Մատչելիության հղումներ

Ինչպես և ԱՄՆ-ում, ԵՄ-ում ևս կասկածելի են համարում նաև Հայաստանից Ռուսաստան արտահանման զգալի աճը


Նաև Հայաստանի միջոցով Ռուսաստան արգելված ապրանքներ հասցնելու վերաբերյալ ամերիկյան նախազգուշացումներից հետո հիմա էլ Եվրամիությունն է հայտարարում՝ դեպի Ռուսաստան արտահանման ծավալների զգալի աճը կասկածելի է։

«Առանձին համակարգերի բացերի շնորհիվ պատժամիջոցները շրջանցել ցանկացողները կարողանում են դա անել, առևտրի միջոցով պատժամիջոցները շրջանցելու որոշակի ձևեր կան», - նախօրեին հայտարարել է Եվրամիության տնտեսական հարցերով հանձնակատար Պաուլո Ջենտիլոնին։ Բարձրաստիճան պաշտոնյան մատնացույց է արել ԵՄ պետություններից մի շարք երկրներ և այդ պետություններից դեպի Ռուսաստան արտահանման զգալի աճը։ Ղազախստանի և Ղրղզստանի կողքին տվել է նաև Հայաստանի անունը։

Պաշտոնյան, սակայն, չի հստակեցրել, թե արգելված որ ապրանքների մասին է խոսքը։

«Ես ոչ մեկին մատնացույց չեն անում, բայց պարզ է», - ասել է Եվրամիության տնտեսական հարցերով հանձնակատարը։ Պաշտոնյան ընդգծել է՝ այս հարցը Եվրամիության մարտահրավերներից մեկն է։

Ըստ Euronews-ի՝ ռուս - ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո՝ 2022-ին ԵՄ անդամ պետություններից Հայաստան արտահանման ծավալները շուրջ 1.9 միլիարդ եվրո են կազմել, այնինչ նախապատերազմական 2021-ին այս ցուցանիշը 860 միլիոն էր։

Միևնույն ժամանակ, պաշտոնական տվյալներով՝ անցած տարի Հայաստանից Ռուսաստան արտահանումը 2021-ի համեմատ աճել է գրեթե 3 անգամ՝ գերազանցելով 4 միլիարդ դոլարը։ Օրինակ, եթե 2021-ի առաջին վեց ամիսներին Հայաստանից Ռուսաստան էր արտահանվել 745 հատ հեռախոս, մոդեմ, ապա 2022-ի նույն ժամանակահատվածում թիվը հասել է 53 հազարի։

Օգնո՞ւմ է արդյոք Հայաստանը Ռուսաստանին շրջանցել արևմտյան պատժամիջոցները։ Վերջին ամիսներին հաճախակի դարձած Արևմուտքի զգուշացումներին զուգահեռ, Հայաստանի իշխանությունները պարբերաբար հայտարարում են՝ Երևանը Մոսկվային չի օգնում շրջանցել պատժամիջոցները։

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը շեշտում է՝ բանավոր խոսքերից բացի հայկական կողմն իր այս պնդումը պետք է կարողանա փաստարկված, հստակ ներկայացնել Արևմուտքին:

«Բացատրել՝ նշանակում է փաստարկված, հաշվետվողականության և թափանցիկ ձևով ներկայացնել այդ ամենը, ինչը բանավոր կերպով ասվում է: Որևէ երկիր դուք պատկերացնո՞ւմ եք հարևան երկրներից, որ վեր կենան ասեն՝ «այո, մենք դիտավորյալ այդ սանկցիաները փորձում ենք խախտել, անցնել: Չեն ասի, բնականաբար, բոլորն էլ դա են ասում», - նշեց ընդդիմադիր պատգամավորը: - «Մեր պետությունը պետք է ուղիղ երկխոսություն վարի այդ երկրների հետ՝ բացատրելու համար, որ սա զուտ տնտեսական գործակցություն է, դա պետք է լինի մանրամասն փաստերով և ամենօրյա բնույթ կրի»:

Ավետիսյանի կարծիքով՝ Արևմուտքի նախազգուշացումները խոսում են այն մասին, որ կարող են նաև կոնկրետ քայլեր լինել՝ պատժամիջոցներ հայկական ընկերությունների նկատմամբ:

Պատժամիջոցները Հայաստանի կարմիր գիծն են, օրերս չեխական պարբերականներից մեկին տված հարցազրույցում ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուկրաինայի իրադարձություններից հետո բեռնափոխադրումների լոգիստիկ շղթաները պատռվել են կամ չեն գործում։ Շատ ապրանքներ, որոնք ուղղակիորեն մատակարարվում էին Ռուսաստան, այժմ այնտեղ են գնում Հայաստանի, Ղազախստանի և այլ երկրների միջոցով», - նշել է վարչապետը։

Փաշինյանը նշել է, որ պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների մասով Երևանը փորձում է հնարավորինս թափանցիկ լինել ու շեշտել, թե Երևանն այս հարցով համագործակցում է բոլոր կողմերի հետ:

«Այնտեղ, որտեղ ազատ տեղ կա, մենք ուրախությամբ բավարարում ենք ռուսական պահանջարկը։ Պատժամիջոցները մեր կարմիր գիծն են։ Եվ մենք դա շատ հստակ ասում ենք ռուսներին. մենք չենք ուզում ձեզ վնասել, բայց մենք չենք կարող մեզ թույլ տալ ինքներս հայտնվել պատժամիջոցների տակ», - հայտարարել է Հայաստանի վարչապետը:

XS
SM
MD
LG