Մատչելիության հղումներ

Վաշինգտոնյան բանակցությունները հետաձգվեցին «Թուրքիայի նախագահի՝ Բաքու այցի պատճառով»


Հունիսի 12-ի վաշինգտոնյան բանակցությունները հետաձգվեցին ոչ թե հակասությունների, այլ Թուրքիայի նախագահի՝ Բաքու այցի պատճառով, «Ազատության» հարցին ի պատասխան, նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Իմ ընկալմամբ, երբ համադրում եմ փաստերը, իսկ ադրբեջանական կողմը, առատաձեռն է, չակերտավոր իմաստով, հայտարարությունների և ագրեսիվ պահվածքով, ես ենթադրում եմ, որ Թուրքիայի նորընտիր նախագահը ժամանել է Բաքու, պատճառը հետաձգման, ըստ իս, դա է», - ասաց Սիմոնյանը։

Ճշտող հարցին, թե հակասությունները չէի՞ն կարող լինել հետաձգման պատճառ, ԱԺ նախագահը պատասխանեց՝ հակասությունները չէին կարող լինել, որովհետև պրոցեսը չի կանգնել, պրոցեսը շարունակվում է և ոչ միայն մեկ հարթակի մակարդակով։ «Նման տենդենց ես չեմ տեսնում», - ասաց ԱԺ խոսնակը։

Իսկ, թե երբ կշարունակվեն վաշինգտոնյան բանակցությունները, Ալեն Սիմոնյանը չհստակեցրեց․ - «Ենթադրում եմ՝ մոտ ապագայում»։

Հունիսի 12-ին Վաշինգտոնում նախատեսված էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում։ Հանդիպումից չորս օր առաջ Հայաստանի արտգործնախարարությունը, սակայն, տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմի խնդրանքով՝ Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է։ Ինչքան ժամանակով՝ անհայտ է։ «Թուրան» գործակալությունը նշել էր, որ հետաձգման պատճառը բացառապես գրաֆիկն ու լոգիստիկան է՝ առանց մանրամասնելու։

Խաղաղության պայմանագրի շուրջ կան կետեր, որոնք կողմերի միջև համաձայնեցված չեն․ Բաքուն մերժում է միջազգային մեխանիզմի ներքո Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը։ Բանակցությունների հերթական փուլից առաջ Բաքուն երեք նոր պահանջ ներկայացրեց՝ հարաբերությունների կարգավորման համար հիմնական խոչընդոտ համարելով «Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում Հայաստանի անօրինական ռազմական ներկայությունը, Բաքվի և Ղարաբաղի հայ բնակչության միջև երկխոսության խոչընդոտումն ու Ադրբեջանի ներքին գործերին Երևանի միջամտությունը»։ Բացի այդ՝ հայկական ու ադրբեջանական կողմերը գրեթե ամեն օր հրադադարը խախտելու մեղադրանքներ են փոխանակում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG