Մատչելիության հղումներ

Սումգայիթի դատարանը առևանգված հայ զինծառայողներին դատապարտեց 11.5 տարվա ազատազրկման


Սումգայիթի ծանր հանցագործությունների դատարանն այսօր 11.5 տարվա ազատազրկման դատապարտեց պայմանագրային զինծառայող Հարություն Հովագիմյանին ու ժամկետային Կարեն Ղազարյանին։ Ադրբեջանը հայ զինվորներին մեղավոր ճանաչեց դիվերսիայի փորձի, Ադրբեջանում ահաբեկչություն նախապատրաստելու ու այլ ծանր հանցագործությունների համար։ Մինչդեռ, ըստ հայկական կողմի, 2 զինծառայողները մայիսին առևանգվել են ադրբեջանական դիվերսանտների կողմից, երբ Շիկահողի դիրքեր ջուր ու սնունդ էին տանում։

Ադրբեջանում ազատազրկված զինվորների ծնողներն այսօր հարցազրույց տալու սիրտ չունեին։ «Իմ երեխան հանցագործ չէ, իր ընկերների համար սնունդ է տարել՝ եկել առևանգել են», - ասաց Հարություն Հովագիմյանի հայրը։

Սումգայիթում հուլիսի 3-ին մեկնարկած դատավարությունը ընդամենը երեք օր է տևել, հայաստանցի իրավապաշտապնները գործընթացը բեմադրություն են համարում։

«Սա ֆարս է, և դատական ակտը առ ոչինչ դատական ակտ է, ընդամենը դեկորացիա է, ծիսակատարության է նման, ուղղակի շղարշ ստեղծելու նպատակ էր հետապնդում՝ նրանց անազատության մեջ պահելու օրինականության», - ասաց իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:

Տասնյակ հայ ռազմագերիների շահերը պաշտպանող Արտակ Զեյնալյանն ընդգծում է՝ Ադրբեջանում հայ զինծառայողների նկատմամբ այսպիսի դատավարությունների ժամանակ չեն ապահովվում արդարադատության ամենահիմնարար սկզբունքները:

«Ապահովված չեն Ադրբեջանի կողմից ազատազրկված զինծառայողների արդար դատաքննության իրավունքի հիմնարար սկզբունքները», - նշեց Զեյնալյանը:

Երկու հայ զինծառայողների առևանգումն ու ազատազրկումը հաջորդում է ապրիլին Նախիջևանից Սյունիքի մարզ ադրբեջանցի 2 զինծառայողների ներթափանցմանը։ Նրանցից Հուսեյն Ախունդովն արդեն 20 տարվա ազատազրկման է դատապարտվել կապանցի տղամարդու սպանության համար, իսկ մյուս ադրբեջանցին՝ Ագշին Բաբիրովը ազատազրկվել է 11 տարով՝ զենքով Հայաստանի տարածքն ապօրինի հատելու հոդվածով։

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը շեշտում է՝ Ադրբեջանը Հովագիմյանին ու Ղազարյանին առևանգել է 2 ադրբեջանցիների հետ փոխանակելու համար. - «Որպեսզի անձեռնմխելի մնան, այսպես ասած, 2020 թվականին գերեվարված անձինք, այն 33 զինծառայողները, ովքեր գտնվում են Ադրբեջանում՝ առևտրի, շահարկման համար: Մեծ ջանքեր են գործադրվում, բանակցություններ են վարվում, ներգրավվում են տարբեր միջնորդներ, որպեսզի հնարավոր լինի հետ բերել, Հայաստան վերադարձնել Ադրբեջանում ազատազրկված Հայաստանի քաղաքացիներին»:

Հնարավո՞ր է արդյոք այսպիսի փոխանակումը։ Հայաստանի գլխավոր դատախազությունից «Ազատության»-ը փոխանցեցին՝ թեմայի առնչությամբ մեկնաբանություն չունեն։ Ավելի վաղ՝ մինչև 2 հայ զինվորների առևանգումը, գլխավոր դատախազը չէր բացառել, որ երկու ադրբեջանցիները կարող են փոխանակվել. - «Մինչ դատական վարույթում արտահանձնում չի կարելի և չի լինում: Արտահանձնումները լինում են միայն դատապարտված անձանց նկատմամբ՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի պայմաններում»:

Ադրբեջանը հաստատել է, որ այժմ իրենց բանտերում 35 հայ գերիներ են պահվում։ Պաշտոնական Երևանը հայտարարում է՝ Բաքուն նրանց օգտագործում է քաղաքական սակարկումների համար։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG