Կապանի դատարանում այսօր հրապարակվեց ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովի դատավճիռը։ Նախիջևանի զորամասի ավագ հրաձիգ, 20 -ամյա Ախունդովը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման:
Այս ադրբեջանցուն քրեական օրենսգրքի միանգամից 7 հոդվածներ են մեղսագրվում՝ զենքով ապօրինի հատել է սահմանը, անարգել շրջել Սյունիքի գյուղերով, սպառնացել Սիսիանի բնակչուհուն, ի վերջո՝ սպանել Զանգեզուրի կոմբինատի անվտանգության աշխատակից 56-ամյա Հայրապետ Մելիքսեթյանին։
Ախունդովը դատարանի դահլիճում հսկողության ներքո էր, սպանվածի ընտանիքն էլ էր դատարանում, 20 տարվա ազատազրկումը անընդունելի են համարում:
«Ցմահ բանտարկություն, ինչպես իմ եղբայրը չկա, ինքն էլ չլինի», - ասաց Մելիքսեթյանի քույրը:
Ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբան Կարեն Ալավերդյանի գնահատմամբ՝ դատական ակտը անօրինական է, հիմնավորված չէ, այն անպայման բողոքարկելու են. - «20 տարի ազատազրկումը չի զսպի թշնամի պետության զինծառայողներին կրկին ապօրինի հատել ՀՀ պետական սահմանը և Կապան համայնքի պես սահմանամերձ տարածաշրջանում կրկին կատարել նմանատիպ վայրենաբարո հանցագործություններ»:
Ապրիլի սկզբին Ախունդովը ադրբեջանցի մեկ այլ զինծառայող՝ Ագշին Բաբիրովի հետ Նախիջևանից Սյունիք էին ներթափանցել, նրանց Սյունիքի սահմանային գյուղերի բնակիչներն էին բռնել։ Բաբիրովին դատարանը 11 տարվա ազատազրկման դատապարտեց՝ սահմանն ապօրինի հատելու, հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար։ Իսկ Ախունդովը նաև սպանության համար էր մեղադրվում։ Նա դատական առաջին նիստի ժամանակ ընդունել է իր մեղքը, իսկ ինչու է սպանել կոմբինատի պահնորդին, սպանվածի քույրը դատարանում լսել է՝ հեռախոսի համար:
Սպանությունից հետո Ախունդովն այդ հեռախոսով հասցրել էր ֆեյսբուքյան հեռարձակմամբ հայրենակիցների առջև պարծենալ, թե՝ «հայերի արյուն ենք թափել, 4-5 հարյուր հայի գլուխ ենք կտրել»։
«Իմ եղբայրն իրան ի՞նչ ա արել, կգար, կասեր, էսինչը տուր, իրան բջջային էր պետք, թող բջջայինը վերցներ, ծխախոտ էր պետք, ծխախոտը վերցներ: Ինչ վերաբերում է 7-8 գնդակին, դա շատ, չգիտեմ ինչպիսի սարսափելի բան է», - ասաց Մելիքսեթյանի քույրը:
Իսկ ինչո՞ւ է զինակցի հետ թողել զորամասն ու Հայաստան հասել, քննիչներին ասել է՝ ադրբեջանական զորամասում լավ չէր:
«Ոչ կանոնադրային հարաբերություն էր իրենց զորամասում և այդ պատճառով զորամասը լքել ու Հայաստանի տարածք է անցել, ինչը մեր կողմից այդքան էլ արժանահավատ չի դիտվում», - նշեց Կարեն Ալավերդյանը:
Ի դեպ՝ պաշտոնական Բաքուն պնդում է՝ իր երկու զինծառայողները մոլորվել են, կորել են վատ եղանակի պատճառով։
Մայիսի վերջին հայ երկու զինծառայողներ առևանգվեցին Կապանի Շիկհաող գյուղի տարածքում, դիրքեր տանող ճանապարհից։ Զինծառայողներ Հարություն Հովագիմյանն ու Կարեն Ղազարյանը «Կամազ»-ով սնունդ, ջուր էին մատակարարում։ Հայաստանի իրավապահների հաղորդմամբ՝ ադրբեջանական զինված խումբն է հատել Հայաստանի սահմանն ու առևանգել զինծառայողներին:
Իրավապաշտպանների գնահատմամբ՝ Ադրբեջանը հայկական տարածքից երկու զինծառայողներին առևանգել է ադրբեջանցի երկու հանցագործների հետ փոխանակելու համար։ Բաքվի բանտերում այժմ 35 հայ ռազմագերի է պահվում։
Դատական գործընթացների հետո երկու ադրբեջանցիների փոխանակումը Հայաստանի դատախազը չէր բացառել. - «Մինչդատական վրույթում արտահանձնում չի կարելի և չի լինում, արտահանձնումները լինում են միայն դատապարտված անձանց նկատմամբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի պայմաններում»:
Սպանվածի հարազատները դեմ են, որ Ախունդովն իր երկիր վերադառնա:
Պահանջում են ցմահ պատիժ Հայաստանի բանտում։ Ընտանիքի փաստաբանը պնդում է՝ գերիների փոխանակման գործընթացում այս ադրբեջանցին չի կարող ներգրավվել, որովհետև նա ռազմագերի չէ, նա միայն կարող է արտահանձնվել, եթե Հայաստանը ցանկանա: