ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը խոչընդոտող Անկարայի պահանջները բավարելու քայլեր են արվում, որպեսզի մինչև գալիք ամիս Վիլնյուսում կայանալիք դաշինքի գագաթնաժողովը Թուրքիայի խորհրդարանը վավերացնի Շվեդիայի անդամակցության հայտը։
Շվեդիայի կառավարությունը արտահերթ նիստում որոշել է Թուրքիային արտահաձնել Քրդակական բանվորական կուսակցության աջակիցներից մեկին, ում արտահանձնումը պահանջել էր Անկարան, հաղորդել է Շվեդիայի հանրային SVT հեռուստաընկերությունը։
Ավելի վաղ՝ մայիսի 30-ին, Շվեդիայի գերագույն դատարանը որոշել էր, որ արտահանձնման օրենքին ու մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիային համապատասխան որևէ արգելք չկա նրան Թուրքիային արտահանձնելու համար։
Խոսքը Թուրքիայի 35-ամյա քաղաքացու մասին է, որը 2013 թվականին թուրքական դատարանի կողմից դատապարտվել էր 4 տարի 7 ամիս ազատազրկման թմրանյութերի հետ կապված գործով։
Շվեդիայի գերագույն դատարանի լսումներում նա պնդել է, որ իրեն արտահանձնելու իրական պահանջը իր աջակցությունն է Քրդական բանվորական կուսակցությանը։ Նա ասել է, որ Թուրքիայում պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետո ինքը Թուրքիայից հեռացել է օրինական կարգով և Շվեդիայում աշխատելու իրավունք է ստացել։
Շվեդիայի հանրային հեռուստաընկերությունը նշում է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելուց հետո սա Ստոկհոլմի կողմից առաջին արտահանձնումն է Թուրքիային։
Ռազմական դաշինքների հարցում ավանդաբար չեզոք դիրքորոշում պահպանող Շվեդիան և Ֆինլանդիան Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու հայտ ներկայացրեցին, երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա։ Ըստ կարգի՝ նոր հայտերը պետք է վավերացվեն դաշինքի բոլոր անդամների կողմից։ Անկարան իր կողմից վավերացնելու դիմաց պահանջներ է դրել։ Որոշ ձգձգումից հետ Ֆինլանդիայի հայտը վավերացվեց, և Ֆինլանդիան արդեն ՆԱՏՕ-ի 31-րդ անդամն է։
Անկարան Ստոկհոլմից պահանջում է շուրջ հարյուր քուրդ ակտիվիստների արտահանձնում, ինչպես նաև ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել ՔԲԿ-ի աջակիցների հանդեպ՝ կուսակցության, որը Թուրքիայում ահաբեկչական է համարվում։
Անցած մայիսին Շվեդիայի խորհրդարանը հակաահաբեկչական օրենսդրությունը խստացնող փոփոխություններ է ընդունել, որոնք ուժի մեջ մտան հունիսի 1-ից։
Անկարայում վաղը նախատեսված է ՆԱՏՕ-ի, Թուրքիայի, Շվեդիայի ու Ֆինլանդիայի ներկայացուցիչների հանդիպում։ Ըստ թուրքական մամուլի՝ վաղվա հանդիպումը վճռորոշ նշանակություն է ունենալու, որի արդյունքից հավանաբար պարզ կլինի, թե արդոք Անկարան մինչև ՆԱՏՕ-ի գագաթնաժողվը կվավերացի Շվեդիայի հայտը։
ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովը տեղի է ունենալու հուլիսի 11-12-ին Լիտվայում։
Շվեդիան լիահույս է, որ կանդամակցի Հյուսիսատլանտյան դաշինքին։ Վարշավայում Լեհաստանի արտգործնախարարի հետ մամուլի համատեղ ասուլիսում Շվեդիայի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Տոբիաս Բիլստրոմն ասել է, որ Շվեդիան անդակցության առաջին իսկ օրվանից պատրաստ է լինել դաշինքի ակտիվ և հավատարիմ անդամ և նպաստել բոլոր անդամների անվտանգությանը։
«Մենք պատրաստ ենք նպաստել Բալթիկ ծովի տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ներկայության ուժեղացմանը, օդային պարեկությանը և այլ համագործակցությանը՝ ազգային անվտանգության համար։ Մենք դատապարտում ենք բոլոր ահաբեկչական կազմակերպությունները, այդ թվում՝ ՔԲԿ-ն, որոնք հարաձկումներ են իրականացնում»,- հայտարարել է Շվեդիայի արտգործնախարարը, նշելով, որ 2010 թվականից Շվեդիան գտնվում է ահաբեկչության բարձր սպառնալիքի տակ, որի լուծումը պահանջում է ազգային և միջազգային ակտիվ ջանքեր։