Մատչելիության հղումներ

Էրդողան. «Կիպրոսի բանակցությունների համար հարկ է ճանաչել Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը»


Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Էրսին Թաթարը, Նիկոսիայի Լեֆկոշայի շրջան, 12 հունիսի, 2023թ.
Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Էրսին Թաթարը, Նիկոսիայի Լեֆկոշայի շրջան, 12 հունիսի, 2023թ.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան հետագայում էլ ամենայն վճռականությամբ պաշտպանելու է և՛ Թուրքիայի, և՛ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության շահերը:

Այդ մասին նա ասել է Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի հյուսիսային շրջանում, որը թուրքերն անվանում են «Լեֆկոշա» և իրենց մայրաքաղաքն են համարում:

Էրդողանի խոսքով, թուրքերը երբեք փոքրամասնություն չեն եղել Կիպրոսում և չեն էլ լինի, հետևաբար, չարժե անտեսել իրականությունը և երազել կղզու միացյալ ինքնիշխանության մասին:

«Ավելի քան կես դար է մսխվել Կիպրոսի հունական մասի անզիջում դիրքորոշման պատճառով, ոչ ոք թույլ չի տա ևս 50 տարվա կորուստ: Կիպրոսի հարցով բանակցությունները վերսկսելու համար պետք է ճանաչել Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը»,- հայտարարել է Էրդողանը:

Նրա խոսքով, թուրքերը մշտապես ցանկացել են կառուցողական դիրքորոշում դրսևորել և արդյունքի են ձգտել Կիպրոսի շուրջ երկխոսությունում:

Միայն Անկարայի կողմից ճանաչված այդ կազմավորման նախագահ Էրսին Թաթարն, իր հերթին, ասել է, որ Լեֆկոշան վճռական է ընտրած ճանապարհով առաջ գնալու հարցում:

«Մեր թիկունքում համաշխարհային հսկա Թուրքիան է, Թուրքական Հանրապետության նախագահը»,- հայտարարել է Էրսինը:

Էրդողանն, ավանդույթի համաձայն, ընտրվելուց հետո արտասահմանյան առաջին այցերը կատարում է «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն» և Ադրբեջան: Այսօր երեկոյան նա պետք է հասնի Բաքու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG