Մատչելիության հղումներ

Առևանգված զինվորների հանդեպ գործողությունները հակասում են միջազգային իրավունքի, այդ թվում՝ Ժնևյան կոնվենցիայի պահանջներին. ՄԻՊ


Ադրբեջանական իշխանությունների գործողությունները` Հայաստանի ինքնիշխան տարածքից հայ զինծառայողներին գերեվարելը, այնուհետև կեղծ մեղադրանքներ առաջադրելը և անարդար դատաքննության ենթարկելը մարդու իրավունքների միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ են, հայտարարում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։

«Այս գործողությունները հակասում են Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրին և միջազգային մարդասիրական իրավունքի, այդ թվում՝ Ժնևյան երրորդ կոնվենցիայի պահանջներին», - նշել է Անահիտ Մանասյանը:

Ադրբեջանի ծանր հանցագործությունների դատարանն Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքից գերեվարված երկու հայ զինծառայողներին «մեղավոր է ճանաչել Ադրբեջանի քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներ ենթադրաբար խախտելու համար» և դատապարտել 11 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:

Համաձայն ծնողներից և հարազատներից ստացված տեղեկատվության՝ Հայաստանի զինված ուժերի զինծառայողներ Կարեն Աշոտի Ղազարյանը (ժամկետային զինծառայող) և Հարություն Յուրիկի Հովակիմյանը (պայմանագրային զինծառայող) մայիսի 26-ին ՀՀ տարածքից գերեվարվել են ադրբեջանական զինուժի կողմից։

Մարդու իրավունքների պաշտպանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ զինծառայողները գերեվարվել են Հայաստանի տարածքից չընդհատվող զինված հակամարտության ընթացքում։ Մանասյանը հավելել է, որ ադրբեջանական կողմից քարոզվող հայատյացության պայմաններում վտանգված են հայ ռազմագերիների հիմնարար իրավունքները։

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիները գտնվում են խոշտանգումների, արժանապատվությունը նվաստացնող և անմարդկային վերաբերմունքի մշտական վտանգի ներքո, ինչի մասին են վկայում Պաշտպանի աշխատակազմի կողմից արձանագրած տեղեկությունները։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ուսումնասիրում և ամփոփում է վերոնշյալ տեղեկատվությունը և ներկայացնելու է միջազգային կազմակերպություններին և այլ դերակատարներին, ինչպես նաև պետական իրավասու մարմիններին։

Երկու հայ զինծառայողները սնունդ և ջուր են տանելիս եղել Զինված ուժերի մարտական դիրքեր, և Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից գերեվարվել են Ճակատեն և Շիկահող գյուղերի միջդիրքային ճանապարհից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG