Անմիջական ասել, թե ինչ կապ կարող է լինել քաղաքական գործընթացների և Վաշինգտոնում արտգործնախարարների հունիսի 12-ին նախատեսված հանդիպման հետաձգման միջև, ըստ քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի, դժվար է ասել, որովհետև, ինչպես Բադալյանն ասաց, ստույգ ինֆորմացիա չկա և մանրամասներ հայտնի չեն։
Վաշինգտոնյան բանակցության հերթական փուլին ընդառաջ առավել ակնառու դարձան կողմերի միջև տարաձայնությունները, միևնույն ժամանակ նկատեց Բադալյանը՝ վկայակոչելով Բաքվի կոշտ հայտարարությունները սահմանազատման և սահմանագծման գործընթացի հետ կապված, ինչպես նաև մայիսի 28-ին Ալիևի ելույթը, որը, քաղաքական մեկնաբանի գնահատմամբ, փաստացի վերջնագիր էր Արցախի ղեկավարության և ժողովրդի հանդեպ։
Ալիևը մայիսի 28-ին Լաչինում մի շարք սպառնալից հայտարարություններ արեց։ Մասնավորապես, նա պնդեց, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց բացի, Հայաստանը պետք է կատարի Ադրբեջանի մի քանի այլ նախապայմաններ, այդ թվում՝ երկրների միջև սահմանազատումը պետք է տեղի ունենա Ադրբեջանի պայմանների հիման վրա, «խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի միջազգային պայմանների վրա, պետք է բացվի Նախիջևան տանող ճանապարհը, և հայկական զորքը պետք է դուրս գա Արցախից»։
Դիմելով արցախահայերին՝ ադրբեջանական պետության ղեկավարը պնդեց՝ «Ղարաբաղի հայերին մնում է մեկ ճանապարհ՝ աղբարկղը նետել կեղծ «պետական ատրիբուտները», լուծարել խորհրդարանը և ենթարկվել Ադրբեջանի օրենքներին»։
«Էս հանգամանքներն առնվազն ցույց էին տալիս, որ վաշինգտոնյան երկու փուլերի միջև, գոնե հրապարակավ, նկատվում է ոչ թե կողմերի դիրքորոշումների ավելի մոտեցում կամ համաձայնության տրամադրվածություն, այլ հակառակը՝ Բաքուն սկսեց խոսել ավելի կոշտ լեզվով, և դրան զուգահեռ նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարության էդ շարունակական ապատեղեկատվությունը, թե հայկական ուժերն իբրև թե խախտում են հրադադարը։ Ահա այս միջավայրը թույլ է տալիս ասելու, որ վաշինգտոնյան բանակցությանն ընդառաջ, կարծես թե, չկային էդ բանակցության արդյունավետության, առաջընթացի հավանականության նախադրյալներ», - ասաց Բադալյանը։
Դիտարկմանը, թե նախորդ տարեվերջին հայտարարվեց բրյուսելյան բանակցությունների մասին և ի վերջո դրանք այդպես էլ չկայացան և հարցին, թե սա էլ հնարավո՞ր է, որ դառնա հերթական փակուղային փուլը, թե՞ զուտ հետաձգման մասին է խոսքը և ոչ թե չեղարկման, Բադալյանը պատասխանեց․ - «Ի տարբերություն Բրյուսելի, Վաշինգտոնն իհարկե շատ ավելի զորեղ խաղացող է, այսպես ասած, և հազիվ թե Վաշինգտոնի նախանձախնդրության պարագայում կողմերից որևէ մեկը փորձի անընդհատ մերժել Վաշինգտոնի բանակցային նախաձեռնությունները, եթե, կրկնեմ, այստեղ գործ չունենք իսկապես տեխնիկական պատճառների հետ, այլ կան քաղաքական որոշակի հանգամանքներ և գործոններ»։
Հայաստանի արտաքին գերատեսչությունը երեկ հաստատեց՝ հաջորդ շաբաթ Վաշինգտոնում նախատեսվող արտգործնախարարների քննարկումների հերթական փուլը հետաձգվում է։ Ինչքան ժամանակով՝ անհայտ է, պատճառն էլ չեն բացահայտում։ Հանդիպումը հետաձգվել է ադրբեջանական կողմի խնդրանքով։ Նոր ժամկետներ, սակայն, Արտգործնախարարությունը չի նշել՝ խոստանալով ավելի ուշ անել դա։ Պաշտոնական Բաքուն չի հերքել, որ իրենք են հետաձգման նախաձեռնողը, բայց էլի պատճառների ու նոր ժամկետների մասին արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն չի խոսել։