Մատչելիության հղումներ

Իրավիճակը հարաբերականորեն կայուն է, այս պահին կրակոցներ չկան. ՊՆ փոխնախարար


Երասխի հատվածում իրավիճակը հարաբերականորեն կայուն է, այս պահին որևէ զինատեսակից կրակոցներ չկան, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Պաշտպանության փոխնախարարը:

Փոխնախարարն ընդգծեց՝ սա չի նպաստում բանակցային գործընթացի դրական ընթացքին և բացասական հետևանքներ է առաջացնում:

«Չեմ կարող ասել՝ լայնածավալ գործողությունների վերածվելու, թե ինչ-որ լրացուցիչ էսկալացիայի ուղղված քայլեր են իրականցվում, բայց որ սա չի նպաստում բանակցային գործընթացի դրական ընթացքին և բացասական հետևանքներ է առաջացնում ու վնասում է այդ գործընթացը, դա ակներև է: Բայց որպես կանոն նմանատիպ դեպքերում որոշակի էսկալացիայի հող նախապատրաստելուց հետո ձեռագիրը կարծես թե նույնն է, և նորից շարունակում են փոքր-փոքր լոկալ էսպես խնդիրներ ստեղծել», - ընդգծեց նա:

«Ազատության» հարցին՝ ադրբեջանցիները Երասխում առաջ գալու միտում ունեցե՞լ են, ՊՆ պաշտոնյան պատասխանեց. - «Ես այստեղ եմ եղել, մանրամասներին չեմ տիրապետում, բայց կարող եմ ասել, որ ըստ իմ ունեցած տեղեկությունների, դրանք կրակոցներ են հեռահար և առաջխաղացման որևէ քայլ տեղի չի ունեցել: Ամեն դեպքում վստահ, որ մեր զինված ուժերը և յուրային ստորաբաժանումները անհրաժեշտության դեպքում համարժեք պատասխան տալիս են ու կտան, սակայն ցանկալի չէ սրել, ցանկալի չէ նման քայլեր ձեռնարկել: Եվ մենք հույս ունենք, որ այս ապակառուցողական մոտեցումն ադրբեջանական զինված ուժերի և այդ շրջանակների կողմից վերջ կունենա»:

Հայաստանի ռազմական գերատեսչությունն այսօր ավելի վաղ հայտնել է, որ Ադրբեջանի զինուժը կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել օտարերկրյա երկու քաղաքացի: Ըստ ՊՆ-ի, վիրավորում ստացած անձինք գործարանի կառուցման շինարարական աշխատանքներում ներգրավված Հնդկաստանի քաղաքացիներ Մուհամադ Ասիֆը և Միրհասան Սահաջանն են:

«Թիրախավորել են կոնկրետ այդ քաղաքացիներին, թե՞ տվյալ գործարանը կամ ինչ-որ տեխնիկա, դրա արդյունքում վնասվել են այդ քաղաքացիները, դա կպարզվի հետագայում, որի մասին, կարծում եմ, մենք լրացուցիչ հաղորդագրությամբ հանդես կգանք», - նշեց ՊՆ պաշտոնյան:

Նախիջևանի սահմանից 800 մետրի վրա՝ Երասխ գյուղի Բարեկամության փողոցում մետալուրգիական գործարանի շինարարություն է սկսվել, և սա «խիստ անհանգստացրել է» Ադրբեջանի բնապահպանության նախարարությանը։ Բաքուն պնդել էր, թե «առանց այդ գործունեությունը Ադրբեջանի հետ համաձայնեցնելու» Հայաստանը խախտում է միջազգային բնապահպանական չափանիշները։

XS
SM
MD
LG