«Սպասում ենք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման բանակցությունների շարունակությանը Քիշնևում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ», - Թվիթերում գրել է Եվրոպական խորհրդի նախագահը։
«Կարևոր է վերահաստատել միմյանց ինքիշխանությունը և տարածքային ամբողջականությունը ճանաչելու հարգանքը, ինչպես նաև առաջ ընթանալ սահմանի դելիմիտացիայի գործում, նաև նվազեցնել ռիսկերը սահմանամերձ շրջաններում», - գրել է Շառլ Միշելը։
Եվրոպական խորհրդի նախագահն ընդգծել է՝ «հիմա վճռական նշանակություն ունի Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայերի միջև երկխոսությունը՝ նրանց իրավունքների և անվտանգության շուրջ»:
«Կարևոր է զերծ մնալ առավելապաշտական դիրքորոշումներից և ձգտել երկխոսության», - գրել է Շառլ Միշելը՝ նկատելով՝ «ավելի քան 30-ամյա հակամարտությունից հետո վերքերը միանգամից չեն բուժվում։ Համարձակ որոշումներ են անհրաժեշտ»։
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հունիսի 1-ին Քիշնևում կլինեն՝ եվրոպական գագաթնաժողովի շրջանակներում։ Սպասվում է հնգակողմ հանդիպում Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Շառլ Միշելի և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ։ Ըստ Բաքվի՝ Քիշնևում կարող է խաղաղության պայմանագիր ստորագրվել։ Երևանն էլ հայտարարել է, որ Քիշնևում հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում խաղաղության պայմանագրի ստորագրումը ներառված չէ, իսկ համաձայնագրի շուրջ քննարկումները շարունակվում են։