Պաշտոնական Երևանը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում մայիսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հնչեցված հայտարարություններին, պնդելով, թե դրանք «միտված են վիժեցնելու Հայաստանի Հանրապետության ու միջազգային գործընկերների ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը»:
Ադրբեջանի նախագահը երեկ Լաչինում բնակիչների հետ հանդիպմանը մի շարք սպառնալից հայտարարություններ է արել։ Մասնավորապես, նա պնդել է, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց բացի, Հայաստանը պետք է կատարի Ադրբեջանի մի քանի այլ նախապայմաններ, այդ թվում՝ երկրների միջև սահմանազատումը պետք է տեղի ունենա Ադրբեջանի պայմանների հիման վրա։
«Ի հեճուկս ՄԱԿ-ի կանոնադրությանը, 2022թ․ հոկտեմբերի 31-ին Սոչիի եռակողմ հայտարարությամբ ստանձնած ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից հրաժարվելու գրավոր հանձնառությանը, այլ հարթակներում բազմիցս ստանձնած նույնպիսի բանավոր պարտավորություններին, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ ընթացող բանակցություններին՝ Ադրբեջանի նախագահը Հայաստանի Հանրապետությանը կրկին սպառնում է ուժի կիրառմամբ, իսկ ԼՂ բնակչությանը՝ էթնիկ զտումներով», - ասված է հաղորդագրությունում:
Հայաստանի արտգործնախարարությունը նշում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է ոտնահարել ու անտեսել ինչպես նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունները, այդ թվում՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, այնպես էլ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները. «Նշյալի վկայությունն է նախագահ Ալիևի խոսքերն առ այն, որ վերահսկելով Լաչինի միջանցքը` Ադրբեջանը խափանել է ԼՂ ու Հայաստանի միջև կապը: Ավելին, նույն համատեքստում վերջինս անթաքույց կերպով սպառնում է էթնիկ զտումներ իրականացնել, եթե ԼՂ հայերը «դասեր չքաղեն» Լաչինի միջանցքի արգելափակումից»:
«Ցավոք, ձեռքբերված պայմանավորվածությունների և հանձնառությունների խախտումներն այսքանով չեն սահմանափակվում: Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ միջազգային մեխանիզմի շրջանակներում երկխոսություն սկսելու փոխարեն՝ Ադրբեջանի նախագահը վերջիններիս սպառնում է հաշվեհարդարով և քրեական հետապնդմամբ: Միաժամանակ, ի ցույց է դրվում, որ Ադրբեջանը ոչ թե ցանկանում է հասցեագրել առկա խնդիրները, այլ առաջ շարժվել «չկան ԼՂ հայեր, չկա ԼՂ հիմնախնդիր» սկզբունքով: Նման գործելաոճը հակասում է նաև ընթացիկ բանակցությունների տրամաբանությանը, այդ թվում` միջնորդական առաքելություն իրականացնող դերակատարների՝ կարգավորման վերաբերյալ մոտեցումներին», - ասված է հաղորդագրությունում:
Հայկական արտաքին քաղաքական գերատեսչությունն ընդգծում է՝ «աներկբա է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը չի կարող մեկնաբանվել որպես ԼՂ բնակչության դեմ էթնիկ զտումներ իրականացնելու իրավասություն»:
Հայաստանը միջազգային հանրության, այդ թվում՝ միջնորդական առաքելություն իրականացնող դերակատարների ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ «Ադրբեջանի նախագահն իր հայտարարությամբ հող է նախապատրաստում ԼՂ բնակչության դեմ հերթական ագրեսիվ գործողության և իրենց հայրենիքում ազատ, անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքից զրկելու համար»:
Ըստ հաղորդագրության, Իլհամ Ալիևը ոչ միայն ցեղասպան սպառնալիքներ է հնչեցնում ԼՂ բնակչության նկատմամբ, այլ նաև կասկածի տակ է դնում ՀՀ անկախությունը և տարածքային ամբողջականությունը:
«Փաստացիորեն, Ադրբեջանի նախագահը մարտահրավեր է նետում ամբողջ քաղաքակիրթ հանրությանը՝ սպառնալով ուժի կիրառմամբ օկուպացնել ՀՀ ինքնիշխան նոր տարածքներ: Ավելին, ընդգծվում է, որ նույնիսկ ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով չի կարող կանգնեցնել Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային պահանջները բավարարելու նկրտումները», - ընդգծում է ԱԳՆ-ն:
Պաշտոնական Երևանը հայտարարում է՝ Հայաստանը հաստատակամ է տարածաշրջանում խաղաղության հաստատման իր ընտրած ճանապարհին՝ նշելով. «Ցավոք սրտի, ինչպես երևում է Ադրբեջանի ղեկավարության ագրեսիվ հռետորաբանությունից և գործողություններից, այդ պետությունը խնդիրների լուծումը տեսնում է ոչ թե Ալմա-Աթայի հռչակագրով նախանշված սահմաններով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ճանաչման և Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության հասցեագրման, այլ սպառնալիքի և ռազմական ուժի գործադրման ճանապարհով»։
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարում է՝ նման զարգացումները կանխելու համար Հարավային Կովկասի խաղաղությամբ և կայունությամբ շահագրգիռ բոլոր գործընկերները պարտավոր են հանդես գալ միանշանակ և աներկբա գնահատականներով:
Ադրբեջանի նախագահի երեկ հնչեցրած հայտարարությունների արձագանքել է նաև Հայաստանի վարչապետը՝ նշելով, որ Ալիևի երեկվա հայտարարություներից հետո և' միջազգային գործընկերները, և' Բաքուն պետք է պարզաբանում տան։