Ավելի քան 20 օր որդիներին սպասող ծնողները լրատվամիջոցներից տեղեկացել են, որ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ադրբեջանցի պաշտոնակցի հետ ռուսաստանյան հանդիպմանը բարձրացրել է նաև իրենց զավակների հարցը։
«Ադրբեջանում շարունակում են պահվել հայ ռազմագերիներ, որոնցից 33-ը դատապարտվել են։ Առկա են նաև ուղղակի ապացույցներ Ադրբեջանի զինված ուժերի կողմից երկու հայ զինծառայողերի առևանգման մասին։ Ընդ որում, մի շարք անձանց Հայաստան վերադարձնելը մերժելն ադրբեջանական կողմը պատճառաբանում է այն հանգամանքով, որ նրանք հայտնվել են Ադրբեջանում եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, մինչդեռ հայկական կողմն ամբողջ ծավալով կատարել է Հայտարարության 8-րդ կետի պահանջները», - ասված է Գլխավոր դատախազության հաղորդագրությունում։
Նախորդ ամիս Սյունիքի մարզի սահմանամերձ Շիկահողում գտնվել էր սնունդ ու ջուր հենակետեր տարած զինծառայողների մեքենան։ Ըստ Երևանի, Հարություն Հովագիմյանին և Կարեն Ղազարյանին առևանգել է Հայաստանի սահմանը հատած ադրբեջանական զինված խումբը։ Մինչդեռ Բաքուն շտապեց նրանց մեղադրանքներ առաջադրել, այդ թվում դիվերսիոն փորձի համար։
Հարություն Հովագիմյանի մայրն ասում է, որ որդին ու ծառայակից մտերիմ ընկեր Կարեն Ղազարյանը տեղանքը շատ լավ գիտեին, ամեն օր են սնունդ հասցրել դիրքեր, հաստատ չէին մոլորվի, նրանց առևանգել են. - «Իրենք ոչ մի տեղ չեն գնացել, մեքենան իրենք էնտեղ չեն թողել-գնացել, ինքն էլ՝ շարժիչը չանջատած։ Տեղանքին շատ լավ ծանոթ են, իրենց գործին շատ լավ տիրապետում են»։
Բաքուն երկու զինծառայողների առողջական վիճակի և պահման պայմանների մասին տեղեկություն այս ամսվա սկզբին է ՄԻԵԴ-ին փոխանցել, դատարանի վերջնաժամկետով Հայաստանն այսօր պետք է Ադրբեջանից ստացած տեղեկության վերաբերյալ դիրքորոշում հայտներ։ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից այսօր այդպես էլ չփոխանցեցին՝ արդյո՞ք պատասխանն արդեն պատրաստ է։
Ամենակարևոր տեղեկությունը պայմանագրային զինծառայող Հարություն Հովագիմյանի մայրն արդեն ստացել է. որդին ողջ է։ Կարմիր խաչի միջնորդությամբ իրեն հասած նամակում Հարությունն Ադրբեջանի բանտից գրել է։
«Գրել է լավ եմ, բայց ինչ իմանամ... Ասում է, որ գալու է։ Հուսով ենք, որ կգա, որովհետև իմ տղան սխալ արարք չի գործել», - ասաց մայրը։
Հայ զինծառայողները հայտնվեցին Ադրբեջանում, երբ հայկական կողմը պաշտոնապես հայտարարեց, որ Հայաստան ներթափանցած երկու ադրբեջանցիներին որպես մոլորվածների չի վերադարձնելու, քանի որ նրանց Երևանում սպասվում է դատավարություն։