Մատչելիության հղումներ

Ըստ փաստաբանի, Բաքուն հայ գերիների մասնակցությամբ տեսանյութով ցանկանում է միջազգային կառույցների վերաբերմունքը փոխել


Բաքվի 14 րոպեանոց տեսանյութում պատերազմից հետո Խծաբերդում գերեվարված գյումրեցի պահեստազորայիններն են և երկու հայ զինծառայողներ, որ գերեվարվել էին 21 թվականին Գեղարքունիքի սահմանագծից։

Ադրբեջանական լրատվամիջոցի կադրերում տղաները ժպտում են, զբոսնում, գրադարանում ժամանակ անցկացնում, հայերեն գրքեր էլ ունեն:

«Անկեղծություն չկար, դա քարոզչական նպատակով ստեղծված տեսանյութ էր», - ասաց միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահամյանը:

Հայ գերիների շահերը Ստրասբուրգի դատարանում ներկայացնող փաստաբան Սիրանուշ Սահակյանը տեսանյութը ցուցադրական է որակում՝ այստեղ Ադրբեջանը մարդասեր է, իսկ հայկական կողմը մահացու ականներ տեղադրող:

«Երբ ցուցադրվում էին Գեղարքունիքում գերեվարված երկու զինծառայողները, ըստ որում, նրանցից 4-ն արդեն իսկ հայրենադարձվել են, նման հետևություն է կատարում լրագրողը, որ ականներ դրած և դրանով ադրբեջանցիների կյանքը վտանգած զինծառայողները խաղաղության են ձգտում իրենց զավակների համար», - ասաց Սահակյանը:

Այսպիսի տեսանյութեր էլի են եղել, չի զարմանում միջազգային իրավունքի մասնագետը, վստահ է՝ ռազմագերիները տեսախցիկների առջև կանգնում են՝ սպառնալիքների ներքո... ցուցադրված բանտային պայմանները խիստ կոկիկ են, ճեփ-ճերմակ բարձերը աչք են ծակում։ Սիրանուշ Սահակյանն ասում՝ Եվրոպայի խորհրդի հովանու ներքո գործող խոշտանգումների կանխարգելման կոմիտեի զեկույցներում Ադրբեջանի բանտային պայմանները շատ հեռու են այս ամենից։ Փաստաբանը ենթադրում է՝ Բաքուն այս տեսանյութով ցանկանում է միջազգային կառույցների, Ստրասբուրգի դատարանի վերաբերմունքը փոխել. - «Մենք արդեն տեսանք, որ ադրբեջանական գործերով Եվրոպական դատարանը հրաժարվեց անհապաղ միջոցներ կիրառել»:

Մինչև վաղը ներառյալ Ադրբեջանը պետք է Եվրոպական դատարան ներկայացնի տեղեկություններ 11 օր առաջ Շիկահողի միջդիրքային հատվածից առևանգված երկու հայ զինծառայողների մասին՝ արդյոք նրանք գերու կամ այլ կարգավիճակով Ադրբեջանի տիրապետության տակ են, եթե՝ այո, ի՞նչ պայմաններում են և առողջական ինչպիսի՞ վիճակում։ Հայաստանի կառավարությունն էր միջանկյալ միջոցի կիրառման դիմում ուղարկել Ստրասբուրգ։

Զինծառայողների հարազատները 11 օր է սպասում են որևէ տեղեկության։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները նրանց դեռ չեն այցելել։ Ինչո՞ւ, կազմակերպությունն, ինչպես սովորաբար, չի մեկնաբանում:

Հարություն Հովագիմյանն ու Կարեն Ղազարյանն անհետացել էին մայիս 26-ին՝ կամազով սնունդ ու ջուր էին տարել մարտական հենակետեր, հետո արդեն գտնվեց նրանց մեքենան։ Քննչական կոմիտեի տվյալով՝ ադրբեջանական զինված խումբն է հատել Հայաստանի սահմանն ու առևանգել զինծառայողներին։

Հարազատներն ասում են՝ տղաները տեղանքը շատ լավ գիտեին՝ մոլորվել կամ սահմանն անցնել չէին կարող։ Ժամկետային Կարեն Ղազարյանը 11 ամսվա ծառայող է, Դիլիջանից:

«Կապանի գնդում որպես վարորդ, հաց տանող զինվոր ա եղել, երկուսն էլ ճանապարհները լավ գիտեն», - ասաց հայրը:

Հարություն Հովագիմյանը պայմանագրային է՝ Կապան քաղաքից. - «Ինքը միշտ էլ էդ ճանապարհով գնում-գալիս ա, տեղյակ ա ճանապարհին, ոչ մի սանտիմ էլ ճանապարհից չի շեղվել»:

Որ զինծառայողները Բաքվում են՝ հենց դեպքի օրը հաստատեց Ադրբեջանը, բայց նրանց համարեց ահաբեկիչներ ու կալանավորեց։ Միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը չի կասկածում՝ Բաքուն հատուկ օպերացիա է արել և առևանգել երկու զինծառայողներին ադրբեջանցի երկու հանցագործների հետ փոխանակելու համար։

Ապրիլի սկզբին Նախիջևանից Սյունիք էին ներթափանցել երկու ադրբեջանցիներ, նրանցից Ագշին Բաբիրովն ընդունել է սահմանն ապօրինի հատելու, հրազեն ու ռազմամթերք տեղափոխելու մեղադրանքը, դատապարտվել 11.5 տարվա ազատազրկման, մյուս ադրբեջանցին՝ Հուսեյն Ախունդովը մեղադրվում է Զանգեզուրի կոմբինատի պահնորդին սպանելու համար, դատական առաջին նիստը Սյունիքի դատարանում կհրավիրվի այս ուրբաթ օրը։

«Վերջին շրջանում սահմանը սխալմամբ հատած զինծառայողներին վերադարձնելու վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել երկու երկրների միջև։ Դա կարևոր է և կարող է գնահատվել վստահության միջոց կողմերի միջև», - նշել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Այսօր Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պնդել է՝ իրենց զինծառայողները պարզապես մոլորվել են եղանակային վատ պայմանների հետևանքով, նրանց անազատության մեջ պահելը համարել վտանգավոր զարգացում, ձեռք բերված պայմանավորվածությունների խախտում։ Պահակակետի աշխատակցին սպանելու մասին Բայրամովը չի խոսում։

Պայմանավորվածության դրժման մասին հայտարարեց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը՝ երեկ Հանրայինի եթերում:

«Անցած տարի ապրիլին էր, եթե չեմ սխալվում, երբ որ Բրյուսելում հանդիպում տեղի ունեցավ, նախագահ Ալիևը նախագահ Միշելին խոսք էր տվել 10 գերի ազատել: Մեկ տարուց ավելի է անցել և գերիներն ազատ չեն արձակվել: Բնականաբար, հայկական կողմը այս ամբողջ ընթացքում այդ հարցը բարձրացնում է», - նշել է Գրիգորյանը:

Բաքվի բանտերում պահվող հայ զինծառայողներից 33 -ի գերության փաստն է մինչև այժմ Ադրբեջանը հաստատել, բայց նրանց վերադարձնել չի շտապում, հայ իրավապաշտպանները վստահ են՝ Ադրբեջանը գերիներին պահում է քաղաքական սակարկությունների համար։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG