Մատչելիության հղումներ

Արցախից տեղահանվածների մեկ քառորդն անգամ դեռ չի կարողացել տուն գնել հիփոթեքային ծրագրով


Արցախից տեղահանվածների մեկ քառորդն անգամ դեռ չի կարողացել տուն գնել Հայաստանի կառավարության հիփոթեքային ծրագրով. կես միլիոն դրամի կանխավճար չի հավաքվում՝ բանկերի հետ գործարք սկսելու համար, մարդկանց վարկային վատ պատմությունը միանգամից մերժման պատճառ է դառնում, տներն էլ օր-օրի են թանկանում։

Թերևս այդ դժվարությունները մեղմելու համար անցած շաբաթ կառավարությունը փոփոխեց տեղահանվածների բնակարանային աջակցման ծրագիրը. 5 տոկոս կանխավճարն այլևս է 2,5 տոկոս է։ Մեկ տարով՝ մինչև մյուս տարվա հուլիսի 1-ը երկարաձգվում է հավաստագրի ժամկետը։

Լուծո՞ւմ է արդյոք այս փոփոխությունը տեղահանված արցախցիների խնդիրները։ «Ազատության» հետ զրույցում շատերն ասացին՝ մեծ հաշվով՝ ոչ։

«Իրականում ոչ մի փոփոխություն չկա մեջը, տոկոսն իջացնելով մեկ ա, մարդկանց մի տոկոսը կարողանա օգտվի, թե՝ չօգտվի: Կանխավճարն էլ խնդիր ա, ոչ մեկս չենք կարող տան վարձ տալ ու գումար էլ կուտակել, թե կանխավճար ենք վճարում», - ասաց բերձորցի Իննա Բաբայանը:

44-օրյա պատերազմի հետևանքով տուն, աշխատանք կորցրած բերձորցի Իննա Բաբայանը 4 վարձով տուն է փոխել այս ընթացքում։ Հայաստանի սահմանամերձ գոտում տուն գնելու դեպքում պետությունը 14 միլիոն է առաջարկում։ Բայց ընտանիքը 2-րդ անգամ ռիսկի պատրաստ չէ դիմել։ Պետության առաջարկած 8 միլիոնով Երևանում բնակարան գտնելն իրատեսական չէ, չեն կարողանում օգտվել նաև մարզերում մի շինություն գտնելու համար նախատեսված 10 միլիոն դրամ վարկից։

«Եթե ես 10 միլիոնով տուն եմ գտել, ինչի է բանկը նայում իմ վարկային պատմությունը, ու էդ վարկային պատմությունը.... հաստատ մեր կամքով չենք հայտնվել «սև ցուցակում», ու էդ գումարը տալու է կառավարությունը, ոչ թե մենք: Այսինքն՝ բանկը չի՞ վստահում կառավարությանը», - նշեց Բաբայանը:

Ծրագրի փոփոխությամբ 4 և ավելի անչափահաս երեխա ունեցող կամ բացառապես թոշակառուներից կազմված ընտանիքների համար կանխավճարը 1 տոկոս է դարձել։

Բերձորից տեղահանված 4 անչափահաս երեխաների մայր Օֆիկ Առաքելյանը 70 հազար դրամ վարձ է վճարում Արտաշատի ոչ բարվոք վիճակում գտնվող տան համար։ Ապրուստի միակ միջոցն ամուսնու 7000 դրամ օրավարձով աշխատանքն է։ Այդքանը տան վարձին, կոմունալներին ու սնունդին հազիվ է հերիքում, ուր մնաց, թե կարողանային մի բան էլ կողքի դնել՝ կանխավճարի համար։ Ու նորից վարկային վատ պատմության մասին է ակնարկում բազմազավակ մայրը։

«Հարց չի լուծում, մեր գյուղապետը զանգել է, տեղեկություն էր հարցնում՝ որտեղ ենք ապրում, տուն գնել ենք, թե՝ չէ, ես իրանց ասացի, որ տուն չենք կարա գնենք, որովհետև վարկերը դեռ չեն մարվել, ասաց՝ ինչ-որ վարկային մասում էլ փոփոխություն է լինելու, չգիտեմ՝ որքանով է ճիշտ», - ասաց Առաքելյանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ փոփոխության արդյունքում ոչ միայն սերտիֆիկատի տերը, այլև նրա՝ վարկային լավ պատմությամբ որևէ մոտ ազգական կարող է գործարք սկսել բանկի հետ։ Արցախցիների համար, սակայն, սա էլ մխիթարանք չէ, ասում են՝ մեկը լինի՝ իրենց հարազատներին օգնի, բոլորը նույն վիճակում են։

Շրջափակումից հետո ծրագիրը չի վերանայվել Արցախի համար։ Դեռ գործում է 12 միլիոն դրամ հիփոթեքային վարկով աշխարհի հետ կապը կորցրած Արցախում տուն ձեռք բերելու առաջարկը։ Պաշտոնական տվյալներով, սակայն, 9 ամիսների ընթացքում ընդամենը մեկ հոգի է Արցախում տուն գնել։ Տեղահանված մարդիկ տարակուսում են՝ այդ ինչպե՞ս տեղափոխվեն Արցախ։ Զուգահեռ Արցախից էլ Հայաստան չեն կարողանում գալ հիփոթեք ձևակերպելու համար։

«Չեմ կարում գամ Հայաստան, ես մինչև հիմա Ստեփանակերտ էլ չէի կարողանում գամ, Բերդաձորն ընդհանրապես երկկողմանի է շրջափակման մեջ, այսօր հաջողվել է եկել ենք Ստեփանակերտ», - նշեց Գեղամ Հարությունյանը:

Լաչինից տեղահանված, այժմ կրկնակի շրջափակման մեջ հայտնված Մեծ Շենում գտնվող Գեղամ Հարությունյանի հույսը ժամանակակից տեխնոլոգիաներն են. էլեկտրոնային տարբերակով սերտիֆիկատն ու լիազորագիր ուղարկել է Հայաստան՝ դստերը։ Վստահ չէ, սակայն, բանկերն այս պայմաններում գործարք կսկսե՞ն, թե՞ հիմա էլ նոր խոչընդոտներ ի հայտ կգան։

XS
SM
MD
LG