Մատչելիության հղումներ

Ստոլտենբերգ․ «Որևէ երաշխիք չկա, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցը կլուծվի մինչև Վիլնյուսի գագաթաժողովը»


ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցում անորոշությունը պահպանվում է։ Չնայած Ստոկհոլմը կատարել է ստանձնած գրեթե բոլոր պարտավորությունները, որևէ երաշխիք չկա, որ սկանդինավյան այս պետության՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու մասին կհայտարարվի հուլիսի 11-ին Վիլնյուսում մեկնարկող գագաթաժողովի ընթացքում։

Այս մասին նախօրեին Բրյուսելում հրավիրված ասուլիսում հայտարարում էր ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ նշելով, որ չնայած շվեդական կողմի ջանքերին, Թուրքիայի իշխանությունները շարունակում են առարկություններով հանդես գալ. - «Վերջին անգամ, երբ ես Ստամբուլում հանդիպեցի նախագահ Էրդողանի հետ, ասացի նրան, որ Շվեդիան կատարել է [ստանձնած պարտավորութունները]՝ փոխել են սահմանադրությունը, խստացրել են հակաահաբեկչական օրենսդրությունը, վերացրել են Թուրքիա սպառազինության մատակարարումների բոլոր սահմանափակումները։ Այս շաբաթ Ստոկհոլմը նաև հայտարարեց Քրդական բանվորական կուսակցության (PKK) հետ առնչություններ ունեցող մի անձի արտահանձնման մասին, ինչը ևս լավ երևույթ է թե' ահաբեկչության և թե' հանցավորության դեմ պայքարի տեսանկյունից։ Այնպես որ, դեռ հնարավոր է, որ այս հարցը լուծվի մինչև Վիլնյուսի գագաթաժողովը։ Ճիշտ է, նման ելքը երաշխավորել ես չեմ կարող։ Այնուհանդերձ հնարավորություն կա, որ համաձայնագիրը կնքվի մինչև Վիլնյուսի հավաքը, և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»։

Յենս Ստոլտենբերգ
Յենս Ստոլտենբերգ

Անկարայից հնչող վերջին հայտարարությունները սակայն վկայում են, որ թուրքական իշխանությունները գոնե այս պահին ՆԱՏՕ-ի դաշնակիցների բանեցրած ճնշմանը տեղի տալու որևէ մտադրություն չունեն։ Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը, օրինակ, Բաքվից վերադարձի ճանապարհին օդանավում զրուցելով իրեն ուղեկցող լրագրողների հետ՝ հայտարարել է, որ Անկարան Ստոկհոլմին ևս մեկ պահանջ է ներկայացնում։

«Շվեդիան ՆԱՏՕ-ի անդամակցության հարցում Անկարայից կանաչ լույս չպետք է ակնկալի, քանի դեռ որևէ քայլ չի ձեռնարկում Ստոկհոլմում կազմակերպվող հակաթուրքական բողոքի ակցիաները կանխելու ուղղությամբ», - հայտարարել է Էրդողանը՝ ընդգծելով, որ Թուրքիան այս հարցում դրական մոտեցում որդեգրել չի կարող, քանի դեռ «ահաբեկիչները շարունակում են ցույցեր կազմակերպել Շվեդիայի մայրաքաղաքում»։

Թե' Էրդողանի և թե' Ստոլտենբերգի այս հայտարարությունները հնչում էին Անկարայում ընթացող քառակողմ բանակցություններին զուգահեռ, որոնց մասնակցում էին թուրքական կառավարության դիվանագիտական և ուժային բլոկերի բարձրաստիճան պաշտոնյաները, ՆԱՏՕ-ի, ինչպես նաև Շվեդիայի և Ֆինլանդիայի ներկայացուցիչները։

Եվ եթե Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը արդեն փակված է, և այդ երկիրը, կատարելով թուրքական կողմի բոլոր պահանջները, դեռ ապրիլին դաշինքի լիիրավ անդամ դարձավ, ապա Շվեդիայի շուրջ տարաձայնությունները երեկ կայացած բանակցությունների առանցքային օրակարգային կետերն էին, տարաձայնություններ, որոնք, դատելով շվեդական կողմի հայտարարություններից, հաղթահարված չեն։

«Ներկայացնելով շվեդական կողմը՝ ես կարող եմ պնդել, որ մենք բավարար քայլեր ենք ձեռնարկել անդամակցության մեր հայտի վավերացմանը հասնելու համար։ Այսօր սակայն մենք որևէ որոշման չեն հանգել և պայմանավորվել ենք Վիլնյուսի գագաթաժողովին ընդառաջ շարունակել բանակցությունները։ Դրանից հետո միայն մենք կարող ենք տեսնել, թե իրադարձություններն ինչպես են զարգանում։ Ես չէի ցանկանա այժմ շահարկումների մեջ մտնել, քանի որ սա Թուրքիայի, ինչպես նաև մեր հայտը չվավերացրած ևս մեկ պետության՝ Հունգարիայի որոշումը պետք է լինի», - Անկարայում կայացած բանակցությունների ավարտին հայտարարել է շվեդական պատվիրակության ղեկավար Օսկար Ստենստրյոմը։

Շվեդ դիվանագետի խոսքից նաև պարզ էր դառնում, որ Ստոկհոլմը արդեն իսկ բավական լուրջ զիջումների է գնացել՝ չբացառելով անգամ, որ Շվեդիայի տարածքում Քրդական բանվորական կուսակցության դրոշի ներքո անցկացվող բողոքի ակցիաները կարող են իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվել, իսկ դրանց մասնակիցները որոշ դեպքերում նույնիսկ քրեական հետապնդման կարող են ենթարկվել։ Եվ չնայած այս ամենին, երեկ Անկարա ժամանած շվեդ դիվանագետները անդադար հայտարարում էին՝ սխալ են պնդումները, թե Ստոկհոլմը հարմարավետ պայմաններ է ստեղծում Թուրքիայի դեմ պայքարող քրդական կառույցների համար։

«Շվեդիան ահաբեկչության անվտանգ հանգրվան չի հանդիսանում։ Մենք ապաստան չենք տրամադրում Քրդական բանվորական կուսակցությանը։ Ավելին, մենք խորացրել ենք մեր համագործակցությունը թուրքական ոստիկանության, անվտանգության ծառայությունների հետ՝ նպատակ ունենալով ահաբեկչության դեմ պայքարն է'լ ավելի արդյունավետ դարձնել։ Ես դա ասում էի մարտ ամսին կայացած հանդիպման ժամանակ, կրկնում են նաև այսօր՝ մենք նույնիսկ քրեական պատասխանատվության ենթարկված կոնկերտ անձանց կարող ենք ներկայացնել», - հայտարարել է Ստենստրյոմը։

Գրեթե հարյուր տարի առաջ չեզոքության քաղաքականություն որդեգրած և վերջին անգամ 19-րդ դարի սկզբում պատերազմին մասնակցած Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշումը կայացրեց 2022 թվականի գարնանը, Ուկրաինա ռուսական ներխուժման մեկնարկից մի քանի շաբաթ անց։ Դատելով երկրում անցկացված սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքներից, Շվեդիայի բնակչության մեծամասնությունը կողմ է Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելուն։ Եթե 2014-ին այս գաղափարի օգտին հանդես էր գալիս Շվեդիայի բնակչության ընդամենը 28 տոկոսը, ապա այսօր չեզոքության քաղաքականությանը վերջ տալու կողմնակիցների թիվը հասնում է 74 տոկոսի։

XS
SM
MD
LG