Մատչելիության հղումներ

«Նրանք իրականում պատանդ են». վաղը Սումգայիթում կշարունակվի առևանգված երկու հայ զինծառայողների դատը


Բեռնատարը, որով երկու զինծառայողները սնունդ էին տարել ծառայակիցներին, 27-ը մայիսի, 2023թ.
Բեռնատարը, որով երկու զինծառայողները սնունդ էին տարել ծառայակիցներին, 27-ը մայիսի, 2023թ.

Վաղը Սումգայիթի ծանր հանցագործությունների դատարանում կշարունակվի Շիկահողի դիրքերից առևանգված երկու հայ զինծառայողների դատավարությունը։ Բաքուն նրանց մեղադրում է պետական սահմանն անօրինական հատելու, ահաբեկչական գործողություններ ծրագրելու, դիվերսիոն ներթափանցման համար, ընդ որում, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, այս ամենը հայ զինծառայողները ծրագրել են մեկ «Կալաշնիկով» ավտոմատով:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանն «Ազատության» հետ զրույցում ասաց. - «15 տարվա չափ մենք պաշտպանում ենք Ադրբեջանում հայտնված անձանց իրավունքները, և միայն [2014 թվականին ադրբեջանական գերության մեջ հայտնված և մահացած] Կարեն Պետրոսյանն է, որ պատահաբար է հայտնվել Ադրբեջանում, մնացած բոլորը առևանգված են»:

Ստրասբուրգի դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցչի խոսքով՝ սա Ադրբեջանի գործելաոճն է՝ դիվերսիոն ներթափանցմամբ առևանգել զինծառայողներին, նրանց համար որևէ պատժաչափ սահմանել, հետո սկսել սակարկումներ բանակցություններում:

«Նրանց այդ պատժաչափերը, պատժատեսակները ընդամենը դեկորացիաներ են, ընդամենը դիզայն են՝ ցույց տալու համար, որ ինչ-որ իրավական հիմք կա նրանց անազատության մեջ պահելու, իրականում պարզ է, որ նրանք ուղղակի պահվում են պատանդի կարգավիճակով», - նշեց Զեյնալյանը՝ ընդգծելով. - «Միջազգային հարաբերություններում, դիվանագիտության մեջ այդ լեզվով խոսել արգելված է»:

Պայմանագրային Հարություն Հովագիմյանն ու ժամկետային զինծառայող Կարեն Ղազարյանը մայիսի 26-ին Շիկահողի դիրքերի ճանապարհից, ըստ հայկական կողմի, առևանգվեցին, նրանք հաց, ջուր էին տարել դիրքեր ու վերադառնում էին:

«Նրանք այս երկուսին առևանգել են, որպեսզի չեզոքացնեն Հայաստանի սահմանը անցած այն երկուսի վերաբերյալ պահանջները, որպեսզի նրանք այս երկուսի դիմաց չվճարեն, այսպես ասենք՝ չվճարեն, այնտեղ գտնված 33 գերիներից ինչ-որ քանակով», - ասաց Արտակ Զեյնալյանը:

Իրավապաշտպան Զեյնալյանը վստահ է՝ Ադրբեջանը այժմ կփորձի այստեղ բանտարկված իր երկու զինծառայողներին՝ Բագիրովին ու սպանության համար դատապարտված Ախունդովին երկու հայ զինծառայողների հետ փոխանակել: Իսկ 44-օրյա պատերազմից հետո Բաքվի բանտերում պահվող մյուս 33 հայ գերիների հայրենադարձումն, ըստ նրա, կձգձգվի։ Նրանցից 10-ի պատժաչափը Բաքվի վճռաբեկ դատարանը ամիսներ առաջ վերացրել է։ Իրավապաշտպանը ենթադրում է՝ այդ 10 գերիներին վերադարձնելու ծրագիր է եղել, «սակայն, այսպես կոչված, մտափոխվել են և հարմար են գտել դրանք օգտագործել որպես խաղաքարտ»:

«Սա իրավունքում կոչվում է շորթում, շանտաժ, պատանդառություն», - շեշտեց Արտակ Զեյնալյանը:

Սումգայիթի դատարանի առջև կանգնած երկու հայ զինծառայողներին Կարմիր Խաչի ներկայացուցիչները մեկ անգամ այցելել են։ Ծնողները հեռախոսազրույցի կամ տեսազանգի հնարավորություն դեռ չեն ունեցել: «Մինչև հիմա սպասում ենք, ոչ մի տեղեկություն չկա: Ոչ զանգել է, ոչ էլ ինչ-որ մի ինֆորմացիա են տվել», - «Ազատությանն» ասաց առևանգված զինծառայողներից մեկի մայրը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG