Մոսկվայում՝ փոխվարչապետերի հանդիպմանը Հայաստանը չի պատրաստվում քննարկել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարց, եթե կասկածի տակ առնվի Հայաստանի ինքնիշխանությունը ճանապարհի նկատմամբ, «Ազատության» հարցին ի պատասխան այսօր հայտարարում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների վերջին բանակցություններից հետո հայտարարվեց, որ Մոսկվայում այս շաբաթ կհանդիպեն փոխվարչապետերը՝ քննարկելու տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը։ Գրիգորյանն ասաց, որ այս պահի դրությամբ ծրագրում է մասնակցել նիստին, բայց կոնկրետ օր չնշեց:
«Դա կարմիր գիծ է, չի քննարկվելու նման հարց: Ես չեմ կարծում, որ տվյալ պարագայում կկազմակերպվեր եռակողմ հանդիպում և նորից այդ հարցը կբարձրացվեր, որովհետև առնվազն դա անիմաստ է, որովհետև մենք չենք քննարկի նման հարց», - ընդգծեց Գրիգորյանը:
Անցած շաբաթ Մոսկվայում «Զանգեզուրի միջանցքի» մասին Ադրբեջանի նախագահի հայտարարությունը բուռն բանավեճի առիթ տվեց: Վարչապետ Փաշինյանը դա որակեց տարածքային նկրտում Հայաստանի նկատմամբ։ Ալիևի հայտարարություններն ու վարչապետ Փաշինյանի մոսկովյան հակադարձումներն արդյոք նշանակո՞ւմ են, որ Ադրբեջանը շարունակում է պահանջել Զանգեզուրի միջանցք, հարցին փոխվարչապետն արձագանքեց՝ նման քննարկումը բացառված է։
Այնուհանդերձ, Մհեր Գրիգորյանի այսօրվա խոսքից պարզ է դառնում, որ ապաշրջափակման բանակցություններում չկա կոնսենսուս, որ ենթակառուցվածքները լինելու են Հայաստանի իրավազորության ներքո
«Շատ դեպքերում հայտարարվել է որպես տրանսպորտային միջանցք, ինչը միջազգային պրակտիկայում ընդունված տերմին է, բայց նաև շատ դեպքերում էլ ընդգծվել է միջանցք, ես կարծում եմ, այլ վերաբերմունք կամ ցանկություն ունենալու տեսանկյունից, և մենք մշտապես այդ երկրորդ տարբերակի հետ կապված տվել ենք մեր պաշտոնական դիրքորոշումը, որ դա ուղղակի բացառված է: Տրանսպորտային հաղորդակցության մասին մենք միշտ պատրաստ ենք խոսել, միջանցքների մասին, եթե ենթադրվում է այդ տերմինի տակ հատուկ ռեժիմ, ոչ, չենք քննարկելու նման հարց», - ասաց Մհեր Գրիգորյանը:
Ղեկավարների մոսկովյան հանդիպմանը որևէ փաստաթղթի ստորագրում չհաջորդեց, չնայած «Կոմերսանտ»-ը, մինչև եռակողմ բանակցությունները, երկու փաստաթղթի մասին էր գրել։ Ռուսաստանյան պարբերականի տեղեկություններով՝ ղեկավարների հերթական հայտարարությունից զատ ծրագրվում էր նաև Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը վերաբերող փաստաթղթի ստորագրում։
Պուտին-Փաշինյան- Ալիև հանդիպումից հետո էլ Հայաստանի կառավարությունը տեղեկացրել էր, որ քննարկումները միայն մեկ հարցի շուրջ են եղել՝ տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման։
Ռուսաստանի նախագահն էլ պնդել էր, թե ապաշրջափակման շուրջ տարաձայնությունները տեխնիկական հարցերին են վերաբերում։ Պուտինի ասած անհամաձայնությունները կոնկրետ ինչի՞ն են վերաբերում, փոխվարչապետը չմանրամասնեց։ Միայն դարձյալ շեշտեց՝ Հայաստանը պատրաստ է ապաշրջափակման 2 սկզբունքով՝ ենթակառուցվածքները պետք է լինեն սուվերեն ու դրանց վրա պետք է ամբողջությամբ տարածվի ՀՀ իրավազորությունը։
«Էդ սկզբունքների շրջանակներում մենք միշտ պատրաստ ենք եղել ապաշրջափակմանը, ինչն, իմ կարծիքով, կարևոր նշանակություն ունի նաև Հայաստանի Հանրապետության համար», - նշեց Գրիգորյանը:
Չնայած նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն ապաշրջափակումը վերաբերում էր տարածաշրջանում տրանսպորտային բոլոր կապերին, վերջին շրջանում շեշտվում է հատկապես Ադրբեջանը իր էքսկլավին՝ Նախիջևանին կապող երկաթուղու վերագործարկման հնարավորությունը։ Ո՞րն է խնդիրը, որ ավտոճանապարհների ապաշրջափակման մասին խոսք չկա։ Մհեր Գրիգորյանը ասում էր՝ երկաթուղին ավելի արդյունավետ է։
«Այն հանգամանքը, որ մենք ուզում ենք լուծումներ, որոնք տարածաշրջանում Հայաստանի դերը որպես լոգիստիկ հանգույց կամրապնդեն և կամրացնեն, այդ տարբերակն այս պահին ամենահավանականն է թվում», - ասաց փոխվարչապետը:
Ի՞նչ ժամկետներում կարող է երկաթուղին գործարկվել, հայկական կողմում դեռ շինարարություն չի սկսվել. - «Շատ նախնական, տևողությունը կարող լինել մոտ 2-3 տարի, այսինքն վերականգնումը: Ո՞նց կընթանան բանակցությունները և ի՞նչ ժամկետներում կհաջողվի կոնսենսուս ունենալ, որպեսզի վերջնականապես ամրագրենք, որ խոսքը վերաբերում է ենթակառուցվածքներին, որոնք լինելու են Հայաստանի իրավազորության ներքո և լինելու են ինքնիշխան Հայաստանի ինքնիշխան ենթակառուցվածքներ, այդ պահից սկսած, կարծում եմ, մնացյալ բոլոր քննարկումները տեխնիկական բնույթի են»:
Փոխվարչապետը ձեռնպահ մնաց մեկնաբանել Ադրբեջանի նախագահի սպառնալից հայտարարությունները։ Արցախցիներին նախազգուշացնելուց զատ նախօրեին Ալիևը նաև վերջնագրերով էր խոսել Երևանի հետ, թե սահմանազատումը պետք է տեղի ունենա Ադրբեջանի պայմաններով։
Սահմանազատման հայկական ու ադրբեջանական հանձնաժողովները վերջին անգամ հանդիպել են յոթ ամիս առաջ՝ անցած նոյեմբերին։ Մհեր Գրիգորյանն ասաց՝ նոր հանդիպման մասին պայմանավորվածություն չկա։