Ադրբեջանի իշխանությունների և Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների միջև ուղիղ շփումներն այլընտրանք չունեն, այս մասին հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը News.am-ին տված մեկնաբանությունում:
«Բաքվի և Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների միջև ուղիղ և տեսանելի քննարկումների մեկնարկը ճիշտ ուղղությամբ քայլ է, և այն պետք է ողջունել: Ուղիղ շփումներն այլընտրանք չունեն, երբ խոսքը տարաձայնությունները հասցեագրելու մասին է, որը պետք է տեղի ունենա բացառապես բոլոր առնչվող շահագրգիռ կողմերի միջև բանակցությունների միջոցով»,- եվրոպացի դիվանագետի խոսքերն է մեջբերում լրատվամիջոցը։
Աղբյուրի համաձայն՝ Կլաարը շեշտել է, որ երկխոսությունը պետք է միտված լինի վստահության ձեւավորմանը, և ոչ թե առճակատումը բորբոքելուն:
«Բոլոր շահագրգիռ կողմերին կոչ ենք անում զերծ մնալ բացասական հռետորաբանությունից և կենտրոնանալ փոխզիջումային լուծումներ գտնելու վրա, որը կհասցեագրի բոլոր կողմերի ունեցած լեգիտիմ մտահոգությունները»,- ասել է Եվրամիության հատուկ բանագնացը։
Տոյվո Կլաարը, ըստ լրատվամիջոցի, նաև մտահոգություն է հայտնել հրադադարի խախտումների առնչությամբ և կոչ արել ամբողջությամբ վերականգնել Լաչինի միջանցքով երթևեկությունը: