին երկու հայերին Ադրբեջանն առևանգեց այստեղ բանտարկված իր երկու զինծառայողների՝ Բագիրովի ու սպանության համար դատապարտված Ախունդովի հետ փոխանակելու և մյուս տասնյակ հայ գերիների հայրենադարձումը ձգձգելու համար. - «Մյուս ռազմագերիներին մենք գիտենք, որ պահում են որպես պատանդներ՝ Հայաստանի իշխանությունների վրա ճնշում բանացնելու և ցանկալի քաղաքական լուծումներ կորզելու նպատակով»։
Հունիս վերջին և հուլիսի սկզբին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող բոլոր հայ գերիներին, տեղեկացանք գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունուց. - «Բոլորին տրվել է հնարավորություն ունենալ առանձնազրույց մեր պատվիրակների հետ, ինչպես նաև փոխանակվել ընտանեկան լուրերով։ Այս առումով կարող եմ հաստատել, որ վերջին երկու հայերը նույնպես տեսակցել են»։
Շիկահողի դիրքերից առևանգված պայմանագրային Հարություն Հովագիմյանի մայրը տեսազանգի կամ զրույցի հնարավորության էր սպասում, այսօր ասել են՝ նամակ կա. - «Էսօր զանգել են, որ նամակ կա։ Հիմա սպասում եմ, ինձ թվում ա, էսօր կբերեն»։