Բաքուն արցախցիներին հրավիրում է Աղդամ- Ստեփանակերտ ճանապարհից օգտվել։ Ադրբեջանի արտգործնախարարը այսօր այդ երկրում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ ասել է՝ պատրաստ են հնարավորություն տալ, որ առողջական խնդիրներով մարդիկ ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ անցնեն Հակարիի անցակետով, իսկ արցախցիների մյուս կարիքների համար առաջարկել է Աղդամ-Ստեփանակերտը։
Ուժով ինտեգրում. Ստեփանակերտի բնակչուհի Գայանե Առստամյանը վստահ է՝ Արցախն այս առաջարկին ոչ է ասում։ Ի՞նչ կա Աղդամում, լսել է միայն այն, որ ադրբեջանցիներն այնտեղ 30 հազար տեղանոց բանտ են կառուցում։
Աղդամը Խրամորթի ուղիղ տեսադաշտում է՝ ակտիվ ձայներ ու լույսեր են, ասում է խրամորթցի Հասմիկ Անդրյանը. - «Աղդամում իրիկունը մենք լույսեր ենք տեսնում, ընդամենը լույսեր ու շատ-շատ, բայց ցերեկները հեռվից ոչինչ չի նկատվում, շենքեր են նկատվում, չգիտեմ՝ գործարաններ են կառուցվում, թե ոնց, բայց ձայները լսվում են»։
Տիկին Հասմիկը չգիտի, թե ինչ կա Աղդամի խանութներում, գիտի, թե ինչ չկա Արցախի ողջ տարածքում. - «Քանի օր է՝ շաքարավազ բառը ոչ մի խանութում չկա, ձեթ բառը թեկուզև կտրոնով չկա, ու շատ հարևաններ այս պահին չունեն ձեթ, չկա առնելու ոչ մի տեղից»։
Այնուամենայնիվ, բացառում է, որ որևէ մեկը կցանկանա ձեթի բալոններ կամ շաքարավազի պարկեր ստանալ Ադրբեջանից. - «Չեմ հավատում, որ որևէ մի հայ ուզենա դեպի Աղդամ իջնել ինչ-որ մի բան առնելու, թեկուզ հայերին դա թույլատրված չի, որևէ մեկն էլ չի ուզենա իրենց հետ ընդհանրություն ունենալ»։
Ուղղաթիռով առաջին տեղաշարժը չի նշանակում, թե նոր կայուն մեխանիզմ է գործելու հումանիտար խնդիրները լուծելու համար. Արտակ Բեգլարյան
10-րդ օրն է, ինչ Արցախը լիակատար շրջափակման մեջ է. արգելափակված է նաև Կարմիր խաչի ու ռուս խաղաղապահների մեքենաների շարժը Հակարիի անցակետով։ Երկօրյա բանակցություններից հետո այսօր առավոտյան ռուս խաղաղապահները ուղղաթիռով են մեկ տարեկան արցախցի փոքրիկին Երևան տեղափոխել։ Մոնթեն ծայրահեղ ծանր վիճակում, վիրուսային էնցեֆալիտ հեմոռագիկ կոմպոնենտով ախտորոշմամբ Ստեփանակերտի մանկական բուժհաստատության վերակենդանացման բաժնում էր։ Տեղափոխությունն այնքան էր ձգձգվել, որ նրա մոտ արդեն ցնցումներ էին սկսվել։ Փոքրիկն այժմ «Արաբկիր» բուժկենտրոնում է։
«Միանշանակ է, որ մի դեպքի հարց է լուծվել խաղաղապահների կողմից, թե խաղաղապահների և ադրբեջանական կողմի միջև ինչ մանրամասներ են եղել բանակցությունների, որոշակի խոչընդոտներ լսել եմ, որ եղել են, այսինքն՝ եթե չլիներ, երկու օր չէր տևի այս գործընթացը», - «Ազատությանն» ասաց Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։
Նա շեշտում է՝ ուղղաթիռով այս առաջին տեղաշարժը չի նշանակում, թե նոր կայուն մեխանիզմ է գործելու հումանիտար խնդիրները լուծելու համար, այդպիսի միակ մեխանիզմը Լաչինի միջանցքի բացումն է, քանի դեռ այն փակ է, ռուսներն այսօր ուղղաթիռով Հայաստանից խիստ անհրաժեշտ դեղորայք են տարել Ստեփանակերտ իրենց և բնակիչների համար։
«Հունիսի 15-ից ի վեր որևէ մատակարարում տեղի չի ունեցել Արցախ ոչ խաղաղապահների համար, ոչ Կարմիր խաչի համար, ոչ Արցախի բնակչության համար, հետևաբար խաղաղապահներն էլ, բնականաբար Կարմիր խաչն էլ թեև խիստ աշխատակիցներ են, բայց իրենք էլ իրենց կարիքներն ունեն, բնականաբար», - նկատեց նա։
Հակարիի անցակետը երկու օր առաջ Ադրբեջանը նաև բետոնե արգելապատնեշով փակեց։
Այսօր առավոտյան բետոնե շերտերը նույն ճանապարհի վրա զիգզագաձև են շարվել, այդ զիգզագների տարածքում այսօր Բաքուն հյուրերի է ընդունել` օտարերկրյա դիվանագետներ։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ դեսպաններին պատմել են, որ «ճանապարհը փակ չէ, այդտեղով Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հիվանդների է տեղափոխում»։ «Որոշ սահմանափակումներ կան», ասել են, որ կապված են վերջին միջադեպի հետ, նկատի ունեն հունիսի 15-ին կամրջի հայկական հատվածում իրնեց դրոշը տեղադրելու չհաջողված փորձը։ Արցախի պետնախարարի խորհրդականն այսպիսի այցերը անընդունելի ու սադրիչ է համարում։
«Շատ կարևոր է, որ այս երկրների դիվանագետները պնդեն, ու այս երկրների կառավարությունները, որ իրենք մուտք ունենան հենց մեր վերահսկողության տակ գտնվող տարածքներ, այսինքն՝ Արցախի բնակչության իրավիճակը հասկանան, որովհետև խնդիրները հենց այստեղ են, ոչ թե Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում։ Եթե իրենք Լաչինչ միջանցք և Արցախի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող տարածքներ մուտք չունեն, ուրեմն անընդունելի է, որ իրենք այցելում են Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներ և միայն իրենց «ճշմարտությունն են տեղեկանում»», - ասաց նա։
Դիվանագետները անցակետում են շրջել, գնացել Լաչին, ծանոթացել բնակելի նոր թաղերին, քայլել Հեյդար Ալիևի փողոցով։ Լաչինի միջանցք այցելած դիվանագետների անունները չեն հրապարկվել, կադրերում երևում են Ադրբեջանում Իրանի դեսպանը, Ղազախստանի, Տաջիկստանի դեսպանները։ Վերջինս ասել է. - «Մեզ տեղեկացրին, որ պայմանավորվածությունները իրագործվում են, մարդիկ հանգիստ գնում- գալիս են, սահմանն անցնում առանց որևէ խոչընդոտի»։