Մատչելիության հղումներ

Հակաահաբեկչական գործողություններ Ռուսաստանում. Կրեմլը մեղադրում է Պրիգոժինին ռազմական հեղաշրջման մեջ


Ռուսաստանում կեսգիշերից անվտանգության աննախադեպ միջոցներ են ձեռնարկվել, որոնք շարունակվում են մինչ այս պահը: Մոսկվայում հատուկ հսկողության տակ են առնվել կառավարական կառույցներն ու ճանապարհները, Կրեմլի մերձակայքում երթևեկում են զրահամեքենաներ. առնվազն մեկ քաղաք`Դոնի Ռոստովը գտնվում է «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման հսկողության տակ:

Պուտինը հայտարարում է դավաճանության, Անվտանգության դաշնային ծառայությունը` ռազմական հեղաշրջման փորձի մասին, որը կազմակերպել է «Վագներ»-ի ղեկավար, Պուտինի երբեմնի խոհարար Եվգենի Պրիգոժինը։

«Սա հարված է թիկունքից», - ժամեր առաջ հայտարարել է Կրեմլի ղեկավարը`իրադարձությունները համեմատելով Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած հեղափոխության հետ:

«Սա թիկունքից հարված է մեր երկրին ու ժողովրդին, հենց այդպիսի հարված էր հասցվել 1917 թվականին, երբ մեր երկիրը մասնակցում էր Առաջին աշխարհամարտին: Մենք թույլ չենք տա, որ դա կրկնվի, կպաշտպանենք թե՛ մեր ժողովրդին, թե՛ մեր պետականությունը ցանկացած սպառնալիքից, այդ թվում`ներքին դավաճանությունից: Իսկ այն, ինչին ականատես ենք, հենց դավաճանություն է, որին հանգեցրել են չպատճառաբանված հավակնություններն ու անձնական շահերը», - հայտարարել է ՌԴ նախագահը։

Մոտ հինգ րոպեանոց ելույթում Պուտինը Պրիգոժինի անունը որևէ անգամ չի տվել: Բայց ընդգծել է, որ պետության արձագանքը կլինի կոշտ ու անողոք. «Դիմում եմ ռուսաստանցիներին, զինված ուժերի անձնակազմին, իրավապահներին ու հատուկ ծառայութունններին: Դիմում եմ նաև նրանց, որոնց խաբեությամբ կամ սպառնալիքներով ներքաշել են հանցավոր արկածախնդրության մեջ, դրդել զինված խռովության: Գործողությունները, որոնք պառակտում են մեր միասնությունը, փաստացի նշանակում են ուրանալ մեր ժողովրդին, դավաճանել զինվորական ընկերներին, որոնք այս պահին մարտնչում են պատերազմի դաշտում»:

Պուտինի ելույթից մի քանի ժամ անց Պրիգոժինը պատասխանեց, թե չի պատրաստվում հանձնվել: Ճիշտ հակառակը`վստահ է, որ իրենց շուտով նորանոր զինյալներ կմիանան. - «Ինչ վերաբերում է հայրենիքի դավաճանության մեղադրանքներին`նախագահը (Պուտինը- խմբ.) խորապես սխալվում է: Մենք հայրենասերներ ենք, կռվել ենք և կռվում ենք, ու որևէ մեկը չի պատրաստվում նախագահի, Դաշնային անվտանգության ծառայության կամ ինչ-որ այլ մեկի պահանջով հանձնվել, որովհետև մենք չենք ուզում, որ մեր երկիրը շարունակի ապրել կոռուպցիայի, բյուրոկրատիայի և խաբեության մեջ», - ասել է նա:

Սիրիայում, Ուկրաինայում և այլ հակամարտություններում մեծ դերակատարություն ունեցած «Վագներ»-ի առաջնորդի և Ռուսաստանի ռազմական ղեկավարության միջև տարաձայնությունները նկատելի էին տարեսկզբից. Պրիգոժինը պարբերաբար ուղիղ եթերում քննադատում էր Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը անարդյունավետ քայլերի, մեծ կորուստների ու չհաշվարկված որոշումների համար: Նախօրեին, սակայն, թեժացած կրքերը հասան կիզակետին. Պրիգոժինը պնդեց, թե անձամբ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրամանով ռուսական բանակը հրթիռակոծել է իր վարձկանների դիրքերը, ուստի ինքը «արդարության երթ է սկսում» դեպի Մոսկվա`մեղավորներին պատժելու համար:

«Մենք 25 հազար ենք և գնում ենք`պարզելու`ինչու է երկրում ամենաթողություն տիրում: Ով ուզում է`թող միանա, պետք է պատժել նրանց, որ կործանել են հազարավոր ռուս զինվորների կյանքեր»,- հայտարարել է վարձկանների առաջնորդը`սպառնալով «վերացնել նրանց, որ դիմադրություն ցույց կտան»:

Այս ելույթից ժամեր անց արդեն Պրիգոժինը հայտարարեց, թե իր վարձկանները վերահսկողության տակ են առել Ռոստովի և Վորոնեժի բոլոր ռազմական օբյեկտները: Դրանք ծառայում էին որպես լոգիստիկ կարևոր կենտրոն Ուկրաինայի դեմ պատերազմող ռուսական զինուժի համար:

«Մենք Ռոստովի ռազմական կենտրոնակայանում ենք, առավոտյան 7։30 է, մենք վերահսկողության տակ ենք առել Դոնի Ռոստովի ռազմական օբյեկտները, այդ թվում`օդանավակայանը, որպեսզի ռազմական օդուժը իր հարվածները հասցնի ուկրաինական ուժերին, ոչ թե մեզ», - հայտարարել է նա:

Reuters-ը տեսանյութեր է տարածել, որում երևում է`ինչպես են «Վագներ»-ի վարձկանները շրջապատել վարչական շենքերը, փողոցներում զրահամեքենաներ են կանգնած:

Վորոնեժում, ըստ վերջին տեղեկությունների, նավթային ամբարում հրդեհ է բռնկվել: Կրակը, ըստ հաղորդումների, բռնկվել է պայթյունից հետո, համացանցում հրապարակված կադրերում նաև ուղղաթիռ է երևում, սակայն հայտնի չէ`արդյոք այն որևէ կապ ունի պայթյունի ու հրդեհի հետ:

Լիպեցկի նահանգապետը հայտարարել է, թե «Վագների» զինտեխնիկան սկսել է տեղաշարժվել մարզի տարածքով:

«Իրավապահ մարմիններն ու իշխանությունները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները բնակչության անվտանգությունն ապահովելու համար, իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ», - ասել է նահանգապետը`չմանրամասնելով`պատրաստվում են արդյոք քայլեր ձեռնարկել վարձկանների տեղաշարժը կանգնեցնելու համար:

Փաստացի, վագներովցիները սկսել են շարժվել երեկ կեսգիշերից` Ուկրաինայի հետ սահմանից քիչ հեռու գտնվող Ռոստովից, անցել են Վորոնեժն ու հասել Լիպեցկ, որը գտնվում է դեպի Մոսկվա տանող M4 միջպետական ճանապարհի վրա: Մինչ զինվորական շարասյունը առաջ է շարժվում, «Ազատության» Настоящее время-ի թղթակիցը Դոնի Ռոստովից հաղորդում է`քաղաքի կենտրոնում երթևեկությունը դադարեցվել է, փողոցներում կանգնած են զինվորականներ, իրավիճակը հանգիստ է, կարծիքները`տարբեր. - «Ես չեզոքություն եմ պահպանում, կարծում եմ`օրինականությունն ու արդարությունը պետք է հաղթեն», - ասել է բնակիչներից մեկը:

Մյուսն էլ պնդել է, թե սատարում է ապստամբներին. - «Սրանք այն տղաներն են, որ ի սկզբանե պատերազմի դաշտում են և հիմա եկել են այստեղ, որ պատմեն մեզ`ինչ է կատարվում: Կառավարությունը չի լսում նրանց, դրա համար էլ եկել, հասել են այստեղ, որ իրենց ձայնը լսելի դարձնեն»:

Դավաճանության ու հայրենիքի փրկության մասին երկկողմ հայտարարություններին ֆոնին՝ Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայությունը հաղորդեց, թե «Վագներ»-ի պետերբուգյան գրասենյակների հետախուզման ժամանակ փողով լի արկղեր է առգրավել, որոնց մեջ եղել է շուրջ 47 միլիոն դոլար: Պրիգոժինը պնդում է, թե այդ գումարը նախատեսված էր վարձկաններին աշխատավարձ վճարելու, նրանց ծախսերը հոգալու համար: Սանկտ Պետերբուրգից բացի, իրավապահները հատուկ գործողություններ են իրականացնում նաև Մոսկվայում ու մերձմոսկովյան շրջաններում:

Ռոսկոմնադզորն արդեն զգուշացրել է, որ հակաահաբեկչական գործողությունների ժամանակ ինտերնետ կապը կարող է սահմանափակվել: Թե ինչով կավարտվի արդեն մոտ տասներկու ժամ շարունակվող խռովությունը, հստակ չէ, սակայն վերլուծաբանները փաստում են, որ սա ամենաուժգին հարվածն է Պուտինի ավելի քան երկու տասնամյակ շարունակվող կառավարման դեմ:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG